05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օպերային թատրոնի ստեղծագործական կազմը նամակ է ուղարկել ՀՀ վարչապետին և հանդիպում է պահանջում

Դեռևս ապրիլի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Օպերային թատրոնի գեղավեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից հեռացնելու հարցը։

Հանդիպման ընթացքում նրանք վարչապետին ներկայացրել էին բազմաթիվ հակափաստարկներ, ըստ որոնց՝ Կ. Օրբելյանին չպետք է ազատեին տնօրենի պաշտոնից։

Հիշեցնենք, որ մարտի 28-ի երեկոյան Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն աշխատանքից ազատել էր Օպերային թատրոնի տնօրենին։

Ազատման հաջորդ օրը թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով, որպեսզի Նազենի Ղարիբյանը չեղարկի որոշումը և Կոնստանտին Օրբելյանին վերադարձնի տնօրենի պաշտոնին։ Իսկ արդեն ապրիլի 1-ին նրանք հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ներկայացրել իրենց անհամաձայնությունները՝ Օրբելյանի ազատման հետ կապված։

Այսօր հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանն ասաց, որ վարչապետի հետ հանդիպումից արդեն անցել է մոտավորապես մեկ ամիս, սակայն իրենք այդպես էլ չեն հասկացել,  թե ի վերջո ի՞նչ եղավ Կոնստանտին Օրբելյանի հարցը։

Նա տեղեկացրեց, որ այս առթիվ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ են ուղարկել։

«Վարչապետի հետ հանդիպմանը մենք ներկայացրել էինք մեր բոլոր հակափաստարկները, և այն բուն փաստաթուղթը, որը տրամադրվել էր վարչապետին  երևի մոլորության մեջ էր գցել, առաջին հերթին՝ Նազենի Ղարիբյանին, քանի որ այդ փաստերը կազմված են եղել դեռևս 7-8 ամիս առաջ, մեր նախկին իրավաբան Քրիստինե Նաղդալյանի կողմից։ Դրանք բազմաթիվ բողոքներ էին, որոնք, այսպես ասած, քոփի-փաստ է արվել այն բուն փաստաթղթի մեջ, որը ներկայացվել է վարչապետին։

Մենք այստեղ տեսնում ենք պաշտոնական դիրքի չարաշահում, քանի որ Քրիստինե Նաղդալյանի ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է Մշակույթի նախարարությունում, և այստեղ կար շահերի բախում։ Նրա կողմից ներկայացրած բոլոր փաստերին մենք պատասխանել ենք դեռևս նախորդ տարի, երբ մշակույթի նախարարը Լիլիթ Մակունցն էր»,- ասաց Լևոն Ջավադյանը։

Նրա բնորոշմամբ, Մշակույթի նախարարությունն Օպերային թատրոնի հանդեպ վարում է անհասկանալի  քաղաքականություն, ինչն իրենց զարմացնում է, քանի որ Օպերային թատրոնը նախ և առաջ՝ մշակույթի ամենամեծ կառույցն է։

Նա այս ամենի հետևում պետական կառավարման ապարատի խոցելիության վտանգ է տեսնում։

Լևոն Ջավադյանի դիտարկմամբ, մեկ մարդու բողոքով չեն կարող ասել, որ գեղարվեստական ղեկավարը ստեղծագործ պաշտոն չէ, կա օրենք, որն այլ բան է ենթադրում։

«Քրիստինե Նաղդալյանը բողոքել էր, որ Կոնստանտին Օրբելյանն անօրինական է նշանակվել թատրոնի տնօրեն։ Այս պահին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է Օրբելյանի  տեղակալը՝ Նարինե Կիրակոսյանը, նա այդ պաշտոնը զբաղեցրել է՝ մինչև մենք պարոն Օրբելյանի հարցը լուծենք։ Նրանց նպատակն է, որպեսզի Կ. Օրբելյանին հեռացնեն թատրոնից, կուլիսներում այդպիսի խոսակցություն է շրջանառվում»,- ասաց Լ. Ջավադյանը։

Նշենք, որ Կոնստանտին Օրբելյանին Հայաստան էր հրավիրել Երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ