15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այսուհետ արտագաղթին փոխարինի ներգաղթը. Հայ Արիական Միաբանություն

Հայ արիների եւ ազգայնականների շնորհավորանքը հայ աշխատավորին.- Թող լինի՛ աշխատանք, ու նաեւ աշխատանքը կանչի տուն հային, այսուհետ արտագաղթին փոխարինի ներգաղթը…

Միջազգային շատ տոներ քաղաքականացված ու երբեմն էլ դիմազրկված են, բայց երբ դրանք տոնում են նպատակայնորեն՝ հարգելով տոնի եւ տոնականների խորհուրդը, ապա այն դառնում է գեղեցիկ ու ազդեցիկ տանախմբություն: Մենք հարգում ենք աշխատավոր մարդուն, բանվորին, մշակին ու գյուղացուն, արվեստագետին ու ստեղծագործողին, գործարարին ու նորարարին, բոլոր ստեղծող-արարողներին…  եւ այս խորհուրդն այսօր ավելի քան անհրաժեշտ է Հայաստանին ու հայաստանցուն:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են Մայիսի 1-ը՝ աշխատանքի եւ աշխատավոր մարդու տոնը: Ասել եւ ասում ենք՝ հայ մարդը պետք է ապրի հզոր, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում:

Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր, պատերազմի, երկրաշարժի եւ տարբեր այլ աղետների պատճառով, հաճախ էլ՝ երկրի ապազգային կամ ապաշնորհ կառավարիչների առկայությամբ (նաեւ ալան-թալանի պատճառով), մեզանում մեծապես նոսրացել են աշխատավոր մարդկանց շարքերը եւ դա վտանգ է ինչպես հայ մարդու, հայ ընտանիքների, այնպես էլ հայոց պետականության կայուն ու ռիթմիկ զարգացման համար:

Հայ մարդը տարիներ շարունակ դեգերում է օտար երկրներում եւ մաքառում իր ընտանիքի գոյության պահպանման նպատակով, ինչն էլ հաճախ հայ ընտանիքների պառակտման եւ կործանման պատճառ է դառնում: Մինչդեռ հայ հորջորջվողներից ոմանք՝ հայության մի չնչին, բայց ընչաքաղց՝ կաշառակեր եւ կաշառատու մասը, արդեն հոգնել է շլացուցիչ, ցոփ ու շվայտ կյանքից…

Հայոց երկրում մոռացել են արդյունաբերության, արտադրության, ստեղծագործության եւ գյուղատնտեսության իրական դեմքը, երկիրը դարձել է օտար հայակուլների ու սեփական ազգակուլների սպասարկման տարածք… Արտաքին, թե ներքին բոլոր ներդրումները ծառայում են Հայաստանն ու հայությանը սպասարկող տարածքի ու հանրույթի վերածելու համար:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը աշխատավորների տոնի առթիվ շնորհավորում են բանվորներին ու գյուղացիներին, ծառայողներին, գիտության մարդուն եւ մշակին, զինվորականին եւ արվեստի ու հոգեւոր ոլորտի նվիրյալին, հայ բոլոր աշխատավորներին, ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող ու արարող:

Երկրի իշխանություններին, իշխանության ձգտող բոլոր ուժերին կոչ ենք անում շենացնել հայոց երկիրը եւ հայ մարդուն հնարավորություն տալ սեփական քրտինքով ստեղծելու իր ազգային ու ազատ կենսաձեւը եւ արդար ու իրավական, հզոր ու ավանդական պետությունը:

Հայաստանում չպե՛տք է լինեն գործազուրկներ, անտեր ու թափառական մարդիկ, այստեղից էլ՝ մանկատներ ու ծերանոցներ, մուրացկաններ, ինչը հայ տեսակի համար լուռ ամոթանքի դրոշմ է: Հայ մարդը պետք է ապրի հզոր երկրում, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում, որտեղ ամեն մարդ կարող է անձնապես նպաստել իր պետության արդյունաբերության, գյուղատնտեսության, տնտեսության կարեւորագույն ճյուղերի, գիտության ու մշակույթի եւ բոլոր այլ ոլորտների զարգացմանը:

Շնորհավոր մայիսի 1-ը եւ միշտ փա՛ռք հայ աշխատավորին: Թող լինի՛ աշխատանք, ու նաեւ աշխատանքը կանչի տուն հային, այսուհետ արտագաղթին փոխարինի ներգաղթը:

 

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

01.05.2014թ. Հայաստան-Սփյուռք

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ