Ողբերգական ավտովթար Երեւանում. զոհ, վիրավորներ
Մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan մակնիշի 36 AD 450 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 MR 379 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիցչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի