22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զավեշտալի է դառնում մասնագետներին մեղադրելն այս հարցում. հերթական ազատման դիմումը՝ Սոցապ նախարարությունում

Աշխատանքից ազատման դիմում է գրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության պետ Նունե Շահվերդյանը: Այս մասին տեղեկացնում է 168.am-ը:

Հրաժարականի դիմումը երեկ է դրվել նախարար Բաթոյանի սեղանին: Բաթոյանն, իհարկե, երախտիքի կանոնավոր խոսքեր է արտահայտել, բայց համենայն դեպս չի ընդդիմացել իր հետ աշխատել չցանկացող Շահվերդյանի դիմումին:

Առաջիկայում պարզ կդառնա, թե ո՞ւմ է տեսնում նախարարն այս պատասխանատու պաշտոնում, որքանո՞վ կհաջողվի նրան խուսափել քայլած թիմակիցների պարտադրած անհաջող կադրերից:

Նկատենք, որ ԲՍՓ պետի հրաժարականը համընկավ նախարարի կողմից Գլխավոր դատախազություն ուղարկված զինհաշմանդամների գործերի հետ:

Խոսքը՝ նախկին իշխանության օրոք զինհաշմանդամությունից զրկված մի խումբ անձանց մասին է: Նախարար Բաթոյանի մոտ կասկած է հարուցել այն, որ հեղափոխության օրերին ԲՍՓ-ի հսկողական փորձաքննության արդյունքում՝ հարյուրավոր զինհաշամանդամներ դուրս են մնացել ՊՆ-ի կողմից իրականացվող բնակարանային ծրագրի շահառուների ցանկից:

Նունե Շահվերդյանինց հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են այս դեպքերն առնչվում իր ներկայացրած հրաժարականի դիմումի հետ, և արդյո՞ք սա չի նշանակում, որ նա փորձում է խուսափել պատասխանատվությունից:

«Զարուհի Բաթոյանի հայտարարությունն իրականում հաջորդել է իմ գրած դիմումին: Ես չեմ խուսափել և չեմ խուսափի երբեք իմ գործունեության ընթացքում կատարված աշխատանքների պատասխանատվությունից: Նշեմ, որ զինհաշմանդամներին տրված խմբերի վերանայման գործընթացը սկսվել է հենց իմ պաշտոնավարման օրոք և դեռևս ընթացքի մեջ է:

Իսկ Գլխավոր դատախազությունն ընթացք չի տվել նախարարի մոտ կասկած հարուցած խնդրին: Արձագանքը եղել է այն, որ նախարարության կողմից ներկայացված փաստերով հանցակազմ չկա և զինհաշմանդամներին տրված խմբերի վերանայված գործընթացը դատախազությունը համարել է իրավաչափ: Իսկ ես հեռանում եմ համակարգից, որպեսզի վերադառնամ հարազատ միջավայր: Նախորդած 19 տարիներին, որպես ԲԳԹ դոցենտ, առողջապահական ոլորտում եմ աշխատանքս կատարել, հիմա ժամանակս լիովին կտրամադրեմ նաև դասախոսական սիրելի գործին»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց Նունե Շահվերդյանը:

ԲՍՓ-ից հեռացող ղեկավարը տարակուսած է, թե ինչպե՞ս կարելի է պետական համակարգի աշխատողին մեղադրել բյուջեի վատնումներ թույլ չտալու և դրանք կանխելու մեջ. «Ի վերջո, չմոռանանք՝ թեորետիկ իմաստով միշտ էլ հաշմանդամության խմբի սահմանումը խոցելի է համարվել։ Եվ եթե հաշմանդամության խումբ սահմանելիս կարելի է ունենալ շահադիտական նպատակ, քանի որ անձին տրվող կարգից բխում է սոցիալական երաշխիքներ, ապա ի՞նչ շահագրգռվածություն կարող էինք ունենալ այդ անձանց հաշմանդամության խմբից զրկելիս, այսինքն՝ այդ մարդկանց թոշակը կտրել ենք, որ մե՞նք ստանայինք, այո՞… այդ ինչպե՞ս… առնվազն զավեշտալի է դառնում մասնագետներին մեղադրելն այս հարցում»:

ԲՍՓ պետը վստահ է, որ զինհաշմանդամների վերանայված գործերում չկա ոչ մի խնդրահարույց կետ, որից կարող է իրավիճակը գլխիվայր շուռ գալ իրենց դեմ: Ավելին, ասում է՝ ժամանակին հանդուրժողաբար ենք մոտեցել և պետությունը դատի չի տվել կեղծված հիմքերով հաշմանդամ ճանաչած անձանցից գումարները հետ պաանջելու համար:

«Չմոռանանք, ժամանակին այդ մարդկանց հիմնական խմբի շահին ծառայել է նաև ԲՍՓ նախկին պետ Միքայել Վանյանը, որին 2012 թվին հեռացրեցին համակարգից՝ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից իրականացված լայնածավալ ստուգումների արդյունքում հայտնաբերված խոշոր չափերի չարաշահումների և կոռուպցիոն դրսևորումների համար»,-հիշեցրեց հեռացող պաշտոնյան:

 Սյուզի Բադոյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ