«ԿԳԲ-ն սաղիդ հեռախոսները լսում է, ով ընդվզեց, խնդիրներ է ունենալու ուժային կառույցների հետ». պայթյունավտանգ իրավիճակ Արամուս գյուղում
Այսօր՝ ապրիլի 10-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակը Կոտայքի մարզի Արամուս գյուղում շարունակվում է։ Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցիչները, սովորողնեն ու երեխաների ծնողները, ովքեր պահանջում են, որպեսզի Կոտայքի մարզպետարանի պատասխանատուները, վերջապես, լուծեն 21 օր դպրոցում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում դպրոցի մոտ հավաքվածներն ասում էին.
«Մենք մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի տնօրեն նշանակվի մեր կողմից սիրված ու ընդունելի դպրոցի փոխտնօրեն Անդրեյ Փիլիպոսյանը, քանի որ նրա աշխատանքային գործունեությանը բոլորս ծանոթ ենք։ 14 տարի նա մեր աչքի առաջ է իր աշխատանքային գործունեությունը շարունակել դպրոցում ու հիմա չգիտես ում քմահաճույքով՝ դպրոցի տնօրեն է նշանակվել ինչ-որ դասվար, ով դպրոց գալու առաջին օրվանից ավելի շատ զբաղված է մարդկանց ահաբեկելով, քան երեխաներին ուսում տալով։ Բանը հասել է նրան, որ նա բոլորիս ահաբեկում է՝ ասելով, թե ԿԳԲ-ն սաղիդ հեռախոսները լսում է, ով ընդվզեց, խնդիրներ է ունենալու ուժային կառույցների հետ։ Մինչև հիմա չի հասկացել, որ անցել են այդ ժամանակները։
Մեր վախը շուտվանից բռնել են։ Եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվեց, ապա ողջ գյուղով՝ ահել-ջահել, մեր ու մանուկ, ոտքով գնալու ենք Երևան ու կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց ենք անելու»։ ֆոտոլրագրողը հայտնում է՝ երբ ծնողները դպրոցի ներսում ցանկացան հանդիպել տնօրենի հետ, նա հրաժարվեց՝ հայտնելով, որ ինքն իրավունք ունի չխոսելու ու մտելով կաբինետ՝ ներսից փակեց դուռը, ու ծնողները երկար ժամանակ ընդունարանում վանկարկում էին «հեռացի՛ր, հեռացի՛ր»։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը նշված գյուղից հայտնել էր, որ մարտի 22-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։
Վաղ առավոտվանից Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում սկսվել էր դասադուլ, և երեխաները, ծնողներն ու ուսուցչական ողջ անձնակազմը պահանջում էին, որպեսզի դպրոցի տնօրեն նշանակվի երկար տարիներ նույն դպրոցում փոխտնօրեն աշխատած Անդրեյ Փիլիպոսյանը։ Դպրոցի բակում էին հավաքվել երեխաները, ծնողներն ու ուսուցչական կազմը և վանկարկել, որ իրենք տնօրեն են ուզում Ա. Փիլիպոսյանին։
Օրեր առաջ նշված դպրոցում տնօրենի ընտրություն էր տեղի ունեցել, և թեկնածուներից մեկը եղել էր Ա. Փիլիպոսյանը, իսկ մյուս թեկնածուն՝ Նոնա Պողոսյանը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է և աշխատել է Աբովյանի թիվ 10 դպրոցում՝ որպես դասվար և նրա թեկնածությունը, հավաքվածների ասելով, առաջ էր քաշել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Ընտրությունների 2 փուլերի արդյունքում թեկնածուները հավաքել էին 4-ական ձայն, սակայն դպրոցի կոլեկտիվը նամակ-դիմումով խնդրել էր փոխվարչապետին, որպեսզի տնօրեն նշանակվեր Ա. Փիլիպոսյանը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի