Կասկած չունեմ, որ այս գործը պետք է կարճվի. Դավիթ Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավոր դադարեցված են, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում թեև ասաց, որ չի ցանկանում խոսել իր դեմ հարուցված քրեական գործի մասին, բայց ամեն դեպքում նշեց, որ ինքը որևէ հարցով չի դիմել վարչապետին, քանի որ օրենքը, Սահմանադրությունը լավ գիտի:
Լրագրողները հիշեցրին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ գործը ԱԱԾ-ից ՀՔԾ փոխանցելու վերաբերյալ Սանասարյանի փաստաբանների միջնորդությունը Վանեցյանը ներկայացրել է իրեն՝ Փաշինյանին, բայց վերջինս թույլ չի տվել դա, Դավիթ Սանասարյանն արձագանքեց. «Պարոն վարչապետը, չգիտեմ՝ հենց այդպես է ասել, թե ոչ, բայց իրականում նա չի կարող այդ հարցը որոշել: Մենք դիմել ենք Գլխավոր դատախազություն, որը մերժել է. դա պետք է բողոքարկենք դատարանում»:
Ինչ վերաբերում է բանակը թալանելու խնդրին, նա ասաց, որ ինքը չէ դրա պատասխան տվողը, բայց միանշանակ գտնում է, որ համակարգային կոռուպցիա եղել է:
Հարցին՝ արդյոք ինքը հիասթափվա՞ծ է իր դեմ քրեական գործի պատճառով, Դավիթ Սանասարյանն ասաց. «Իմ կյանքը, հասուն տարիքն անցել է պրոբլեմներով և որևէ անգամ որևէ վայրկյան փոշմանելու առիթ չեմ ունեցել, որովհետև իմ քայլերը չեմ անում որևէ պաշտոն ստանալու համար: Կունենամ պաշտոն` կծառայեմ հայրենիքիս, չեմ ունենա՝ նորից կծառայեմ հայրենիքիս իմ գործունեությամբ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ով քայլել է հեղափոխության ժամանակ, նա է պաշտոն ստացել, Սանասարյանը նկատեց՝ շատերը կան, որ չեն քայլել և պաշտոն են ստացել: «Ես ակնկալում եմ և այլ կասկած չունեմ, որ այս գործը պետք է կարճվի, ու արդարությունը պետք է հաստատվի: Ես չեմ երազել եմ ՊՎԾ ղեկավար դառնալ, դա միջոց է եղել ինձ համար և ես իմ ծառայությունը մատուցել եմ»,-ասաց նա:
Հարցին՝ վարչապետից հանձնարարական եղե՞լ էր դիալիզի գործով ուսումնասիրություններ անելու համար, Սանասարյանն ասաց՝ վարչապետը տեղյակ է եղել:
Ամփոփելով հեղափոխությունից հետո եղած ժամանակահատվածը՝ նա կարևորեց այն, որ այժմ համակարգային կոռուպցիա չկա: