28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԾԻԳ-ը փակում ենք, տեղը ՓԲԸ ենք ստեղծո՞ւմ. սա լուրջ չի. Փաշինյանը բարկացավ ու հանեց հարցն օրակարգից

Կառավարության այսօրվա՝ մարտի 14-ի նիստում թեժ քննարկում ծավալվեց կապված գյուղատնտեսության ոլորտում ԾԻԳ-երից մեկը լուծարելու նրա լիազորությունների մի մասը ապահովելու համար նոր կառույց՝ ՓԲԸ ստեղծելու շուրջ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանի նշեց, որ Գյուղնախարարության նախագծով առաջարկվում է Գյուղնախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելուց հետո նրա գործառույթների մի մասը փոխանցել նախարարությանը, մի մասը վերապահել «Գյուղական ֆինանսավորման կառույց» փակ բաժնետիրական ընկերությանը։

«Հիմնադրամի գործառույթները ծրագրերի իրականացման մասով իրականացնելու է նոր ստեղծվող ծրագրերի իրականացման գործակալությունը, որպես նախարարության առանձնացված ստորաբաժանում: «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը եւս լուծարվում է եւ միավորվում է այդ նոր գործակալությանը:

Բացի այդ, ստեղծվում է գուղական ֆինանսավորման կառույցը, որ այդ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի մի մասն է կազմում, այստեղ ստեղծում ենք առանձին ՓԲԸ, որը սպասարկելու է ծրագիրը»,-ասաց Գեւորգյանը:

Սրան առարկեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ իրենց համար անընդունելի է փակել ԾԻԳ-երը եւ փոխարենը ստեղծել ՓԲԸ, որը պետք է զբաղվի նույն գործով, միայն անունն է այլ լինելու. «Կարծում ենք, որ պետք է ձեռնպահ մնալ այդ կազմակերպությունը ստեղծելուց»:

Գեղամ Գեւորգյանը հակադրվեց, որ այնքան էլ այդպես չէ, այդ ԾԻԳ-ը բաղկացած է երկու մասից. «Մենք ԾԻԳ-ը չենք լուծարում, տեղը ստեղծում ՓԲԸ, ընդամենը գործառույթների մի մասը, որը չի կարող իրականացնել նախարարությունը, որովհետեւ նախարարությունը չի կարող revolving fund սպասարկել, շահույթ գեներացնել, հետո այդ շահույթը բաշխել ծրագրին համապատասխան համապատասխան, նաեւ սպասարկել ենթավարկ: Դրա համար ստեղծում ենք այդ ՓԲԸ-ն»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե ԾԻԳ-ի այդ հատվածը ի՞նչ էր անում, ՓԲԸ-ն ի՞նչ է անելու, ինչո՞ւ դա պետք է արվի եւ ինչո՞ւ չի կարող անել նախարարությունը կամ պետական սովորական շրջանակի մեջ գտնվող որեւէ կառույց:

Դիտարկմանը, թե այդ կառույցը բանկին «էժան փող է տալիս», վարչապետն արձագանքեց. «Հիմա կառավարությունը չի՞ կարող բանկին տալ փողը, ասել՝ տալիս եմ, որ դու մաքսիմում էս տոկոսով ֆինանսավորես: Ձեր նկարագրած մարմինը, որեւէ դոնորից, որպես պետական մարմին մշակում է ծրագիրը, դրա համար վերցնում է գումար, այդ գումարը բովանդակության հետ տալիս է բանկերին, ասում է՝ այս չափանիշներով, էս տոկոսով կտաս գյուղացիներին: Գյուղացին գնում է բանկ, վերցնում է վարկը, հետո փակում է վարկը բանկին: Իսկ այդ ընթացքում այդ մարմինն ի՞նչ է անում: Ինչու դա չի կարող անել նախարարությունը կամ դրան որեւէ բաժինը»:

Գեղամ Գեւորգյանը նշեց, որ նախարարության բաժինը չի կարող այդպես ճկուն լինել, ինչը զայրացրեց Փաշինյանին. «Բա եթ եչի կարող ճկուն լինել, ինչի՞ ենք իրեն պահում: Մենք, ըստ էության, գործ ունենք արտապատվիրակված լիազորության հետ, մենք բանկին փող ենք տվել, գյուղացուն էլ ասել ենք՝ կա նման հնարավորություն, գնացեք էս տոկոսով վարկ վերցրեք: Հիմա իրենք իրար մեջ աշխատում են, իրար հետ աշխատում են, մենք էդ ընթացքում ի՞նչ ենք անում, էդ ի՞նչ է որ, կներեք, պարզապես ուժայիններին հայացքս ընկավ, դրա համար եմ ասում՝ «հատուկ սպեցնազ» ենք ձեւավորում, որ վերահսկի այդ գործառույթը»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարզաբանեց, որ այստեղ կարեւորը դոնորների կեղվածքն է. «Դոնորը պատրաստ է ֆինանսավորում տրամադրել, եթե այդ գումարը վերաբաշխվելու է բանկերին առեւտրային գործարքների սկզբունքներով: Դոնորից փողը վերցրեցինք, տվեցինք առեւտրային բանկերին, ասացինք՝ ֆինանսավորի: Էստեղ հարցն այն է, թե արդյոք դոնորը պատրաստ է ուղղակի պետությանը տրամադրել այդ գումարները»:

Փաշինյանը նկատեց. «Եթե մեր միակ փաստարկն այն է, որ դոնորը սենց է ուզում, բա մենք ո՞վ ենք ստեղ հավաքված»:

Դիտարկմանը, թե այդ ՓԲԸ-ն սպասարկում է նաեւ պետության պարտքը, Փաշինյանին զայրացրեց. «Մենք 7 մլրդ դոլարի պարք ունենք, եկեք բոլոր պարտքերի համար մի ՓԲԸ ստեղծենք, որ սպասարկի, ինչի՞ չենք ստեղծում: Մենք փաստորեն մի մեծ կառույց ենք ստեղծում, որին հետո պահպանման ծախսեր տանք»:

Ի վերջո, Կառավարության ղեկավարն արձանագրեց՝ ակնհայտ է, որ պատրաստ չեն այս հարցով որոշում կայացնելու, պետք է լուծումը գտնել: Նա առաջարկեց հարցը հանել օրակարգից, ի պատասխան՝ Գեւորգյանը նշեց, որ ապրիլի 1-ից կկանգնեն մի խնդրի առաջ, որ նշված կառույցի աշխատողներին աշխատավարձ չի կարողանա վճարել, քանի որ ԾԻԳ-ը կլուծարվի, նոր կառույց չի ստեղծվի: Փաշինյանն առաջարկեց արագ լուծում գտնել, հարկ եղած դեպքում արտահերթ նիստ հրավիրել, խնդիրը կարգավորել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ