Պետությունն իրավունք չունի մի կողմ քաշվել «Արարատցեմենտի» դեպքում. Գ. Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանին զարմացնում է այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը և մի քանի օր հետո ընկերության ղեկավարին ձերբակալում են՝ հարկերը չվճարելու համար։
«Մի՞թե վարչապետը երբ գնում էր գործարանի բացմանը չգիտեր, որ հարկերը չեն վճարել»,-ասում է նա։
Ըստ նրա՝ «Սպայկա» ընկերության հետ կապված պետության գործողությունները չափազանց նեգատիվ ազդակներ են պարունակում և ներքին, և արտաքին ներդրողների համար ։
«Աշխարհի բոլոր երկրներում ամենահզոր ընկերությունների հետ պետությունը հարկերի չվճարելու հետ կապված ունենում է խնդիրներ, բայց ոչ մի երկրում այդ ընկերության ղեկավարին չեն կալանավորում»,- նշում է նախկին պատգամավորը։
Անդրադառնալով նաեւ «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներին աշխատելու ազատելու որոշմանը՝ պայմանավորված մրցակցությանը չդիմանալու հետ։
Տնտեսագետը տրամաբանական է համարում, որ ներկրված ցեմենտն ավելի էժան է , քան տեղականը։
Ըստ նրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը սուբսիդավորում է արտահանման ենթակա ապրանքները և այս պարագայում Հայաստանի համար առաջանում է ոչ մրցակցային իրավիճակ։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ Իրանից ներկրված ցեմենտը ավելի մատչելի է, քան այստեղ արտադրած ցեմենտը։
Այս պարագայում Գագիկ Մինասյանի կարծիքով` պետությունը իրավունք չունի մի կողմ քաշվել, երբ մրցակցությունը սուբսիդավորվող և ոչ սուբսիդավորվող տնտեսության միջև է։
«Պետության բարձր պաշտոնյան ասում է, սա տնտեսվարողի և աշխատակիցների ներքին խնդիրն է, բայց այդ մոտեցումը վաղուց մոռացված է կապիտալիստական հարաբերությունների աշխարհում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցները մի քանի օր է ինչ գործադուլ են անում, քանի որ ընկերությունից ստացել են աշխատանքից ազատման ծանուցագրեր, ինչը պայմանավորված է արտադրության մեծ ծախսերի և արտադրանքի բարձր ինքնարժեքով։