28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞վ է Փաշինյանը պարտական Սարգսյաններին

Նախորդ իշխանությունների հետ կապված ժողովրդական խոսակցությունների, ահասարսուռ պատմությունների և բամբասանքների գլխավոր հերոսը Ալեքսանդր Սարգսյանն էր՝ Սաշիկը։ Խոսում էին նաև Սաշիկի որդիների պահվածքի մասին՝ մատնանշելով ավտոմեքենաներն ու հարուստ կյանքը։

Թե այդ խոսակցությունների որ մասն էր ճիշտ, իսկ որը՝ սուտ, կարելի է եզրակացնել հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից։

Չկա գոնե մեկ մարդ, ով հայտարարի, որ Սաշիկն իր հետ 50/50 սկզբունքով փայ է մտել։ Չկա գեթ մեկ քրեական գործ, որի շրջանակներում պարզվեր, որ Սաշիկը փայ է խլել։ Դե, իսկ արագաչափերի ու տեսախցիկների մասով Նիկոլ Փաշինյանի թիմակից նախկին ոստիկանը հայտարարեց, որ դրանց հետ Սաշիկը կապ չի ունեցել և չունի։

Ասել, որ Սաշիկն անմեղ հրեշտակ է, հնարավոր չէ, բայց, մյուս կողմից էլ, նրա մեղավորությունը հեղափոխական իշխանությունը որևէ կերպ չի ապացուցել։ Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանն ԱԱԾ, ՀՔԾ և նմանատիպ այլ հապավումներ ունեցող կառույցների անմիջական ղեկավարմամբ է զբաղված և անձամբ է վերահսկում քաղաքական ու հանրային հնչեղություն ունեցող գործերը՝ սկսած Սաշիկից, վերջացրած Դավիթ Սանասարյանով։

Միակ բանը, որ արվել է Սաշիկի մասով, դա բազմաթիվ հարցեր ու կասկածներ առաջացնող գումարային ռեկետն է։ Փաշինյանենք Սաշիկից տասնյակ միլիոնավոր դոլարներ են վերցրել։ Այլ կերպ ասած՝ փայ են մտել Սաշիկի փայի հետ։ Ու միայն հետագա «հերձումը» ցույց կտա, թե իրականում ինչքան, ինչպես և ինչ նպատակով են վերցվել ու ծախսվել այդ գումարները։ «Իմ քայլը» հիմնադրամում Սաշիկի անունով բարեգործական հատկացման տող չկա, բայց դե չի բացառվում, որ նա ցանկացել է փողը տալ, բայց չերևալ ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ մարդիկ են Փաշինյանի կնոջ գլխավորած հիմնադրամներին փող տալիս ու «անանուն բարերարի» պիտակով հանդես գալիս:

Ինչ վերաբերում է Սաշիկի որդի Հայկին, ապա նրա հետ կապված բազմաթիվ խոսակցությունները ստվերվում են հետհեղափոխական մեկ այլ Սարգսյան Հայկի անվան շուրջ պտտվող խոսակցությունների և իրական պատմությունների համեմատ։

Հայկ Սարգսյան VS Հայկ Սարգսյան

Սաշիկ Սարգսյանի որդի Հայկի մասին խոսում էին, որ նա ցոփ ու շվայտ կյանքով է ապրում, «դվիժենիներ» է անում և այլն։ Այդ խոսակցություններում կային և՛ ճշմարտություն, և՛ բամբասանք։ Բամբասանք չեն, սակայն, մեկ այլ՝ հեղափոխական ու դեռ մի բան էլ թավշյա Հայկ Սարգսյանի մասին խոսակցությունները։0

Հեղափոխական Հայկը նախորդ տարվա ապրիլյան օրերին Նիկոլ Փաշինյանի համար թիկնապահություն էր անում ու բռնում էր հեղափոխության առաջնորդի ձեռքի հայտնված տարատեսակ իրերը՝ ջրի շիշը, բարձրախոսը, ուսապարկը, սելֆիի ձողիկը և այլն։ Նրա այդ արժանիքներն ու ծառայությունները հիմա լիուլի փոխհատուցվում են պետբյուջեի հաշվին։

Հայկը ոչ մի հոդաբաշխ նախադասություն չի արտասանել մեր երկրի ներքին ու արտաքին խնդիրների մասին և ըստ ամենայնի՝ չի էլ կարող արտասանել, բայց դարձել է պատգամավոր։

Հայկը պետական հարցերում ասելիք չունի, բայց իր շեֆ Նիկոլի ու մյուս քայլարածների պես կարողանում է հնարամիտ պատասխաններ գտնել, երբ խոսքը վերաբերում է այս կամ այն թեմայով «կռուտիտ» լինելուն։

Օրինակ՝ երբ Հայկին բռնացնում են շատ թանկարժեք մեքենա վարելիս ու հարցնում, թե այդ ինչպե՞ս է հաջողացրել բոմժությունը որպես սրբություն քարոզող և աղքատությունը որպես կրոն հռչակող Նիկոլի մերձավորը նման շարժական գույք ձեռք բերել, նա անմիջապես գտնում է պատասխանը։ Ասում է՝ ավտոմեքենան ոչ թե իմն է, այլ ընկերոջինս (ի դեպ, էն մի քայլարածն էլ հայտարարում է, որ իր փողերի աղբյուրը ոչ թե կոռուպցիան է, այլ քեռու ուղարկածն ու կնոջ բերած օժիտը. ախր շա՜տ «կրեաԾիվ» են սրանք)։

Թավշյա տղաներն ու աղջիկները երբ արագաչափերը փակելով ու «Սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա» ասելով գալիս էին Երևան, երևի մտքներով չէր անցնում, որ Սաշիկի որդի Հայկն էլ կարող էր ոչ թե իր, այլ ընկերոջ մեքենան վարելիս լինել, և ուրեմն, չէր կարելի նրա պաշտոնյա հարազատներին կոռուպցիայի մեջ մեղադրել։ Ինչևէ։

Սույն հեղափոխական Հայկը, մամուլի հրապարակումների համաձայն, կապված է հանցավոր աշխարհի հետ ու տարբեր միջնորդական առաքելություններ է իրականացնում Նիկոլի ու հանցագործների միջև։

Թե ինչքանն է այդ խոսակցություններում ճիշտ, կրկին «հերձումը» ցույց կտա։ Փաստն այն է, որ Հայկը զրո գաղափարներով ու զրո քաղաքական արժանիքներով հայտնվել է թիվ մեկ քաղաքական մարմին հանդիսացող խորհրդարանում։

Սարգսյաններ VS Սարգսյաններ

Սերժ Սարգսյանի իշխանությունն արդարացիորեն քննադատվում էր նաև կադրային քաղաքականության պատճառով։ Բայց այն կադրային քաղաքականությունը, որը վարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, պարզապես խայտառակություն է ու վատ իմաստով տարբերվում է նախորդների վարած քաղաքականությունից։

Խոստացվել էր, որ խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքից հրաժարվելու են, բայց կադրային նշանակումներն արվում են բացառապես ԽԾԲ սկզբունքով։ Այդ սկզբունքի շրջանակներում են «դվիժենիներ» անում հեղափոխական Հայկի տնեցիները։

Հեղափոխական Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրին, վարչապետի օգնական է նշանակվել։ Նաիրին էլ զրո քաղաքական խոսք է արտաբերել և զրո արժանիքով ներկայացել հանրությանը, սակայն ստացել է պաշտոն։ Նրա արժանիքն այն է, որ Նիկոլին կողքից նկարում է, բռնում է «ժողովրդի վարչապետի» սելֆիի ձողիկը երբ Նիկոլը լայվ է մտնում, ինչպես նաև թափում է Նիկոլի՝ փողոցում կերած հեղափոխական խորովածի մնացուկները:

Նիկոլը, ի դեպ, չի բավարարվել Սարգսյանների ընտանիքի երկու անդամի լավություն անելով։ Նա ստվերային դերակատարում է տվել նաև Հայկ ու Նաիրի Սարգսյանների հորը՝ Զարեհին։

Զարեհ Սարգսյանը դարձել է Փաշինյանի կուլիսային բանակցությունների ներկայացուցիչը։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա ոչ ֆորմալ ձևով կադրային հարցեր է լուծում, տալիս ու առնում է տարբեր շրջանակների հետ և հանդես գալիս որպես Փաշինյանի «մարդ»։

Տեղեկացնենք, որ Զարեհ Սարգսյանը Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության շրջանում եղել է Կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարը, կամ այլ կերպ ասած՝ Լևոնի ժամանակվա Վազգեն Խաչիկյանը։

Զ. Սարգսյանի մասին ասում էին, որ հսկայական գումարներ է «կերել» կենսաթոշակայինում։ «Կերել» է, թե ոչ, դժվար է ասել, բայց փաստն այն է, որ պետական համակարգում աշխատելով՝ նա կարողացել է հսկայական դղյակի տեր դառնալ։

Ինչո՞վ է Փաշինյանը պարտական Սարգսյաններին

Մինչև թավշյա հեղափոխությունը Փաշինյանը Սարգսյանների ընտանիքից Սերժին պարտական էր բանտից դուրս գալու, պատգամավոր դառնալու (խոսքը, մասնավորապես, 2017-ին պատգամավոր դառնալու մասին է) և անհրաժեշտ եկամուտներ ունենալու համար։

Հեղափոխությունը ստացվեց, քանզի ՀՀԿ առաջնորդը թերագնահատեց Բ26–ի վաղեմի հաճախորդին ու կորցրեց զգոնությունը։

Փաշինյանը պարտական է նաև Սարգսյանների մեկ այլ ընտանիքի՝ Զարեհ Սարգսյանի գլխավորությամբ։

Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է հետհեղափոխական Փաշինյանն այդքան տեղ տալիս քաղաքականապես զրոյական նշանակություն ունեցող Զարեհ, Հայկ և Նաիրի Սարգսյաններին։

Պոպուլիզմի օգնությամբ «ժողովրդի վարչապետ» դարձած Նիկոլին պետք է որ ձեռնտու չլինեին, մասնավորապես, Հայկ Սարգսյանի հետ կապված պատմությունները, քանզի դրանք օլիգարխիկ «կայֆեր» են, որոնք մշտապես քննադատվել են ընդդիմադիր «վախտվա» Փաշինյանի կողմից։ Բայց արի ու տես, որ Փաշինյանը հեղափոխական Սարգսյաններին «պռախոդ» է տալիս ու հանդուրժում ամեն ինչ, իսկ նրանք էլ (հատկապես Հայկը) «բուրժույսկի» կայֆեր են անում ու շուտով ամբողջությամբ մոռացության են տալու հակահեղափոխական Սաշիկին ու նրա որդիներին։

Մեր ունեցած տեղեկություններով՝ 2008թ. մարտի 1–ին բախումներ հրահրած ու Լևոն Տեր-Պտրոսյանի կողմից կռիվ տվողներին ղեկավարած Նիկոլ Փաշինյանը երբ հասկացել է, որ արկածախնդրությունն արդյունք չի տալիս, որ զոհերը արդյունք չեն տալիս, և որ իրենք իշխանության չեն գալիս, ծլկել է Մյասնիկյանի արձանի մոտից ու թաքնվել նաև Զարեհ Սարգսյանի տանը։ Նա, ըստ այդմ, պարտք ունի վերադարձնելու Սարգսյաններին։ Ու վերադարձնում է՝ պետության հաշվին, բնականաբար:

Կա նաև այլ բացատրություն։ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ոչ ֆորմալ հարցերի լայն շրջանակ ունի, այդ թվում՝ ֆինանսական։ Չի բացառվում, որ հեղափոխական Սարգսյանների վրա են դրված այդ «տասովկեքը», քանզի նրանք վստահելի են դարձել Նիկոլի համար։ Սարգսյանները «տասովշիկ» են դարձել, և բնական է, որ իրենց պետք է պահեն նախկին իշխանության «տասովշիկների» պես։ Բա էլ ի՞նչ «տասովշիկ», որ «թանգնոց մաշնա չքշի» ու «դվիժենիներ» չանի։

Ինչպես ասում են՝ գըմփ–գըմփ–հո՛ւ։

Հայկ Ուսունց

Աղբյուրը`Hayeli.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ