Փոխհրաձգություն հայերի, ադրբեջանցիների եւ դաղստանցիների միջեւ. կա հայ զոհ
ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում մարտի 10-ին հրազենի կիրառմամբ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել` երեք մարդ: Ինչպես հայտնում է bloknot-volgograd.ru-ն, փոխհրաձգությունը տեղի է ունեցել մի դաղստանցու շուրջ վեճի պատճառով: Դաղստանի վեց քաղաքացի մտել է Ֆրոլովոյում գտնվող ու հայ-ադրբեջանական խառը ընտանիքին պատկանող խանութ-գրասենյակ:
Կոնֆլիկտի մաս կազմող հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչները գործարարներ են, նրանք զբաղվում են առևտրով:Փոխհրաձգության մասնակիցներից մեկի պատմելով՝ առաջինը կրակ են բացել դաղստանցիները. դրա հետևանքով զոհվել է մեկ հայ:
Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանցից երկուսը դաղստանցի են, մյուսը՝ հայ-ադրբեջանական ընտանիքի անդամ, որի վիճակը ծայրահեղ ծանր է: ՌԴ Քննչական կոմիտեի Վոլգոգրադի մարզի գլխավոր քննչական վարչության աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրից փախուստի դիմած չորս դաղստանցիները բերման են ենթարկվել: