Խնդրահարույց օրենքը ճանաչվեց սահմանադրական. Արփինե Հովհաննիսյանն ասաց՝ դրա մասին գիտեր դեռ հոկտեմբերի 1-ին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր՝ ապրիլի 19-ին, հրավիրված նիստի ընթացքում քննարկվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանադրականության հարցը:
ՍԴ արձանագրային բաժնից Aravot.am-ին տեղեկացրին՝ Սահմանադրական դատարանի որոշման մասին: Մասնավորապես ըստ ՍԴ որոշման՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Հիշեցնենք՝ 2018-ի հոկտեմբերին 2-ին խորհրդարանում քննարկման դրվեց Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Անդրանիկ Հարությունյանի համահեղինակությամբ մշակված օրենքի նախագիծ՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Նախագիծը ժամանակին խնդրահարույց համարվեց և աղմուկ բարձրացրեց: Կարծիքներ հնչեցին, թե այս փոփոխությունների իմաստն այն է, որ խորհրդարանը չցրվի, որ ՀՀԿ-ականները ցանկանում են ԱԺ-ն ցրելու դեմն առնել, որ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվի:
Կարդացեք նաև Ըստ ՍԴ որոշման՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը Ինչն է փոխվել, ինչը՝ ոչ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը Քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքի ընդունումը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց, հոկտեմբերի 23-ին՝ օրենքը ստորագրելու վերջնաժամկետի վերջին օրը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշեց օրենքը չստորագրել և ըստ պաշտոնական հաղորդագրության ձևակերպման՝ «հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայությունը՝ նախագահ Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար»:
ՍԴ-ի որոշման մասին Aravot.am-ը մեկնաբանություն ստացավ նաև ԱԺ կանոնակարգ օրենքի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանից:
Նա մեր հարցերին կարճ պատասխանեց. «Ես այդ օրենքի սահմանադրականության մասին գիտեի դեռևս հոկտեմբերի 1-ին, երբ ներկայացնում էի հանձնաժողովում»: Արփինե Հովհաննիսյանը խոստացավ մի քանի օր հետո ավելի մանրամասն անդրադառնալ ՍԴ որոշմանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
aravot.am