Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է. Զոհրաբ Մնացականյան
Բրատիսլավայում մայիսի 6-ին տեղի է ունեցել Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպումը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը մասնակցում էին Վիշեգրադյան քառյակի երկրներ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Արևելյան գործընկերության անդամ երկրներ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի ԱԳ նախարարներ և Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալներ:
Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպման անցկացումը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված նախարարական հանդիպմանը և բարձրաստիճան համաժողովին ընդառաջ, ինչը հնարավորություն է ընձեռնում վերլուծել Արևելյան գործընկերության անցած 10 տարիների ձեռքբերումները և մտքեր փոխանակել հաջորդ տասնամյակի տեսլականի շուրջ նաև Վիշեգրադյան քառյակի հետ:
Հանդես գալով նախարարական հանդիպմանը՝ ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերությունը բնութագրեց որպես ԵՄ հետ ՀՀ-ի համագործակցությունն օժանդակող կարևոր հարթակ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առավել կարևորեց Արևելյան գործընկերության շրջանակում առանձին երկրների հետ իրականացվող համագործակցության տարբերակման և համախմբման մոտեցումների համադրումը, ինչպես նաև Արևելյան գործընկերության վերաբերյալ ԵՄ անդամ երկրների շրջանում համաձայնեցված ընկալման ձևավորումը: Այս տեսակետից առանձնահատուկ ընդգծվեց, որ Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է:
Հայաստանի ԱԳ նախարարը շեշտեց, որ Արևելյան գործընկերության հիմքում պետք է լինի մարդը, նրա իրավունքների և ազատությունների առաջմղումը և ըստ այդմ մարդկանց միջև շփումների խրախուսումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն արժևորեց մուտքի արտոնագրերի ազատականացումը, որը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների գործընկերության ամրապնդման համար:
Անդրադառնալով անվտանգության խնդիրներին և հակամարտությունների ազդեցություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծեց, որ հակամարտային իրավիճակները տարբեր են և ունեն տարբեր ազդեցություն գործընկեր երկրների վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ցուցաբերել յուրովի մոտեցում՝ կապված կոնկրետ իրավիճակների առանձնահատկությունից:
Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը կարգավորող շրջանակային համաձայնագիր ՀԸԳՀ-ն, որը, ի թիվս այլ հնարավորությունների, կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման և արդիականացման օրակարգի առաջմղմանը, ներառյալ ոլորտային համագործակցության միջոցով: Այս տեսակետից նախարար Մնացականյանը կարևորեց փոխկապակցվածության տարածաշրջանային ծրագրերի համաչափ զարգացումը: