Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել է
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել է: Այդ մասին հայտնել է Figaro թերթը՝ վկայակոչելով հրշեջների ներկայացուցչին: «Հրդեհը մարվել է: Մենք կշարունակենք հետեւել մնացորդային օջախներին եւ հովացնել շիկացած կառուցվածքները, որպեսզի կրակը չվերսկսվի»,- մեջբերում է հրատարակությունը հրշեջների ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսի խոսքը:
Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել է տաճարի սայրաձողը, կրակով էր բռնվել կրող կառուցվածքը: Արտակարգ պատահարի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահը եւ վարչապետը: Փարիզի Աստվածամոր տաճարը գտնվում է քաղաքի կենտրոնում եւ Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհդանիշն է, ինչպես նաեւ Եվրոպայի ամենահայտնի հուշարձաններից մեկը:
Այն կառուցվել է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլլիի նախաձեռնությամբ 1163-ից մինչեւ 1345 թվականն ընկած ժամանակաշրջանում: Գոթական տաճարի վերականգնումը կատարվել է 19-րդ դարում. վերանորոգվել է արձանների մասը, որը վնասվել էր Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, ինչպես նաեւ կանգնեցվել է նոր սայրաձող: Տարեկան տաճար Է այցելում 14 միլիոն մարդ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: