Սա պետք է դաս լինի Հայաստանի իշխանություններին. Արթուր Ղազինյան
Երեկ Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովում հրապարակված նկարը մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Նախ ցանկանում եմ հայտնել իմ դժգոհությունը գագաթաժողովի կազմակերպիչներին՝ նկարում Հայաստանի վարչապետին հատկացված տեղի վերաբերյալ (նկարը հատուկ չեմ տեղադրում, քանի որ այն խիստ վիրավորական է Հայկական պետականության համար)։
Դիվանագիտական արարողակարգին քիչ թե շատ ծանոթ անձիք կհաստատեն, որ այս մակարդակի խմբային նկարներում յուրաքանչյուրն ունի իրեն նախօրոք հատկացված տեղը, որը որոշում են կազմակերպիչները։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահին հատկացված էր տեղ տեսանելի վայրում՝ ի տարբերություն Հայաստանի, ապա կարելի է պնդել, որ այստեղ առկա է խտրական վերաբերմունք Հայաստանի ղեկավարի նկատմամբ։
Սա բացարձակ անընդունելի է, հատկապես եթե խոսքը գնում ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով եւ պաշտպան Եվրոպական միության մասին։
Խնդիրն այն է, որ Ադրբեջանը, ԵՄ բոլոր գնահատականներում, որակվում է որպես կիսաավտորիտար պետություն եւ մշտապես հայտնվում է եվրոպական բյուրոկրատիայի քննադատության թիրախում։
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն ունեցել է առավել ընդգծված ժողովրդավարական նկարագիր եւ ընկալում, հատկապես անցած տարի տեղի ունեցած «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» համատեքստում։
Ի տարբերություն Հայաստանի, ԵՄ-ը Ադրբեջանից ունի կոնկրետ տնտեսական եւ էներգետիկ շահեր, որոնց եւ փաստացի ստորադասվում են հռչակված իդեալներն ու արժեքները։
Սա պետք է դաս լինի Հայաստանի իշխանություններին, եւ նրանք պետք է գիտակցեն, որ ժամանակակից միջազգային հարաբերությունները առավելապես կառուցված են ոչ թե իդեալների ու արժեքների, այլ կոնկրետ ու շոշափելի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական շահերի ու ակնկալիքների վրա։
Պետք է արագ փոխել «հեղափոխությունը» միջազգային հարթակներում գովազդելու քաղաքականությունը եւ վերադառնալ ավանդական եւ դասական միջազգային հարաբերությունների տրամաբանությանն ու կանոններին։
Դրանք աշխարհում չեն փոխվել եւ տեսանելի ապագայում չեն փոխվելու