05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Թավշյա» կոռուպցիան եւ արբիտրաժի իրական խնդիրը. 168 ժամ

168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում «կոռուպցիա» բառը հաճախ ընկալվում է՝ որպես «կաշառք»: Մինչդեռ կոռուպցիայի առաջին իմաստը հետեւյալն է՝ իշխանության ներկայացուցչի կողմնակալ կամ հակաօրինական գործողությունները կամ անգործությունը (Վիքիպեդիայի ձեւակերպումն է), շահադիտական կամ այլ նպատակներով:

Հետեւաբար, նույնիսկ, եթե ընդունենք, որ, կաշառք այլեւս ոչ մի պաշտոնյա չի վերցնում, ապա դրանից չի բխում, որ կոռուպցիան մեր երկրում վերացել է: Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հակասող հայտարարություններ անի՝ մեկ ի լուր աշխարհի հայտարարի, թե Հայաստանում կոռուպցիա չկա՝ «զրո» է, մեկ հայտարարի, որ նման դեպքեր կան, մարդիկ են ձերբակալվում։ Քանզի որպես կոռուպցիա՝ կարելի է բնութագրել իշխանության ցանկացած քայլ, որտեղ կա կողմնակալություն կամ անարդարություն:

Այս օրերի քաղաքական թոհուբոհի թեմաներից մեկը «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կողմից միջազգային արբիտրաժ դիմելու առաջին քայլն էր՝ պաշտոնական հայտարարությունը, որից հետո՝ ըստ ընթացակարգի, տրվում է մի քանի ամիս ժամանակ վեճը կարգավորելու կամ դատական գործընթացը սկսելու համար:

Այս շաբաթ «Լիդիանը» տարածեց եւս մեկ հայտարարություն, որտեղ կային բավական ուշագրավ շեշտադրումներ: Այսպես, հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի կառավարության գործողությունները եւ անգործությունը Հայաստանում «Լիդիանի» ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են կազմում: Որեւէ այլ ընկերություն Հայաստանում չի ենթարկվել երեք աուդիտի՝ 2018թ.-ի հունիսից սկսած, եւ զրկված չի եղել իր գործունեությունը շարունակելու հնարավորությունից»:

Իրավագիտությունից հեռու մարդու համար էլ պարզ է, որ նման իրավիճակում կորպորացիաները վարձում են առաջատար իրավաբաններ: Հետեւաբար՝ այս բառերը պատահական չեն ընտրվել: Ի տարբերություն կառավարության անդամների, որոնք այս ամիսների ընթացքում, առանց երկար մտածելու, Ամուլսարի խնդրի շուրջ տասնյակ հրապարակային հայտարարություններ են արել եւ շարունակում են նույն ոճով, ինչը կարող էր հիմք հանդիսանալ «Լիդիանի» կողմից նման ծանրակշիռ պնդման համար:

«Լիդիանը», փաստորեն, կառավարությանը մեղադրում է մեկ առանձին վերցված ընկերության հանդեպ անարդար եւ խտրական վերաբերմունքի մեջ: Ակնհայտ է, որ, եթե ընկերությունը նման բան է հայտարարում, ուրեմն ընկերության, թերեւս, շատ թանկ վարձատրվող իրավաբանները վստահ են, որ խտրականության մեղադրանքը կարող են պաշտպանել նաեւ արբիտրաժում: Մի կողմ թողնելով բնապահպանական բանավեճի թեր ու դեմ փաստարկները, իրավական տրամաբանության առումով կարելի է տեսնել հետեւյալ պատկերը: Ամուլսարի ճանապարհներն արդեն 9 ամիս փակ են:

Կառավարությունը հայտարարում է, որ դրանք կբացվեն՝ ըստ միջազգային փորձաքննության արդյունքների: Քանզի կառավարության իսկ խոստովանությամբ Հայաստանում չկան մասնագետներ, որոնք արժանահավատ գնահատական կտան հանքի հնարավոր ազդեցությանը: Ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանում գործում են տասնյակ այլ հանքեր, որոնց ազդեցությունները մեզ հայտնի չեն, քանզի կառավարությունը խոստովանել է, որ մեր մասնագետները չեն կարող նման հանքերի ազդեցության լիարժեք գնահատական տալ, սակայն այդ հանքերը գործում են:

Իսկ այ, Ամուլսարի դեպքում անհրաժեշտ է միջազգային փորձաքննություն: Սրան գումարենք, որ Ամուլսարը միակ հանքն է Հայաստանում, որն ունի, օրինակ, ՎԶԵԲ-ի նման բաժնետեր, որը պարտադրում է որոշակի բնապահպանական չափանիշեր, ու չնայած դրան՝ կառավարությունը, «Լիդիանի» ձեւակերպմամբ, «թիրախավորել է» հենց այս հանքը: Ինչպես ասված է «Լիդիանի» հայտարարության մեջ, որտեղ երեւում է ընկերության իրավաբանների վստահությունը, խտրական վերաբերմունքն առավել քան տեսանելի է:

Բուն փորձաքննության հատվածը պակաս խնդրահարույց չէ: Կառավարությունը, բավական թափանցիկ գործընթացով ընտրել է ինչ-որ լիբանանյան կազմակերպություն: «Լիդիանի» բնապահպանական հետազոտությունները կազմել են արեւմտյան կազմակերպություններ:

Այս ամերիկյան եւ անգլիական կազմակերպությունների մասնագետները մի քանի անգամ հարցազրույց են տվել հայկական մամուլում՝ պնդելով, որ Ամուլսարը միջազգային չափանիշերին համապատասխանում է: Մի կողմ թողնելով նման պնդումների արժանահավատությունը, այն հանգամանքը, որ «Լիդիանն» արել է արբիտրաժի ճանապարհի առաջին քայլը, հուշում է, որ ընկերությունը պատրաստ է այս փորձաքննության ցանկացած ելքի, եւ անբարենպաստ որոշման դեպքում, միեւնույն է, գնալու է արբիտրաժ: Քանզի ոչ մասնագետի համար էլ, թերեւս, կասկածելի է, որ լիբանանյան ընկերությունն ամերիկյան ու անգլիական կազմակերպությունների նախագծում դատարանում ապացուցելի խնդիրներ կգտնի:

Թեեւ սա, տվյալ դեպքում, երկրորդական է: Խնդիրն այն է, որ ներդրումների պաշտպանության շուրջ երկկողմ պայմանագրերում, որպես կանոն, ամրագրվում է արդար եւ հավասար պայմանների ապահովման պարտավորությունը: Արդյո՞ք ելնելով վերը շարադրվածից՝ «Լիդիանի» հանդեպ այդ սկզբունքը պահպանվել է: Դատելով «Լիդիանի» հայտարարությունից, հենց սա է լինելու հիմնական խնդիրը: Եվ հարցի պատասխանն արդեն բավական ակնհայտ է:

Դե, իսկ ի՞նչ կարժենա հարկատուներիս համար կառավարության նման՝ առնվազն անփույթ վերաբերմունքը խնդրի հանդեպ՝ ի դեպ, թե՛ արբիտրաժ հասնելու, թե՛ նույնիսկ դրան չհասնելու դեպքում, առանձին հաշվարկի թեմա է: Հատկապես որ, արդեն իսկ «Լիդիանն» աշխարհին է ներկայացնում Հայաստանում կիրառվող խտրականության օրինակ, ու այն հայտարարությունները, թե Հայաստանում կոռուպցիան վերացել է, արդեն իսկ լուրջ մարտահրավերների են հանդիպում այս մի գործով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ