22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ատմոսֆերա» սրճարանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել քաղաքապետարանի դեմ

Օպերայի հարակից տարածքի սրճարաններից «Ատմոսֆերա» ՍՊԸ-ի սեփականատերերից Էլիզաբեթ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են դատարան դիմել իրենց գույքը փչացնելու համար:

Նա տեղեկացրեց, որ նախորդ օրերի ընթացքում ապամոնտաժման աշխատանքների ժամանակ վնասվել են իրենց սրճարանի սեղան-աթոռները:

Այնուհետև նա անդրադարձավ քաղաքապետարանի այն հայտարարությանը, թե վարձակալներն ընդամենը 90 հազար դրամ վարձավճար են վճարում: ««Ատմոսֆերայի» վճարումները մեկ ամսվա համար եղել են 1-2 մլն-ից ավելի»,- հավաստիացրեց Ղազարյանը:

Նա ասաց, որ նրանք անընդհատ այդ փաստն են նշում, բայց, եթե իրենց էլ ասեին այդ գնով վարձակալեք, իրենք չէին ասելու` ոչ, ես մեկ մլն եմ վճարելու:

«Եթե քաղաքապետն ասում է, որ պրոցեսը շարունակական է լինելու, թող կազմակերպի հանդիպում այստեղի բոլոր սեփականատերերի հետ: Այս ամեն ինչն ուղղակի շոու է: Օրինակ՝ ինչքանո՞վ է հաճելի, որ այսօր այս վիճակն է այստեղ: Ի՞նչի համար է այս ամենն արվում, որ վանդալիզմը շատանա՞: Երկու օր առաջ, երբ խնդրեցինք, որ քաղաքապետի հետ հանդիպում կազմակերպեն, այդպես էլ հանդիպում չեղավ: Կենտրոնի ղեկավարը մեզ խոստացավ, որ երկու օր ժամկետում կխորհրդակցի քաղաքապետի հետ, կասի մեր հետագա քայլերի մասին, բայց երեկ առավոտյան տեսանք, որ ապամոնտաժվում է»,- պատմեց նա:

Դիտարկմանը` իրենց  մի քանի ամիս ժամանակ էին տվել, նա ասաց, որ մի քանի ամիս ժամանակ չէին տվել: «15 օր առաջ ենք մենք ստացել այդ ծանուցումները, որ ողջամիտ ժամկետներում ապամոնտաժեք: Ինձ համար ողջամիտ ժամկետը մեկ տարին է, կողքի սրճարանի համար միգուցե երեք տարին է, թող նշեին, ասեին` 10 օրվա մեջ, մենք էլ ասեինք՝ տասն օրվա մեջ չենք կարող»,- ասաց նա և հավելեց, որ ամեն ինչին ձև կա:

«Մենք ի սկզբանե իրենցից խնդրել ենք ժամկետ, ասել ենք` թողեք այս սեզոնին մենք աշխատենք, հոկտեմբեր ամսին ապամոնտաժենք, ինչը, որ հիմա արվում է, վանդալիզմ է»,- ասաց Էլիզաբեթ Ղազարյանը:

Անդրադառնալով քաղաքապետարանի պնդումներին, թե այս սրճարաններում 300-400 աշխատողներ չկան, նա ասաց. «Մեզ մոտ ձմռանն ունենք 10 աշխատող, սեզոնին ունենում ենք 28 աշխատող: Ես չեմ մեծացնում թվերը: Մենք ցանկացել ենք ընդամենը մարդկային վերաբերմունք, երեկ, առաջին օրը մենք վրդովված ենք եղել, բայց դա նորմալ է, որովհետև մեր գույքն էին ավերում»,- ասաց նա:

Էլիզաբեթ Ղազարյանն ասաց, որ իրենց սրճարանում է նոր կառավարությունը նշել հաղթանակը: «Ամենադաժանն այն էր, որ առաջինը քանդել են հենց այս սրճարանը: Այնպես են արել, որ կողքի բոլոր սրճարանների համար դարձել ենք ծաղրի առարկա: Որովհետև մեզ հեղափոխության օրերին ասում էին` մի արեք, մի գոռացեք, մենք ասում էինք, որ ուզում ենք երկրում բան փոխվի: Իմ աշխատողներն ամեն օր ճամփա էին փակում, իրենք պաշտոն չեն ուզել մնացածի նման, ուզել են ընդամենը թողնեն, որ աշխատեն»,- եզրափակեց նա:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ