Քանի դեռ ՍԴ կողմից օրենքը հակասահմանադրական չէ, այն սահմանադրական է. նախարարի պարադոքսը
Կառավարության կողմից ներկայացված կենսաթոշակային պահումները չվճարելու դիմաց տուգանքների դադարեցման մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հարցրեց՝ վերադարձվելու են այն մարդկանց գումարները, որոնք աշխատակիցների կամքին հակառակ բռնագանձվել են ու փոխանցվել են ֆոնդերին:
՛՛ ՍԴ-ն որոշումը կա, գումարները բռնագանձված են, այն դեպքում, երբ դուք իրավունք չունեք պահելու դրանք՛՛,-ասաց նա: Նախարարը պատասխանեց, թե չի կարելի այդ գումարները բռնագանձված անվանել: ՛՛ՍԴ որոշմամբ ամրագրվեց սեփականության իրավունքի հետ կապված հարցը ու եթե համակարգին ենք նայում, հստակ ամրագրում եմ՝ մինչև սեպտեմբերի երեսունը դրույթները պետք է ունենան լուծումներ: Քանի դեռ ՍԴ կողմից օրենքը հակասահմանադրական չէ, այն սահմանադրական է: Մենք ունենք ՍԴ որոշումը՝ մինչև սեպտեմբերի երեսունը պետք է իրականացնենք ամբողջական լուծումներ նոր փաթեթով, որովհետև հարցադրումները, որոնք կան, պետք է կարողանանք ամբողջական գնահատել, քննարկել, գտնել համատեղ ընդունելի լուծումներ: Անել քայլ, որը կարող է լրացուցիչ խոչընդոտներ առաջացնել, որևէ կողմի համար ընդունելի չի լինի՛՛,-հավելեց նախաարը:
Վերջինս հավելեց, թե ՍԴ որոշումը չի կարող մեկնաբանել: