22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տոն հռչակելուց առաջ որևէ մեկը ներողություն խնդրե՞լ է

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Քաղաքացու օրվան և տոների խորհրդին։

«Ընդհանրապես մարդկանց ինչի՞ն է պետք տոնը, այն ի՞նչ է տալիս հասարակությանը: Տոնի խորհուրդը գալիս է հնագույն ավանդույթներից, այն մեր գենետիկ հիշողությունն է: Կրոնական ու պետական տոները հասարակությանը համախմբելու ու դրական մտածելու լավ հնարավորություն են: Տոնը նաև մարդուն միայնակ չլինելու զգացողություն է տալիս, մի խոսքով տոն բառն անմիջական կապվում է ուրախության հետ:

Օրինակ՝

Ամանորի տոնը մարդուն հնարավորություն է տալիս դուրս գալ առօրյա միապաղաղ ու կրկնվող աշխատանքային շրջանից ու մտածել նոր բան անելու մասին:

Հայոց Բանակի տոնը իր փառապանծ ու հերոսական հիշատակներով, մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու պիտի զորացնի հայրենիքի հանդեպ ունեցած իր պարտքի մեջ: Այն պաշտպանվածության, անվտանգության ու հավաքական ուժի մարմնավորումն է:

Մայիսյան տոները մեզ համար ունեն չորս խորհուրդ՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Արցախի Հանրապետության բանակի կազմավորումը, Շուշիի ազատագրումը և Երկրապահի օրը։ Ընդհանրապես մայիսը դարձել է պատմական հաղթանակների և բախտորոշ իրադարձությունների արձանագրողն ու հայկական կորսված պետականության առաջին ազդարարը:

Սահմանադրության տոնը վկայությունն է Հայաստանի քաղաքացու այն դիրքորոշման, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրել: Սա անվիճարկելի ընտրություն է, որի նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը բոլորիս սուրբ պարտականությունն է:

Անկախության տոնն արտահայտում է համայն հայության դարավոր երազանքը՝ միավորելով պատմական Հայաստանի մի հատվածում ապրող բոլոր մարդկանց: Այդ օրը մենք կրկին դարձանք սեփական պետության քաղաքացիներ՝ անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:

Եվ այսպես յուրաքանչյուր տոն՝ լինի կրոնական, պետական թե մասնագիտական տվյալ հասարակության ամենանվիրական զգացումների, հավաքական ցանկության, կարևոր իրադարձությունների և համատեղ ձեռքբերումների խորհրդանիշն է դառնում:

Կար ժամանակ երբ մեր ժողովուրդը մեծ շուքով նշում էր Աշխատավորների տոնը, հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության տոնը, տիեզերագնացի օրը և այլն: Դրանք ժամանակի ընթացքում կորցրեցին իրենց իմաստը և դարձան զուտ պատմական եղելություններ:

Հիմա մեզ առաջակվում է նշել քաղաքացու օր: Շատ լավ, ինչպես ասում են տոնից վնաս չկա: Անձամբ ես կարևորում եմ ցանկացած տոն: Հաճույքով շնորհավորում եմ իմ օտարերկրացի ընկերների ու գործընկերների պետական ու ազգային տոները, շատ ուրախանում եմ երբ հանդիպում եմ իր անձնական տոնը նշող որևէ մարդու՝ ծնունդ, կնունք, հարսանիք, բանակի քեֆ և այլն: Մարդիկ պետք է կարողանան ուրախ լինել և փորձեն հնարավորինս շատ դրական էներգիայով ապրել՝ արժևորելով իրենց իղձերը, ցանկություններն ու նպատակները:

Ինձ համար ՔԱՂԱՔԱՑՈւ տոնը անկեղծ ասած լիովին ամփոփվում է սեպտեմբերի 21-ի խորհրդի մեջ: ԱՆԿԱԽՈւԹՅՈւՆ ձեռք բերելով ենք մենք դարձել քաղաքացի՝ լավ կամ վատ, բայց ՔԱՂԱՔԱՑԻ: Ինձ համար քաղաքացին Ազգային Բանակի շարքերում պետությանը ծառայելու պատրաստ մարդիկ են, սահմանադրությունն ու օրենքները հարգող մարդիկ են, իրենց մասնագիտական և այլ պարտականությունները բարձր որակով ու պատասխանատվությամբ իրականացնող մարդիկ են:

Հարգելի Իմքայլականներ: Այս ընթացքում հետևել եմ մամուլում՝ քաղաքացու տոնի վերաբերյալ արվող ձեր բացատրության փորձերին: Ոնց փորձում եք մեկնաբանել իմաստը՝ ստացվում է ինքնատոն: Կամ էլ ստացվում է հասարակության ոչ բոլորին վերաբերող տոն: Իսկ ինչո՞ւ ոչ բոլորին, որովհետև ձեզանից շատերի մտայնության մեջ լինելու է այն, որ կարողացել եք իշխանությունից հեռացնել քաղաքացի հանդիսացող, պետության անցյալի ու ապագայի համար մեծ ավանդ ունեցող, ոչ պակաս հայրենասեր ու պետության նվիրյալ մարդկանց (չարաշահումների համար դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտված նախկին իշխանավորներին ասածս չի վերաբերում, եթե այս պահին կան այդպիսիք):

Իսկ մի՞թե յուրաքանչյուր իշխանության առաքելությունը նրանում է, որ օրենքի ուժով տոն հռչակի մի գործընթաց, որի իմաստը քաղաքական իշխանափոխությունն է՝ քաղաքացու միջոցով: Իհարկե ո՛չ:

Իսկ տոն հռչակելուց առաջ որևէ մեկը ներողություն խնդրե՞լ է այն մարդկանց ընտանիքներից, ում նախորդ տարվա ապրիլյան օրերին ու դրանից հետո բաժանել եք սևերի ու սպիտակների, ցավ եք պատճառել ձեր հայհոյախառն լոզունգներով, հիմար պլակատներով, ցինիկ ակցիաներով ու անհարկի վիրավորումներով:

Օրենքը միշտ գերակա արժեք է, և այս տոնն էլ դեռևս զուտ օրենքով սահմանված տոն: Սովորաբար տոներն են օրենքին պարտադրում սահմանել իրենց, ոչ թե օրենքն է պարտադրում սահմանել տոնը»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ