16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթի կապակցությամբ

Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ “ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով” և շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։

Հայաստանը, ի տարբերություն Արդբեջանի, բազմիցս է բարձր գնահատել և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների հետևողական ջանքերն` աջակցելու հակամարտության կողմերին` հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նապատակով։

Ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության և որպես վերջին օրինակ է բերում Կազանում 2011թ. գագաթաժողովը։

Հայտնի է, որ Բաքվի հետքայլերի, միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չի ընձեռնվել առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին` Կազանի, 2011թ. մարտին` Սոչիի, 2010թ. հոկտեմբերին` Աստրախանի, 2010թ. հունիսին` Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների։ Հիշեցնեմ, որ Բաքուն նույն հետքայլերն է կատարել նաև նախկինում, օրինակ՝ Կազանից տասը տարի առաջ, 2001թ.։   

Ամերիկացի դեսպանն իրավամբ անընդունելի է համարում շփման գծի երկայնքով շարունակվող դիպուկահարների կրակոցները, մարդկային կորուտսները՝ նշելով, որ այդպես էլ ԵԱՀԿ դիտորդները չեն ստացել համապատասպան իրավասություն և ռեսուրսներ՝ բացահայտելու պատասխանատուներին, հնարավոր չի եղել նվազեցնել տարեկան հրադադարի հազարավոր խախտման դրսևորումները։  

Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994թ. մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել և շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ բազմաթիվ առաջարկները:

Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլև շարունակաբար կոպտորեն խախտում է հրադադարը և սադրանքներ կազմակերպում, չի հարգում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները` հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմանները, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությունը, որով Ադրբեջանը պարտավորվել էր ձեռնպահ մնալ հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից, խախտումների մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմերին ու միջնորդներին, և ոչ թե շինծու մեղադրանքներով սաստկացնել հակահայկական քարոզչությունը: Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները:

Երկու օրից լրանում է հրադադարի հաստատման 20-ամյակը, և կարծում եմ, որ եռնախագահները կօգտահործեն այդ կարևորագուն առիթը՝ հանդես գալու վճռական ուղերձ պարունակող հատուկ հայտարարությամբ։ Կարևոր է բացառել ուժի կիրառումը՝ դրանով իսկ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի հաջողության համար։  

Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի։ Ցավոք` մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Չնայած սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը։

Ջեյմս Ուքորլիքի կողմից ներկայացված հիմնախնդրի հանգուցալուծման տարրերը, ընդհանուր առմամբ, արտացոլում են համանախագահ երկրների առաջարկությունները։ 

Ինչպես և եռանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս-Կաբոսում և Էնիսկիլենում համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի տևական խաղաղ կարգավորման համար։

Ամերիկացի դիվանագետը նշում է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք բազմիցս ենք ընդգծել, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ճշմարտացի է, որ առաջարկությունների որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

Մենք կիսում ենք եռանախագահների կարծիքը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:

Ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի, Հայաստանը, արձագանքելով եռանախագահող երկրների ղեկավարների կոչերին, բազմիցս է արտահայտել և ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության։

Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երիների հետ համատեղ ջանքերն` ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան համակարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ