Դատախազությունը հերթական անգամ ձևական գործողությունն է իրականացնում, մարդասպանին թողնում է ազատության մեջ. սպանվածի մայր /տեսանյութ/
Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, շարունակում է պնդել՝ որդու սպանությունը կատարվել է ոչ թե մեկ հոգու, այլ խմբի կողմից:
«Ներկա պահին մեղադրանք է առաջադրվել մեկ հոգու՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ, սակայն կա ևս մեկը, ով դանակի հարվածներ է հասցրել որդուս: Խոսքը Հովհաննես Թոփչյանի մասին է, ով որդուս դանակի հարվածներ է հասցրել, պատվիրված սպանության պատվեր ընդունողներից մեկն է:
«Հետաքննության մարմինը հերթական անգամ ահազանգի հետքերով գնացել է Թոփչյանի տուն, արձանագրել, որ այնտեղ չէ, ու թողել-հեռացել է: Ես համոզված եմ, որ Դատախազությունը սույն զանգի վերաբերյալ ևս հերթական անգամ ձևական գործողություն է իրականացնում, մարդասպանին թողնում է ազատության մեջ»,- նշեց Ռ.Ադանալյանը՝ ընդգծելով, որ իրեն ու շատերին ցնցել է վերջերս տարածված լուրն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում պատրաստվում է մնալ Արթուր Դավթյանը, և մարդիկ է փնտրում, որպեսզի բարեխոսեն վարչապետին:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Ադանալյանի որդուն սպանել են 2014 թվականի հոկտեմբերի 29-ին: Ներկա պահին գործը Վերաքննիչ քրեական դատարանում է: Տիկնոջ խոսքով՝ այս գործն ինքն իրենից կոռուպցիոն քրեական գործ է: Պնդում է՝ սպանության պատվիրատուն նախկինում Շիրակի մարզի կանանց ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է, ում հետ ունեցել է քաղաքացիական վեճ, առաջացել են լուրջ թշնամական հարաբերություններ:
Ավելին՝ տեսանյութում: