26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԵԿ պաշտոնյայի նվերը թանկ է նստել կառավարության վրա. 168 ժամ

Արտերկրից ներմուծվող ապրանքի մաքսազերծման կանոների չիմացության կամ ավելորդ ինքնավստահության պատճառով օրերս անհարմար վիճակում է հայտնվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարձրաստիճան պաշտոնյան: Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ի նախագահի տեղակալ նշանակված Շուշանիկ Ներսիսյանը, ով ՊԵԿ-ում համակարգում է մաքսային ոլորտը, բարի կամքի դրսևորման նպատակով որոշել է աջակցել գործարարներին: Պաշտոնյա տիկնոջ աջակցությունը դրսևորվել է մաքսազերծվող ապրանքների համար նախատեսվող մաքսավճարը նվազեցնելու միջոցով:

Մասնավորապես առաջարկվել է իրականացնել կարճաժամկետ ակցիա, որի շրջանակներում հրահանգվել է հավասարեցնել հանգստյան օրերի ու աշխատանքային օրերի մաքսավճարները, իսկ դրանք, ըստ էության, խիստ տարբեր են, հետևաբար՝ կանանց տոնական միամսյակում պաշտոնյա տիկնոջ կողմից արված նվերը կարող էր շատ թանկ նստել պետության վրա: ՊԵԿ պաշտոնյան իր հրահանգին դիմակայող որոշ մասնագետների վստահեցրել է, որ ակցիայի հետևանքով պետության կրած վնասները կանխատեսելի են իր համար, հետևաբար՝ ինքն իր պաշտոնական լիազորությունների շրջանակներում իրավասու է նման որոշում ընդունել ու չունի նահանջելու լուրջ պատճառ:

168.am–ի հավաստի աղբյուրը փոխանցում է, որ ՊԵԿ պաշտոնյայի հրահանգը գործել է միայն մեկ անցակետի դեպքում. պատճառն այն է, որ մաքսային ոլորտը համակարգող ղեկավարի բանավոր հանձնարարականին չի ենթարկվել ամենամեծ մաքսատներից մեկը՝ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատան ղեկավարը, իսկ գործընկերոջ համարձակ վարքագիծն օրինակ է ծառայել մյուսների համար:

«Զվարթնոցի» մաքսատան ղեկավարը պահանջել է, որպեսզի ՊԵԿ նախագահի տեղակալն իր հանձնարարականը գրավոր իջեցնի ենթականերին՝ խոստանալով, որ պատշաճ ծանուցումից հետո ինքն էլ, մյուսներն էլ նոր ընթացակարգով կաշխատեն:

Ու մինչ Շուշանիկ Ներսիսյանը փորձել է իր նախաձեռնության համար զեկուցել, պատասխան ստանալ վերին օղակից ու իրավական հիմքերը պատրաստել, համակարգից ներքին կարգով ինֆորմացիայի արտահոսք է եղել նրա դեմ:

Կառավարություն ահազանգ է եղել մոտավորապես այն բովանդակությամբ, որ պետական պաշտոնյան ինքնագործունեության է անցել՝ եկամտի աղբյուր ստեղծելու փոխարեն՝ եղած միջոցներն է փոշիացնում: Զանգերի արդյունքում, բնականաբար, կանխվել է գործարարի շահին ուղղված ՊԵԿ պաշտոնյայի ակցիան։ Մեր աղբյուրը պնդում է, որ դրանից հետո վնասների չափն են գնահատում:

Նշենք, որ մաքսվճարը, ըստ էության, ձևավորվում է մաքսազերծվող ապրանքի ինվոյսային արժեքի կամ ՊԵԿ-ի կողմից հիմք ընդունած կողմնորոշիչ գնի միջոցով՝ ներկրողից գանձվող գումարի առնվազն 0.15 %-ի չափով:

Իսկ հանգստյան օրերին հերթապահող մաքսավորների սպասարկած անձինք հիմնականում այն գործարարներն են, որոնք սահմանային անցակետ են հասել հանգստյան օրերին ու հարկադրված են փչացող ապրանքը մաքսազերծել՝ անկախ վճարի չափից, մյուս խումբը պարզապես նախընտրում է ներկրված ապրանքը պահեստներում ևս երկու օր ամբարել, առանձին ծառայության դիմաց մեկ այլ տերմինալին վճարելու փոխարեն՝ կրկնակի մաքսավճարով անել մաքսազերծումն ու գործնականում շահել ևս երկու օր:

Փորձեցինք մեր տեղեկատվությունը ճշտել ՊԵԿ-ի լրատվական բաժնից։ Առաջարկեցին գրավոր հարցումն ուղարկել ու սպասել, մինչև նույն պաշտոնյան կվերադառնա արտասահմանյան գործուղումից:

Նշենք, որ Շուշանիկ Ներսիսյանը ՊԵԿ-ում պաշտոնի նշանակվել է հեղափոխության արդյունքում, մինչ այդ նա պետական կառավարման համակարգում երբևէ չի աշխատել, գործունեության ոլորտը մասնավոր հատվածն է եղել»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ