Այս ծրագիրը լուրջ խոչընդոտ է Սեւանի առողջացման ճանապարհին. բնապահպան
Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱԺ-ին ներկայացված “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով Սևանա լճից ջուր բացթողումը 5 տարվա ընթացքում կավելանա 40%–ով, ՛՛Հանուն կայուն մարդկային զարգացման՛՛ հկ նախագահ Կարինե Դանիելյանը ասաց, որ այսօրվա դրությամբ Սևանից կարելի է վերցնել միայն մինչև 170 մլն խմ ջուր:
“Սևանի մասին օրենքը, իհարկե, նախատեսում է, որ ռիսկային տարում սահմանված չափից ավելի ջուր վերցնել, սակայն ինչո՞ւ 5 տարով: Կառավարությունն ու Ազգային ժողովը չեն փախչի: Այսօր վստահություն չկա, որ հինգ տարի շարունակ մեզ այդքան ջուր է հարկավոր”,- նշեց բնապահպանը:
Ասուլիսին ներկա էր նաեւ “Սևան-Հրազդան ջրառ” ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, ով ասաց, որ այս տարի բավական սակավաջուր տարի է, ինչի արդյունքում Արարատյան դաշտը խնդրի առաջ է կանգնած:
“Եթե որևէ մեկը կասկած կունենա, որ անգամ մեկ լիտր ջուր չի գնալու Արարատյան դաշտ, այլ օրինակ՝ սահմանից դուրս, ինչպես հաճախ ասում են բնապահպանները, ապա կարող եք գնալ, նայել, թե ինչը որտեղ է հոսում։ Այս հինգ տարիների ընթացքում կառուցելու ենք ջրամբարներ, Եղվարդի ջրամբարն ենք վերականգնելու, Վեդու ջրամբարը, Օշականի տակ ենք փորձում կառուցել ջրամբար: Փորձելու ենք ջուրը հավաքել”,- նշեց նա:
Կ. Դանիելյանն էլ ասաց, որ փորձը ցույց է տալիս, որ Սևանի միակ փրկությունը մակարդակի բարձրացումն է:
“Այս ծրագիրը լուրջ խոչընդոտ է Սևանի առողջացման ճանապարհին”,– ասաց բնապահպանը: