05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախի հետ շանտաժի լեզվով խոսել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Այս մասին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել երեկ:

Առաջնագծում տիրող իրավիճակի և առկա լարվածության մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

-Պարո՛ն Աբրահամյան, ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ: Նկատելի է նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում ավելացել են հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները: Ներկայումս ի՞նչպիսինն է իրադրությունն առաջնագծում:

-Իրադրությունն առաջնագծի տարբերուղղություններում տարբեր է՝ կախված, թե կոնկրետ տվյալ ուղղությամբ հակառակորդի գործողությունները ինչ բնույթ են կրում: Անկանոն կրակոցներ միշտ էլ եղել են, սակայն վերջին շրջանում Ադրբեջանի քայլերը սկսել են առավել նպատակային բնույթ կրել, տեսանելի է, որ այդ երկրի զինուժը խնդիր է դրել՝ ամեն գնով վնաս պատճառել՝մարդկային, թե նյութական, դա նրա համար այս փուլում, կարծես թե, այդքան էլ էական չէ: Կարևորը՝ հայկական կողմի վրա ճնշումների փորձեր ձեռնարկելն է, ինչը չի կարող ՊԲ-ի կողմից անպատասխան մնալ:

-Ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց: Ձեր կարծիքով ի՞նչով է պայմանավորված հարևան երկրի կողմից նման պահվածքը, և արդյո՞ք առաջիկայում լարվածության աճը կարող է պահպանվել:

-Ադրբեջանը որոշակիորեն ակտիվացրել է իր ավանդական մարտավարությունը՝ փորձելով առաջնագիծը պահել լարվածության մեջ: Պաշտոնական Բաքվի այս վարքագիծը բխում է Արցախի հարցով ընթացող պրոցեսների տրամաբանությունից՝ մինչ այ սպահն Ադրբեջանը զուտ իմիտացիայիով է զբաղված՝ փորձելով ցույց տալ, թե պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն իրականում, իր քայլերը հակառակն են հուշում: Բանակցությունների վերսկսման հետաձգումը պարարտ հող է ադրբեջանական սադրանքների համար:

-Պարո՛ն Աբրահամյան, շատ է խոսվում Ադրբեջանի կողմից ամրաշինական գործողությունների իրականացման մասին, ի՞նչ վտանգ է դա ներկայացնում, ի՞նչի մասին է խոսքը:

-Դրանք ռազմական, բազմաֆունկցիոնալ օբյեկտներ են, որոնք առաջին հերթին ծառայեցվում են, օգտագործվում են որպես ճնշման լծակներ՝ հայկական դիրքերի ուղղությամբ, հնարավորության դեպքում՝ նաև թիկունքում գտնվող տարբեր նշանակության օբյեկտների, մարդկային ուժի ուղղությամբ կրակ բացելու, վնաս հասցնելու համար: Ակնհայտ է, որ «խաղաղության ուղերձների» ներքո, Ադրբեջանը փորձում է առաջնագիծը նկարագրածս և դրա նշանակությամբ այլ ռազմական ենթակառուցվածքների ձևավորմամբ, հագեցմամբ նախապատրաստել հնարավոր սադրանքների: Ադրբեջանի այս պահվածքը նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանը ձեռքի տակ նոր սցենարներ է մշակում՝ ցանկացած պահի իրավիճակն առաջնագծում կտրուկ սրելուհամար:

ՊԲ կանխարգելիչ գործողությունները նպատակ ունեն՝ որոշակի պարբերականությամբ, ստեղծված անհրաժեշտությունից ելնելով, կանխելու Ադրբեջանի այն քայլերը, որոնք եթե ոչ այսօր, ապա կարճ ժամանակ անց կարողեն լարվածության նոր փուլ թևակոխել:

-Վերջերս ադրբեջանական որոշլրատվամիջոցների կողմից ապատեղեկատվություն էր տարածվել, թե հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ երեխաներ: Արդյո՞ք տեղեկատվական դաշտում ևս սպասվում են որոշակի ակտիվացումներ:

-Ադրբեջանն այդպիսի ապատեղեկատվության տարածմամբ հիմք էր նախապատրաստում ակտիվանալու և ինչպես տարբեր փուլերում ենք տեսել, սադրանքները սկսեց տեղեկատվական նախապատրաստմամբ: Պատահական չէր, որ ՊԲ-ն օպերատիվ արձագանքել էր այդ ապատեղեկատվությանը՝ հաշվի առնելով, որ ծանոթ ենք նմանատիպ բովանդակությամբ տեքստերից հետո առաջնագծում նախկինում տեղի ունեցած զարգացումների փորձին: Սրան զուգահեռ, երկար ժամանակ է, Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը ջանքեր չի խնայում իր զինված ուժերի մասին «հերոսական ճանապարհ» կերտելուն, որը հիմնականում դրսևորվում է տարբեր հատուկջոկատայինների մասին կեղծ, հերոսական էջեր կերտելու և իր տարբեր մասշտաբների զորավարժություններին ընդգծված քարոզչական բնույթ հաղորդելուն: Ադրբեջանական քարոզչամեքենան աշխատանքներ է տանում ոչ միայն երկրի ներսում, այլ տեղեկատվական դաշտում գործիքներ է կիրառում՝ փորձելով ներազդել նաև հայհանրության վրա:

-Պարո՛ն Աբրահամյան և ամենակարևորի մասին՝ առջևում մայիսյան եռատոններն են: Հնարավո՞ր է որոշակի լարվածության աճի սպասել նաև այդ ընթացքում:

-Պաշտպանության բանակը տոնական, ոչ տոնական օրերին, առաջնագծում ստեղծված ցանկացած իրադրության ժամանակ իր ծառայությունը տանում է բարձր մակարդակով՝ պատրաստ լինելով կանխելու հակառակորդի ցանկացած փորձ, որը կարող է վտանգ առաջացնել իրադրության հետագա բարդացումների վրա: Արցախի հետ շանտաժի, սպառնալիքի լեզվով խոսել չի ստացվի:

Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ