Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ
Ապրիլի 27-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքով հանդես եկավ Փարիզի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոս Միշել Օպըտին: Այնուհետև մատուցվեց հայկական ծիսակարգով պատարագ Ֆրանսիայի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի մասնակցությամբ:
Ֆրանսիայի Մայր տաճարի սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Օ-դը-Սեն շրջանի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի նախագահող Ալեքսի Գովսյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանը, ֆրանսահայ երևելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային և լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի և օտարերկրացի բազմաթիվ հավատավորներ:
Նախքան պատարագը դեսպան Չիտեչյանը այցելեց Ժխտողականության դեմ հայկական զգոնության «Colectif VAN» կառույցի կողմից նախաձեռնված ցուցահանդեսին, որն օրվա ողջ ընթացքում անցկացվում էր Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում: