Դավիթ Տոնոյանը «լվանում է ձեռքերը» Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունից. Փաստ
Թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում նշել էր, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջ օրն անցկացրել էր պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ՝ ունենալով փակ ֆորմատի մի քանի քննարկումներ: Արդեն նախօրեին Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցում բացառեց այն հանգամանքը, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչի մասին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարարն ասել է. «Ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստանում հնարավոր չեն դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»:
Փաստացի Տոնոյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ նա համաձայն չէ Փաշինյանի հետ, թե հնարավոր է՝ որոշ ուժեր բանակը ներքաշեն, այսպես կոչված, «դավադիր խաղերի մեջ» և օգտագործեն հակահեղափոխության նպատակներով: Շատ կարևոր է, որ մեր երկրի պաշտպանական կառույցի ղեկավարը նման հստակ հայտարարությամբ հանդես եկավ: Ըստ էության, իրեն հարգող պաշտպանության նախարարը չէր էլ կարող նման հայտարարություն չանել, որովհետև հակառակ պարագայում կստացվեր, որ մենք իրականում բանակ չունենք:
Ի վերջո, եթե տարբեր ուժեր կարողանային օգտագործել ԶՈւ-ն և տարածքներ կամ շրջաններ հանձնելու մտադրություն ունենային, կստացվեր, որ մենք ոչ բանակ ունենք, ոչ անվտանգության մարմիններ, ոչ պետություն, ոչ էլ պետականություն: Հուսանք, որ Դավիթ Տոնոյանին կհաջողվի իր հայտարարությամբ կանխել խորացող անորոշությունն ու վակուումը:
Այս եւ այլ րապարակումներին անոթացեք թերթի այս համարում: