Հարուցիչները ոչ աղքատ են ճանաչում, ոչ հարուստ
Ապրիլի 24-30-ը իմունիզացիայի շաբաթն է: Այս մասին այսօր Ծաղկաձորում ԶԼՄ-ների համար իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ իրազեկման դասընթացի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նա նշեց, որ սրա նպատակն է մարդկանց իրազեկելը, որպեսզի արդյունքում բնակչությունը զերծ մնա վարակիչ հիվանդություններից։ ՛՛Այս շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվելու է իմունիզացիայի վրա՛՛,-նկատեց նա՝ հավելելով որ ՜՜Պատվաստվիր հանուն առողջ ապագայի, իմացիր, ստուգվիր և պաշտպանվիր՜՜, այս խորագիրն է այս տարի կրում իմունիզացիայի շաբաթը։
Այս տարի այս կոչին միացել է իմունիզացիան ամբողջ կյանքի ընթացքում հորդորը: Սա նշանակում է, որ պատվաստումներ պետք է արվեն ամբողջ կյանքի ընթացքում, ոչ միայն մանուկներին, այլև մեծահասակներին։
Սահակյանն ընդգծեց, որ 1.5 միլիոն մինչև հինգ տարեկան երեխա է մահանում կառավարելի հիվանդություններից այն դեպքում, որ եթե պատասատում լիներ հնարավոր կլիներ խուսափել նման անցանկալի հետևանքներից: ՛՛Պատվաստման ռիսկն ընդամենը ներարկման տեղում ցավն է, այտուցը, իսկ հիվանդության գինը բավական բարդ է, կարող է տանել նույնիսկ մահվան, հաշվանդամության՛՛,-բացատրեց նա: Նրա խոսքով՝ պատվաստումների միջոցով ոչ միայն պատվաստվածներն են օգուտ քաղում, այլև միջավայրում վիրուս չի տարածվում։ ՛՛Յուրաքանչյուր տարի ավելի քան երեք միլիոն կյանք է փրկվում պատվաստումների միջոցով՛՛,-հայտնեց Սահակյանը։
Օրինակ՝ պատվաստումների միջոցով կրճարվել կամ իսպառ վերացել են հետևյալ հիվանդությունների վարակակիրների թիվը՝ կապույտ հազ, թոքաբորբ, բնական ծաղիկ, դեֆթերիա, մենինգիտ հեպատիտ Բ: Նշվեց նաև, որ արդեն 14 տարի դիֆտերիայի դեպքեր չեն գրանցվել պատվաստումների շնորհիվ Հայաստանում։ Խոզուկ հատուկենտ դեպքերում է լինում, այն էլ չպատվաստված երեխաների մոտ, բայց կարմրուկ ու կարմրախտի դեպքեր վերջին տարիներին մեր երկրում չեն գրանցվել։
՛՛Հարուցիչները ոչ աղքատ են ճանաչում, ոչ հարուստ՛՛,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում պետք է հասկանան պատվաստման նպատակը, քանի որ եթե այս կամ այն երկրում որևէ վարակ կա, ապա հեշտերոն այն կարող է ներթափանցել հարևան երկիր: