Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր հրաժարականի պատճառները
ՀՀ Բարձրագուն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և վստահություն հայտնել, որ այսուհետ բավարար ժամանակ կունենա՝ հատկապես միջազգային մասնագիտական գործունեության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար: Գագիկ Հարությունյանի հրաժարականի տեքստում, մասնավորապես, ասված է.
«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և խորհրդի անդամի կարգավիճակներում:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով իմ լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից համարեք դադարած:
Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետությանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացման գործում:
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներին տարիներով կուտակ ասելիքս կներկայացնեմ հաջորդիվ:
Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միջազգային մասնագիտական գործունեության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի:
Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»: