22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը լարվածության նոր օջախներ է ստեղծում: Հիասթափությունը մեծ է. 168 Ժամ

Քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում անցումային արդարադատության իրականացմանը: Թե դա ինչ հետևանք կունենա տնտեսության վրա, առայժմ գնահատականներ չկան: Թեև փորձը ցույց է տալիս, որ անցումային արդարադատությունն ամենևին էլ համատեղելի չէ տնտեսության մեջ ներդրումների ներգրավման հետ: Նման իրավիճակներում ներդրողները խուսափում են ներդրումներ անելուց:

Սա լուրջ խնդիր է Հայաստանի տնտեսության համար: Ու դեռ մեծ հարց է՝ անցումային արդարադա­տությո՞ւնն է ավելի կարևոր, թե՞ ներդրումները: Ունի՞ այս հարցի պատասխանը քաղաքական իշ­խանությունը, թե ոչ, հայտնի չէ: Փաստն այն է, որ տնտեսությունը տուժում է ներդրումների պակասից: Օտարերկրյա կապիտալն անգամ իշխանափոխությունից մեկ տարի անց մոտ չի գալիս հռչակված տն­տեսական հեղափոխությանը:

Սա իրականում սկսել է ան­հանգստացնե՞լ ժամանակին Հա­յաստանի տնտեսությանը ներդրումային բում խոստացած Նիկոլ Փաշինյանին, թե նա հերթական անգամ փորձում է այդ գործոնը պատրվակ դարձնել իր քաղաքա­կան նպատակներին հասնելու հա­մար, դժվար է ասել: Մի բան ամեն դեպքում ակնհայտ է՝ այն, ինչ անում է քաղաքական իշխանու­թյունը, ամենևին էլ ներդրումների օգտին չէ: Զարմանալի է, որ այդքանից հետո վարչապետը Հայաս­տանի տնտեսության ամենամեծ մարտահրավերը համարում է օտարերկրյա ներդրումները:«Ամենամեծ մարտահրավերը, որ այսօր ունենք տնտեսությունում, իհարկե, օտարերկրյա ներդրում­ներն են: Մենք ամեն ինչ անում ենք՝ մեր երկիրն օտարերկրյա ներդ­րումների համար առավել գրավիչ դարձնելու համար»,- Հայաստանում հավատարմագրված դիվանա­գիտական կորպուսի ներկայացու­ցիչների հետ հանդիպման ժամա­նակ հայտարարեց վարչապետը:

Թե անցած մեկ տարում ինչ է արել քաղաքական իշխանությունը Հայաստանն արտաքին կապիտա­լի համար գրավիչ դարձնելու նպատակով, հայտնի իրողություն է. իշխանափոխությունից հետո տնտեսական հատվածի մասնա­կիցները, այդ թվում՝ օտարերկրյա կապիտալով ընկերությունները, մշտապես գտնվել են լարվածու­թյան մեջ: Ու եթե այսօր Հայաստա­նի տնտեսության ամենամեծ մար­տահրավերը ներդրումներն են, ապա անկումային արդարադա­տությունը չէ, որ պետք է փրկի իրավիճակը: Ներդրումների չլինե­լու պատճառները բոլորովին այլ տեղ են:

Վարչապետը դրանք պետք է փնտրի առաջին հերթին իր գործողությունների մեջ, որոնք թելադրված են ոչ այնքան տնտե­սական, որքան քաղաքական նպատակահարմարություններով: Իհարկե, դա էլ հասկանալի է. այ­սօր Նիկոլ Փաշինյանի վիճակը նախանձելի չէ: Նրա գլխավորած կառավարությանը չի հաջողվում ոչ մի ոլորտում բեկում մտցնել: Իշխանափոխությունից մեկ տարի հետո դժվար է նշել որևէ բնագա­վառ, որտեղ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել: Կիսատ-պռատ ինչ-ինչ քայլեր գուցե կատարվել են, բայց դրանց արդյունքները շատ հեռու են բավարար լինելուց: Այդպես էլ չեն իրականանում այն ակնկալիքները, որոնք կային մեկ տարի առաջ:

Մարդիկ գնալով հի­սաթափվում են, ինչն էլ ստիպում է քաղաքական իշխանությանն անընդհատ լարվածության նոր օջախներ ստեղծել: Այդ ամենը եր­բեմն հասնում է ծայրահեղության՝ լուրջ սպառնալիքներ ստեղծելով անգամ ազգային անվտանգության համար: Ինչպես միշտ, խաղարկ­վում է նախորդ իշխանությունների նկատմամբ առկա ատելությունը: Իսկ թե դա ի՞նչ է տալիս հասարա­կությանը, դժվար չէ պատկերացնել: Իշխանափոխությունից հետո քաղաքացիներն իրական կյան­քում փոփոխություններ գրեթե չեն զգում: Փոխարենը՝ նրանք տես­նում են, թե ինչպես է հեղափոխու­թյան արդյունքները վայելում վարչապետի շրջապատը:

Այդ ամենը սկսել է հիասթափեց­նել մարդկանց, ովքեր ժամանակին պատրաստ էին ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանին վարչապետ կար­գելու համար: Ու դա զարմանալի չէր. հասարակության մի ստվար հատված նրա հետ էր կապում երկրի զարգացումն ու իրենց սոցիա­լական վիճակի բարելավումը: Թերևս այդ ակնկալիքով էլ հեղափոխության առաջնորդին կարգե­ցին վարչապետ, իսկ նրա գլխավո­րած քաղաքական թիմը շատ արագ վերցրեց գործադիր և օրենսդիր իշխանության լծակները»։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ