Հարց եմ ուղղել բոլորին` նրանք ինձ հե՞տ են, թե՞ ոչ, եւ բոլորը միաձայն դրական պատասխան են տվել. Սերժ Սարգսյանի ցուցմունքը
Armlur.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը:
Հարց. Քննությամբ նաեւ փաստվել է, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ի պաշտոնե տեղեկացված լինելով Զինված ուժերի ստորաբաժանումների տեղաշարժի մասին, 2008թ. փետրվարին հիշյալ ստորաբաժանումները Երեւանում եւ մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը` միաժամանակ արդարացնելով վերջիններս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին: Անձնակազմերի հետ ունեցել է ոգեւորիչ եւ խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ են համախմբվել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն ու հեղաշրջումը, ապահովվել կայունությունը: Իսկ մարտիմեկյան իրադարձություններից հետո հիշյալ զինծառայողներին են այցելել պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ու Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ովքեր շնորհակալություն են հայտնել ծառայության համար, մասնավորապես որ չեն թողել` հեղաշրջում լինի: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ ամենի կապակցությամբ:
Պատասխան. Նախ նշեմ, որ նման հանգամանքների մասին լսում եմ առաջին անգամ, բացի այդ, ես կարծում եմ, որ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը գնացել է զորամաս, որպեսզի ստուգի տեղում զորքերի մարտական պատրաստվածությունը:
Հարց. Ինչպես արդեն նշեցի գործով ձեռք բերված տվյալները, որ, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանով, ՀՀ Զինված ուժերը բերվել են զորանոցային վիճակի, առանձնացված ստորաբաժանումները ուղարկվել են պաշտպանության նախարարի տեղակալ, Երեւան կայազորի պետ Յուրի Խաչատուրովի ենթակայության տակ: Հաջորդիվ պարզվել է նաեւ, որ 2008 թվականի մարտի 1-ի կեսօրից հետո եւ հաջորդ մի քանի օրերին Յուրի Խաչատուրովը իր տրամադրության տակ անցած զինվորական վարչակազմի գործունեությունն իրականացրել է ՀՀ կառավարության շենքում` երկրորդ հարկում` Ձեր աշխատասենյակին հարակից: …Ի՞նչ գործունեություն էր ծավալում զինվորական այդ վարչակազմը` Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ: Նաեւ նշեմ, որ, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Դուք, ինչպես նաեւ փոխվարչապետ, նույն ինքը` տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբարահամյանը, այցելել եւ մասնակցել եք վարչակազմի աշխատանքներին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ. հարցադրմանը դրական պատասխանելու դեպքում կխնդրեի հանգամանալից ցուցմունք տալ այդ ամենի կապակցությամբ:
Պատասխան. Նախ նշեմ, որ Յուրի Խաչատուրովի մշտական տեղակայման վայրը եղել է գլխավոր շտաբը: Բայց քանի որ Յուրի Խաչատուրովին հանձնարարված էր պահպանել պետական կարեւորագույն օբյեկտները, իսկ ՀՀ կառավարության շենքը նման կարգավիճակից է օգտվում, ուստի նա, ամենայն հավանականությամբ, ժամանակավորապես տեղակայվել է ՀՀ կառավարության շենքում` ապահովելու կառավարության շենքի անվտանգությունը: Իսկ ինչ վերաբերում է իմ մասնակցությանը նրանց աշխատանքներին, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Ես միայն հիշում եմ մեկ դեպք. դա եղել է մարտի 1-ի երեկոյան, երբ Գորիկ Հակոբյանն ինձ զեկուցեց, որ ցուցարարները հասել են Պրոսպեկտ եւ կարող են բարձրանալ կառավարության շենքի ուղղությամբ: Ես այդ ժամանակ մտել եմ 2-րդ հարկում գտնվող խորհրդակցությունների սենյակ եւ այնտեղ գտնվող բոլոր զինվորականներին եւ մյուս մարդկանց ասել եմ, որ եթե ցուցարարները գան կառավարության շենք, ես դուրս եմ գալու եւ պաշտպանելու եմ շենքը, որից հետո հարց եմ ուղղել բոլորին` նրանք ինձ հե՞տ են, թե՞ ոչ, եւ բոլորը միաձայն դրական պատասխան են տվել:
Հարց. Ինչպես արդեն նշվել է, ըստ «արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի` արտակարգ դրության ռեժիմն ապահովելը վերապահվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը, այսինքն` ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին: Առաջարկում եմ հայտնել, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ումի՞ց եւ ի՞նչ էին պաշտպանելու, ո՞ւմ դեմ էին պայքարելու:
Պատասխան. Իմ կարծիքով` այն բոլոր անձանց դեմ, ովքեր փորձելու էին անօրինական մուտք գործել պետական կարեւորագույն պահպանվող տարածքներ:
Հարց. 2008 թվականին գործող «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ՀՀ զինված ուժերը կոչված են դիմակայելու զինված հարձակմանը, պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ինչպե՞ս կբացատրեք եւ ինչո՞վ կհիմնավորեք այն հանգամանքը, որ սահմանին գտնվող ախոյանի, արտաքին թշնամու դեմ զինված գործողություններ կատարելու փոխարեն զինված գործողություններ պետք է կատարեին ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներից դժգոհ, սահմանադրական իրավունքներն իրացնող քաղաքացիների դեմ:
Պատասխան. Ես մինչեւ 2018 թվականի ապրիլի 24-ը բջջային հեռախոսահամար երբեւէ չեմ օգտագործել:
Հարց. 2008 թվականի դրությամբ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվել այդ ժամանակվա ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ:
Պատասխան. Նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ:
Հարց. Լեւոն Սարգսյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ առնչվե՞լ եք արդյոք 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին: Եթե այո, ապա ի՞նչ հանգամանքներում, որտե՞ղ, ի՞նչ նպատակով եք հանդիպել եւ ի՞նչ զրույց եք ունեցել նրանց հետ:
Պատասխան. Անկեղծ ասած` ներկայումս չեմ հիշում, բայց չեմ բացառում, որ նրանք այդ օրերին կառավարության շենքում եղած լինեն: Հարցաքննության 4 ժամը լրանալու կապակցությամբ հարցաքննությունը դադարեցվել է, եւ 2-րդ հարցաքննությունն իրականացվել է 2019 թվականի փետրվարի 6-ին: