Չէի ասի, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզում ակտիվ է, նույնիսկ չգիտեմ՝ նա մարզո՞ւմ է, թե՞ ոչ. Հունան Պողոսյան
«Արդեն 7 ամիս անցել է իմ նշանակումից, իրավիճակն իհարկե փոխվել է, նորմալ աշխատանքային իրավիճակ է»: Արարատի մարզում բիզնես-ֆորումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ի պատասխան այն դիտարկման, որ վերջինիս նշանակումը բավական վատ ընդունվեց հանրության կողմից:
Մարզպետը նշեց, որ մարզում խնդիրները բազմաթիվ են և իրենք փորձում են լուծել գրեթե բոլորը: «Համենայնդեպս, ձեռնամուխ ենք եղել դրանց լուծմանը՝ կոլեկտիվ ջանքերով ներգրավելով բոլոր առողջ ուժերին»,-ասաց նա:
Սյունիքի մարզում ներդրումների մասով Հունան Պողոսյանն ասաց, որ բավական հետաքրքրություններ կան: «Դրա ականատեսը կլինեք ամսվա վերջին կազմակերպվելիք Սյունիքի մարզի բիզնես-ֆորումին: Ներդումային ծրագրեր շատ կան, որոնք մայիսի 25-ի նմանատիպ ֆորումին կներկայացնենք»,-ասաց մարզպետը:
Դիտարկմանը, թե իր նշանակումը պայմանավորում էին նրանով, որ ինքը՝ որպես ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, պետք է կասեցներ քրեական տարրերի ակտիվությունը, այդ ուղղությամբ ի՞նչ է արվել, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է հանցավոր միջավային, դրա համար կան պատկան մարմիններ՝ ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն և այլ մարմիններ, որոնք, կարծում եմ, շատ նորմալ իրենց աշխատանքը կատարում են»:
Հարցին՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կրկին ակտի՞վ է մարզում, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Չէի ասի, նույնիսկ չգիտեմ՝ նա մարզո՞ւմ է, թե՞ ոչ»:
Իսկ թե մարզպետ նշանակվելուց հետո արդյո՞ք ստուգումներ արվել են մարզպետարանում՝ մինչ իր պաշտոնավարումը եղած ժամանակահատվածում հնարավոր չարաշահումները բացահայտելու ուղղությամբ, Հունան Պողոսյանը նշեց, որ մարզպետարանն ունի աուդիտի ծառայություն, և մի շարք ենթակա կառույցներում իրականացվել են ստուգումներ և բացահայտել են որոշ կարգապահական և այլ բնույթի խախտումներ. «Դրանց հետագա ընթացքը լուծելու համար նախապատրաստված ողջ նյութերի փաթեթն ուղարկվել են իրավապահ մարմիններին»:
Իսկ թե ինքը՝ որպես նախկին ոստիկան, ինչպես է գնահատում ոստիկանության գործունեությունը, Պողոսյանն ասաց, որ ինքը չէ, որ պետք է գնահատի, այլ ժողովուրդը. «Ես՝ որպես քաղաքացի, գնահատում եմ նորմալ»: