Եթե դուք Թուրքիայում ասեք “1915-ի դեպքերը ցեղասպանություն են”, ձեր նկատմամբ հետաքննություն չի իրականացվի. Դավութօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դանիացի պաշտոնակից Մարտին Լիդեգարդի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խստորեն քննադատել է «Fredoom House»-ի Թուրքիայի մասին զեկույցը, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ Դավութօղլուի` այդ զեկույցում արտացոլված չեն Թուրքիայում առկա իրողությունները: Մասնավորապես կենտրոնանալով մամուլի ազատության խնդրի վրա` Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայում բանտարկված է ոչ թե 44 լրագրող (ինչպես նշված է «Fredoom House»-ի զեկույցում), այլ` 5 լրագրող, որոնք ազատազրկվել են իրենց մասնագիտական աշխատանքի հետ չառնչվող օրինախախտության համար:
Դավութօղլուն այնուհետև անդրադարձել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող այն օրենքի ու օրինագծի թեմային, որոնք կան Շվեյցարիայում և Ֆրանսիայում:
«Դուք եկեք մեզ մոտ (Թուրքիա)»: Ու եթե մամուլի ասուլիսի ժամանակ ասեք «1915-ի դեպքերը ցեղասպանություն են», ես էլ ասեմ «Ոչ, այդպես չէ», ոչ ձեր, ոչ իմ նկատմամբ հետաքննություն չի իրականացվի: Բայց ահա ես կամ մեկ այլ թուրք կարո՞ղ է առանց հետևանքի Ցյուրիխում ասել «1915-ի դեպքերը ցեղասպանություն չեն»: Խոսքի ազատություն կա՞ ձեզ մոտ, կարո՞ղ եք երաշխավորել: Մինչդեռ Թուրքիայում ամեն բան կարելի է քննարկել, ամեն տեսակ քաղաքական հայացք մեջտեղ բերել, ամեն տեսակ արշավ ձեռնարկել»,- ասել է Դավութօղլուն` «Fredoom House»-ի զեկույցը համարելով ոչ օբյեկտիվ:
Նշենք, որ Թուրքիայի ու Դանիայի միջև ապրանքաշրջանառությունն այժմ կազմում է 1 մլրդ 800 մլն դոլար: Վերջին մեկ տարում Դանիան Թուրքիայում 300 մլն դոլարի ներդրում է կատարել: Կողմերը մտադիր են խորացնել և զարգացնել համագործակցությունը: