Ստիպված ենք այսքանը կրկնում, քանի որ կան մարդիկ, որոնց մի 15 անգամ էլ ասես՝ մեկ է, չի մտնում. Ռոբերտ Քոչարյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանն իր դիրքորոշումը ներկայացնելիս խոսեց Քոչարյանի խափանման միջոցի մասին։
Նա հիշեցրեց, որ նախաքննության սկզբնական փուլում, երբ նախկին նախագահի կալանքը փոփոխվել էր Վերաքննիչ դատարանի որոշմամբ և նա ազատության մեջ էր, 4 ամիս իր պաշտպանյալը որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը։
«Չկա որևէ արձանագրված կամ չարձանագրված դեպք, երբ պարոն Քոչարյանը խոչընդոտել է նախաքննությանը։ Եվ դա դեռ նախաքննության սկզբնական փուլում։ Ավելին՝ դատական նիստի ժամանակ քննիչը դատավորի ուղղակի հարցին պատասխանել է, որ մեղադրյալը չի խոչընդոտել քննությանը», – նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ասաց պաշտպան Օրբելյանը։
Փաստաբանը վկայակոչեց Նավալնիի, Տիմոշենկոյի ու Գուսինսկու վերաբերյալ ՄԻԵԴ նախադեպային որոշումները, որոնց համաձայն՝ կալանավորումը կլինի խտրական, ոչ օրինական և ապօրինի, եթե անձին կալանավորեն, որպեսզի նա չշփվի լրատվամիջոցների հետ։ Մինչդեռ, ըստ Օրբելյանի, նախաքննությունն իրականացրած քննիչը դատարանում խափանման միջոցի քննարկման ժամանակ բացահայտ հայտարարել է, որ պետք է կալանավորել, քանի որ պարոն Քոչարյանը շփվում է լրատվամիջոցների հետ։
«Ես հայտարարում եմ, որ պարոն Քոչարյանի ստրատեգիան է եղել՝ չխոչընդոտել քննությանը մինչև դատավարությունը և դատավարությունից հետո։ Եթե կան հստակ հանգամանքներ, ապա չի կարող եթերային, վերացական պնդումների վրա կատարվել կալանավորում։ Ցանկացած կալանավորում, որը կատարվում է ապագայի կանխատեսումների վրա՝ ստացվում է, որ անձին կալանավորում ենք որպես պատիժ», – ավելացրեց փաստաբանը։
Օրբելյանը նաև ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը փորձել է բուժման նպատակով գնալ Գերմանիա, սակայն նախաքննական մարմինն արգելել է, այն դեպքում, երբ դա կարող էր Քոչարյանն անել առանց քննիչի թույլտվությունն ստանալու։
«Բայց մենք հարցրել ենք, որովհետև հարգում ենք պետական մարմինները։ Մենք գտնում ենք, որ հիմքեր չկան պարոն Քոչարյանին կալանավորելու», – ավելացրեց փաստաբանը։
Դատավոր Դավիթ Գրիգորյանն արձագանքեց փաստաբանին՝ նկատելով, որ այդ մասին մանրամասն խոսել է մյուս փաստաբան Հայկ Ալումյանն իր ելույթում և պետք չէ կրկնել։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը անարձագանք չթողեց դատավորի հայտարարությունը և իր պաշտպանի քայլը փորձեց այսպես հիմնավորել.
«Ստիպված ենք դա անում, քանի որ կան մարդիկ, որոնց մի 15 անգամ էլ, որ ասես՝ մեկ է չի մտնում»։
Դատավորի մոտ Քոչարյանի հայտարարությունը ժպիտ առաջացրեց։
Բացի այդ, Արամ Օրբելյանն անդրադարձավ նաև նախագահի ինստիտուտի անձեռնմխելիության հարցին։ Նա ասաց, որ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում) չի կարող կիրառվել 2008թ.-ին տեղի ունեցող արարքի նկատմամբ, և առնվազն 300.1 հոդվածով նախատեսված մի շարք արարքներ չեն կարող քննվել այս դատարանում, քանի որ կա նախագահական անձեռնմխելիություն։
«Մենք ասում ենք, որ նախագահի ինստիտուտի, ոչ թե պարոն Քոչարյանի՝ որպես անձ, այլ ՀՀ նախագահի գործողությունները չեն կարող քրեական դատավարության շրջանակներում քննարկման առարկա դառնալ։ Սա բխում է իշխանությունների տարանջատման սկզբունքից։ Շատ պարզ է՝ եթե կա նախագահի ինստիտուտի գործողություն, ապա դա քննարկման առարկա չի կարող լինել», – նշեց Օրբելյանը։
Նա միաժամանակ, նկատեց՝ դա չի նշանակում, որ նախագահի ինստիտուտ կարող է անել այն՝ ինչ կամենա։ Դրա համար, ըստ փաստաբանի, կան հակակշիռներ՝ նախագահի որոշումները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում, Ազգային ժողովը դա կարող է քննարկել, չեղյալ համարել նախագահի որոշումները։
««7-ի գործով» ընդամենը ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատախազությունը փաստացիորեն հաստատել է՝ կա նոր հանցակազմ։ Այդ դեպքում եթե որպես նոր հանցակազմ դատախազությունը չի կիրառել 2008թ.-ին իրականացված գործողությունների նկատմամբ և 300 հոդվածի փոփոխությունն էլ այնպիսինն է եղել, որ բարելավել է վիճակը, արդյունքում «7-ի գործը» կարճվել է», – ասաց Օրբելյանը։ Նա նաև ուշադրություն հրավիրեց Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի մարտի 5-ի եզրակացությանը, որի հայերեն տարբերակը ըստ պաշտպանի՝ առկա է Ազգային ժողովի կայքում:
Այս փաստաթուղթը համապատասխանաբար ծնվել է, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի փաթեթը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք հայտնելու համար:
«Տվյալ փաստաթղթի 16-րդ կետը՝ 300.1 հոդվածին վերաբերող, ուղղակիորեն նախատեսում է՝ «այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ 300 հոդվածը, ամրագրելով առանձին հանցագորություն»: Նույնիսկ Վենետեիկի հանձնաժողովն է արձանագրել, որ սա առանձին հանցագործություն է: Չկա որևէ հիմք պնդելու, որ 300.1 հոդվածն ինչ-որ ձևով պոկվել և առանձնացել է 300 հոդվածից: Ո՛չ, դա առանձին հանցագործություն է, որովհետև երբ որ 300 հոդվածը սահմանափակել են կարիք է առաջացել համապատասխան դրույթի վրա ուշադրություն հրավիրել և ձևավորվել է նոր հանցակազմ: Նոր հանցակազմը Սահմանդրության 72 քրեական օրենքգրքի 12 հոդվածով չի կարող ունենալ հետադարձ ուժ՝ հակառակ դեպքում մենք կունենանք մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Դա երևի 1200 թվականերից նախատեսված իրավունք է. չկա օրենք՝ չկա հանցագործություն», – ասաց Արամ Օրբելյանը:
«Նոր Հայաստանում ամեն ինչ այլ է», – արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը։
Այդուհանդերձ, Օրբելյանը դատաանին միջնորդեց փոխել Քոչարյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան։