Նիկոլ Փաշինյանը ռեկտորների հարցում ավելացնում է «դոզան»
Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ հիշեցնելով օրերս վարչապետի արած հայտարարությունը:
«Հարգելի պարոն Փաշինյան, եթե չեմ սխալվում՝ Ձեզ է պատկանում այն արտահայտությունը, որ մեզ պետք չեն այնպիսի ռեկտորներ, որոնք ուսանողների առջև դուռ են փակում։ Արդյո՞ք նրանց աշխատանքը գնահատվում է դռներ բացել-փակելով, կամ նրանց գնահատենք, թե որքանո՞վ են աջակցել հեղափոխությանը։ ԵՊՀ ռեկտորի հետ կապված անձնական խնդիր չկա, նրա նկարի տակ մոմի լույսի տակ չեմ աղոթել, այստեղ կարևորը երևույթն է»,- հարցրեց պատգամավորը։
Անդրադառնալով հարցին՝ ՀՀ վարչապետն ասաց, որ ընդհանուր առմամբ պետք է գնահատական տան այն իրավիճակին, որն առկա է բուհական համակարգում։
«Պետք է անկեղծ խոստովանենք, որ մեր բուհական համակարգը չի համապատասխանում այն չափանիշերին և այն մարտահրավերներին, որոնք կան մեր երկրի առջև։ Մեր բուհական համակարգում տիրում է արխաիկ մտածելակերպը, ինչն ինձ համար փաստ է։ Այն, որ դուք ասում եք՝ դռները բաց կամ փակ պահել, ես հասկանում եմ, որ նման չափանիշ դժվար թե ձևակերպեն, բայց դա շատ կարևոր բանի նշան է։ Ընդհանրապես բոլոր երկրներում բուհական համակարգն առաջադիմության և առաջադիմական գաղափարների կարևոր օջախ է: Գաղտնիք չէ, որ Հայաստանում անկախության հռչակումից ի վեր բուհերը հակառակ պրոցեսի դերակատարումն են ունեցել, դրանք եղել են իշխանությունների ձեռքին բութ գործիք»,- ասաց վարչապետը։
Ըստ նրա, ԵՊՀ-ն նախկինում գումարներ էր փոխանցում «Երիտասարդական հիմնադրամին», որը գտնվում էր Հանրապետական կուսակցության հսկողության տակ, որն էլ ուսանողներին ուսման վարձ էր տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե նրանք ինչ վերաբերմունք ունեին կուսակցության նկատմամբ։
«Կարող եմ ասել, որ՝ այո՛, այս հեղափոխությունը սկսվել է ԵՊՀ-ի դռները բացելով, և դրանք պետք է բաց մնան։ Այո, այն ռեկտորը, որը չափահաս մարդու առջև փակում է դռները և ասում, որ այդ դռներից դուրս չպետք է գա՝ նա անելիք չունի Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ուզում եք՝ գնահատեք, նուրբ է, կոշտ է թե կոպիտ, այդպես է, որովհետև այսօրվա տրամաբանության մեջ պետք է դա տեղի ունենա։ Այդ ռեկտորները պետք է հավաքեն իրենց իրերը և գնան իրենց գործերով զբաղվեն, որովհետև նոր Հայաստանում համալսարան ղեկավարելն ունի բոլորովին ուրիշ առաքելություն, ես սա ասում եմ՝ որպես քաղաքական դիրքորոշում։ Կառավարությունն ունի օրինական լծակներ և չի օգտագործի ապօրինի լծակներ»,- նշեց վարչապետը։
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանին՝ Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ բոլորն էլ շահագրգռված են, որ օրենք խախտած ռեկտորները մեկուսացվեն պաշտոններից։
«Երբ հեղափոխության օրերին ժողովուրդը գալիս էր ձեր հետևից, առաջին ակնկալիքը, որ ունեցել է, դա այն էր, որ հեղափոխությունից հետո հաստատվելու է արդարության և ազատության մթնոլորտ։ Եթե մենք զարմանում ենք, ուրեմն պետք է զարմանաք նաև նրա վրա, որ պատգամավորն ամբիոնից իր գրած տեքստը չի կարողանում կարդալ, ի՞նչ գործ ունի մարզպետ նշանակվելու մի մարդ, որ կոկորդիլոսը թռչունից չի տարբերում, և ի՞նչ գործ ունի մի մարդ՝ լինելու Վերահսկողության ծառայության պետ, որը խախտում է էթիկայի կանոնները և ասում, թե ինքը ձերբակալվողի նմա՞ն է, երբ հարցնում են, թե չի վախենում, որ իրեն կձերբակալեն, ձերբակալվողի նմանս ո՞րն է։ Եթե Դուք գնում եք այդ ուղղությամբ, խնդրում եմ, ուշադրություն դարձրեք հավասարության սկզբունքն անխախտ պահելու ուղղությամբ»,- հավելեց պատգամավորը։
Վարչապետը պատասխանելով պատգամավորին՝ նշեց, որ նրա մտահոգությունները կիսում է, բայց. «Եթե կարծում եք, որ ձեր խմբակցության բոլոր պատգամավորները համապատասխանում են նշած չափանիշերին՝ անսխալ կարդում են տեքստերը, Ձեր առաջ հանձնվում եմ»։