Հերքում եմ, որ հավատում եմ. Վանեցյանը 3 օր ժամանակ է տվել
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքման պահանջով դիմել է «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Միսկարյանը։ Պատճառը Միսկարյանի` ապրիլի 18–ին ֆեյսբուքյան գրառումն է, որում օգտատերը հայտարարել է, թե Արթուր Վանեցյանը Հայաստանում զբաղվում է վառելիքի ներկրմամբ։ Գրառումը՝ ստորև․
«Այսօր ԱԱԾ-ից (Երևան -0001, Նալբանդյան փ. 104) նամակ եմ ստացել։ Նամակում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը առաջարկում է ինձ՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանիս, հերքել 19.04.2019 թ. կատարված գրառումը (https://web.facebook.com/gmiskaryan/posts/3173185209374173), որը պարոն Ենգիբարյանը որակում է որպես հոդված և նշում, որ այն չի համապատասխանում իրականությանը։
Հերքում.
Ես՝ Գարեգին Միսկարյանս, չնայած, որ չեմ հանդիսանում լրատվական գործունեություն իրականցնող, այնուամենայնիվ, ընդունում եմ պարոն Ենգիբարյանի առաջարկը, և որպես բարի կամքի դրսևորում, հերքում եմ, որ պարոն Վանցյանի վերաբերյալ մամուլում և հանրության մեջ շրջանառվող ու գրառման մեջ տեղ գտած լուրերին հավատում եմ, քանի որ, ինչպես նշել է պարոն Վանեցյանի ներկայացուցիչ պարոն Ենգիբարյանը, դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Սրանք էլ այն հղումները, որոնց այլևս չեմ հավատում։
https://hetq.am/hy/article/88755
https://hetq.am/hy/article/58612
Հիմա մի քանի նկատառում պարոն Վանեցյանի ներկայացուցիչ պարոն Ենգիբարյանի նամակի բովանդակության հետ կապված։
1.Գրառումը կատարվել է 18.04.2019 թվականին և ոչ թե 19.04.2019 թվականին #բայցոչինչ
- Ինչու՞ է նամակը ուղղված «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին, և ոչ թե քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Ի՞նչ ենթատեքստ/մեսիջ կա իմ քաղաքական գործունեությունը նշելու մեջ։
3.Եթե կուսակցական պատկանելությունը նշելը չունի որևէ ենթատեքստ ու պարզապես այն վերցված է իմ ֆեյսբուքյան պատից, արդյոք նամակը կուղղեիք «Բորոտների ազգային ասացիացիայի հիմնադիր նախագահ Գարեգին Միսկարյանին», եթե այնտեղ նման տեղեկություն լիներ հրապարակված։ (Ասածս ի՞նչ է, փոխանակ հնարավորինս խուսափեք քաղաքացուն կապել քաղաքական կողմորոշման, գործունեության հետ, բռնում անիմաստ տեղը «քաղաքականցնում» եք, #բայցպետչի)
- «Տեղեկացնում ենք, որ հոդվածում տպագրված տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը…»
Ձևակերպման մեջ «ամբողջությամբ» բառը թյուրըմբռնման տեղիք է տալիս։ Այն կարելի է մեկնաբանել որպես «մասնակի են համապատասխանում»։ Իսկ «մասնակի համապատասխանելու» պարագայում դատարանում հնարավոր է խնդիրներ լինեն, հերքում չտվող անձի մեղավորությունը ապացուցելու հարցում, եթե ոչ ՀՀ-ում, ապա առնվազն ՄԻԵԴ-ում։ Ճիշտ կլինի «ամբողջությամբ» բառը հանել նամակից։ Վիճելի է նաև «հոդվածում տպագրված» արտահայտությունը, բայց մասամբ։
5.Նշում եք.
«…առաջարկում եմ եռօրյա ժամկետում հերքել Ձեր վերոնշյալ գրառմամբ տարածված ապատեղեկատվությունը ֆեյսբուքյան համապատասխան գրառմամբ»։
Առաջարկում եմ այսուհետ նշեք ոչ թե պարզապես «գրառմամբ», այլ շեշտեք «հրապարակային գրառմամբ», որովհետև մարդը կարող է կարգավորումներով փակ՝ միայն իրեն հասանելի, գրառում կատարել, և ձեր դատարան դիմելուց հետո կարգավորումներից բացել այն, դարձնել «բոլորին հասանելի» և ներկայացնել դատարանում որպես ապացույց, որ գրառումը կատարվել է։ Ու դուք կպարտվեք, #բայցպետչի…
6.Ինչու՞ է պարոն Վանեցյանի շահերի պաշտպանը ԱԱԾ-ի հասցեից ուղարկում իր պաշտպանյալի նամակը։ Արդյոք դա չի կարող դիտարկվել որպես պաշտոնեական դիրքի չարաշահում, երբ անձը իր պաշտոնեական դիրքը օգտագործում է անմիջականորեն իր անձին վերաբերող իրավական գործընթացը իրականցնելու համար։ Արդյոք իրավաչափ է, եթե Ֆինանսների նախարարը նախարարության հասցեից ուղարկեր նման նամակ։
7.և վերջինը
իհարկե ես շատ շնորհակալ եմ, որ նվաստիս գրառմանը նման մեծ նշանակություն եք տվել, բայց կարծում եմ ֆեյբուքյան (այն էլ այս չափ «լղոզված») գրառումներն ավելի լավ կլինի անտեսեք։ Դա կարող է դիտվել որպես խոսքի ազատության ոտնահարման փորձ։
Ամենայն հարգանքով՝
Գարեգին Միսկարյան
ՀՀ քաղաքացի»։