25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անենայն հայոց Թումանյանը. Հրանտ Մաթեւոսյան

Համոզված եմ, որ եթե, ասենք թե, աշխարհում, ուր ամեն ինչ պատահում է, հանկարծ թղթի ցեց առաջանար, ինչպես որ թեղի ծառից ցեց առաջացավ ու համաշխարհային թեղուտը չորացրեց, ահա այդպիսի մի ցեց գոյանար ու խժռեր աշխարհի բոլոր գրադարանները մեր Թումանյանի գործին ոչինչ պատահած չէր լինի. բոլոր հայերս՝ պապ ու թոռով, մորովմանուկով, հեր ու որդով՝ Արարատյան հովտի կամ Լոռվա սարահարթի չափ մեծ մի սրահում մեջլիսի կնստեինք, յուրաքանչյուրս Թումանյանի մասին կամ Թումանյանից իր գիտեցածը կասեր.

մանուկները «Էյ կանաչ ախպերը» կզնգացնեին, գիտնականները իրար կբերեին անավարտ «Հազարան բլբուլը», ասմունքողները «Սասունցի Դավիթը» կվիպեին, հուսահատական իրականությունից հոմերական ծիծաղ պոկողները՝ «Քաջ Նազարն» ու «Մի կաթիլ մեղրը», ամենափոքրիկները կարմիրկանաչ մատիտներ կառնեին ու պատկերներ կնկարեին՝ այնտեղ մի աղջիկ ու մի գառը ճամփա են գնում, այնտեղ ճամփա են գնում մի հայր ու որդի, այնտեղ մի եղջերու է փախչում…. և ամենաճիշտ ներդրումը երեխաների այս պատկերները կլինեին։

Սոս Սարգսյանը «Հոգեհանգիստը» կպատարագեր, ես՝
Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից՝
Կամեցավ՝ ելավ իմ հզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին։
…Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՜կ, անվե՜րջ,
Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ,
Եվ աստվածները նըրանց զանազան,
Եվ սուրբերը խիստ, խըտրող ու դաժան,
Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին,
Ամեն հայրենիք՝ իրեն զավակին…
և թե ինչ էր լինելու «Հազարան բլբուլը» անավարտ գլուխգործոցը լինելու էր մեր բոլորիս մոր՝ այս վիրավոր աշխարհի՝ չարից խոցոտված այս երկրի՝ այս անիծված դրախտի առաջ մեր երգի ապաքինիչ դերի ասքը, կասեինք, կխոսեինք, կզրուցեինք, և տող առ տող ու ժամ առ ժամ ամենալրիվորեն դարձյալ կհառներ իր գործի ու կյանքի վիթխարիությունը:
Վրիպումներ անշուշտ կլինեին, բայց վերջնական, ավարտուն, կատարյալ պատկերի բերելուց առաջ հենց իրենք՝ այդ անճշտությունները կհայտնեին, որ իրենք վրիպումն են, Թումանյանի բառը
չեն, Թումանյանի շունչը իրենց երբևէ չի շոյել:

Ամբողջի այդպիսի լրիվ վերծանման հնարավորություն իրենց մեջ ունեն՝ մի Մոցարտ, մի Վերդի, մի Բախ, դասական արձանագործության որևէ բեկոր, բնական գիտությունների մեջ՝ բոլոր բանաձևերը, բայց ահա բանարվեստի մեջ դա եզակիներից եզակիների բախտն է:

Ենթադրյալ վերաշնչավորման վերակառուցման մեջ ես ինձ մի քիչ ավելի դեր հատկացրի, բայց համոզված եմ, որ այդպես կվարվեր մեզանից յուրաքանչյուրը, քանի որ Թումանյանն է մեր այն միակը, ում կյանքն ու գործը մեկս մյուսիցս մի քիչ ավելի գիտենք:

Գրքերի մեջ սակայն ցեց չգցենք, առանց այդ էլ նրանք թշնամի շատ ունեն և ամենից առաջինը՝ Մոռացությունը, որ գրադարակներում գրքեր ու ամբողջ հեղինակներ է խեղդում: Եթե հենց հիմա, այս ժամին, ցանկացած լեզվի ու ժողովրդի տասը կամ հարյուր պատահական ընտանիքի կամ մարդու խնդրեինք բերանացիբանավոր վերակենդանացնել իրենց ազգային ՇեքսպիրինԳյոթեինՖիրդուսունՊուշկինինԹումանյանին ամենալրիվը մեր Թումանյանն էր լինելու:

Աշխարհում ոչ մի հեղինակ է այդպես բոլորինը՝ փոքրինն ու մեծինը, գրասերինն ու անգրագետինը, զգացմունքայինինն ու դատողականինը, հայրենասերինն ու մակաբույծինը, բոլորինը՝ ով մայրենի լեզվի աշխարհում է: Ինքը Շեքսպիրի մասին է ասել. «Անգլիական ցեղը մեծացել, ծավալվել, ցրվել է աշխարքով մին՝ Մեծ Բրիտանիայից սկսած մինչև Ամերիկա, Աֆրիկա, Հնդկաստան, Ավստրալիա և շատ հեռավոր կղզիներ: Եվ շատ տեղեր հաստատել է նույնիսկ ինքնուրույն իշխանություններ: Ու մի թագավոր այլևս չի կարող իր գայիսոնի տակ ամփոփել անգլիական ցեղը: Միակ թագավորը, որ կարողանում է իր իշխանությունը տարածել համատարած անգլիական ցեղի վրա ու ամեն տեղ պահպանել նրա ազգային ամբողջությունը Շեքսպիրն է»:

Ինքը Շեքսպիրի մասին է ասել, բայց ըստ էության հենց իր մասին է. հայրենի երկիրը բզկտված ու Քրիստոսի պատմուճանի պես բաժբաժված, ժողովուրդը աշխարհի չորս ծագերի վրա վտարված ու իր վերջնական հանգրվանը չգտած, քաղաքական, աշխարհագրական, տնտեսական սահմաններով ծվատված հայությանը հանրային ապահովության բնազդի հետ ոչ մի ուժ է ի վիճակի մեկ և նույն հպատակության բերել՝ մայրենիի և մայրենիի մեջ ամենից շատ Թումանյանի ուժից բացի:

Փարավոնի գերությունից Ավետյաց երկիր Մովսես նահապետի ճանապարհի պես՝ նրա ապրած հիսունչորսամյա կյանքը ճշտորեն կրկնում է իր ժամանակի հայոց ազգային կեսդարյա կյանքը.

սերումն Քոշաքարա սարերը սարվորի յափնջի ու ՄեհրաբյանԹու−մանյան տոհմանուն քաշված Մամիկոնյան իշխանական ընտանիքում, որ պիտի ապացուցվեր իր վարքի ու գործի ազնվական փայլով, մանկան զնգուն ձայնի փառաբանումն գործոց հարանց, որի առիթը 77ի ռուստաճկական պատերազմը և Կովկասյան ճակատում
հայազգի Լորիս Մելիքյանի փայլատակումն էր… սերումն հայրենի երկրի ծառ ու ծաղկից (մի բանաստեղծության մեջ երեսուն անուն ծաղիկ ունի՝ խնկածաղիկ, ծնկածաղիկ, արևքույրիկ, շարշարուրիկ, հասմիկ, հափրուկ, ամանկոտրուկ, հորոտմորոտ, աղավնարոտ, կոճղեզ, ճանդուկ, քուրդ, ճարճատուկ, հարսնածաղիկ, ոսկեծաղիկ…), այո, սերվել է հայրենի երկրի ծառ ու ծաղկից, բառ ու բանից, գյուղական քահանա ու պոետ, մաճկալ ու հնձվոր խաղաղ հորից, սարվորի աղջիկ սարվոր մորից. տիեզերքը և իր ներսի տիեզերքը միանգամից ընդգրկող արծվենի հայացք՝ որ զարմանալիորեն վկայվում է նաև իր տոհմի անվանումներից մեկով՝ Ղուզղունենց, որ Արծվենց ասել է.
քաղաք, շփում գրքերի հետ՝ որ սկսվում ու ավարտվում էին գրեթե մեկ անունով՝ Հյուսիսափայլի պրակներ, որ քսան տարի առաջ գրաշարել էր Աղայանը ու հրատարակել էր Նազարյանը, որին կրթության էր հրապուրել Աբովյանը, որին ուսուցանել էր Ալամդարյանը… մի փոքր ջանք՝ և անուն առ անուն կպարզվի թե Ալամդարյանին ով էր ինքնաճանաչման ճրագ տվել և սրան՝ ով և սրան՝ ով, մինչև դարերի խորքը, Բագրատունիների Անի ու ավելի դենը՝մինչև Սահակ, Մեսրոպ ու Վռամշապուհ և իրենցից էլ վեր ու վաղ՝ Արագածի սուրբ կանթեղը՝ այս ժողովրդի անշաղելի թևածումը դեպի լույս ու գեղեցկություն.

շփում իր նմանների հետ՝ և սպառազեն խումբը պատրաստ է թռչելու «դեպի Տարոն, դեպի տուն». Րաֆֆու թաղման համաժողովրդական թափորում ինքը հիվանդացել էր, ծանր հիվանդությունը իրեն ետ գցեց իր երամից՝ որ գնաց ծվատվեց կազակ ու համիդին միասնական որոգայթում. իր զոհված ընկերների նման՝ ինքը կազակներին թիկունք էր կարծել, և հիմա պարզվում էր, որ թիկունք չունի ազգային քո զորացմանը բացեիբաց թշնամի են բոլորը, որ արևելահայերս ոչ թե փրկվածներ, այլ արևմտահայության պատանդն ենք Ռուսաստանում, և Երկրի հայությունը կովկասահայության պատանդն է Թուրքիայում. և այդուամենայնիվ վճռական պահին ասելու էր. «Ասել ենք ու կրկնում ենք՝ կովկասահայերիս համար ամենաաննպաստ գալիցինյան ժամանակներում անգամ Կովկասը տաճկական սրից փախած 40 հազ. հայ ընդունեց».

հայ-թաթարական ընդհարումների տարիներին խաղաղության դրոշ պարզած շրջել է գյուղից գյուղ և սարից սար, և ուր ինքն է ոտք դրել՝ պատյանից դաշույն, բերանից չար խոսք ու որևէ դարանից գնդակ չի թռել թշնամական դիրքերի վրա թևածել է իր խոսքը. «Եթե ուժեղ ենք ու կռվում ենք՝ ուրեմն անխիղճ ենք, եթե թույլ ենք ու կռվում ենք՝ ուրեմն անխելք ենք».

սպառազեն հեծյալ բանագնացների նրա խումբը կովկասյան մեր ընդհանուր տան համար խաղաղության հայցվորների խումբ չէր, խաղաղությունը պարտադրողների ջոկատ էր, և այդուհանդերձ ջոկատի արձակած միակ գնդակը իր՝ Թումանյանի գնդակն է սահմանային գյուղի մի հյուրընկալ տան օճորքին՝ կաղնե հեծանին, ի նշան խաղաղության երթի բարեհաջող ավարտի, այդ գնդակը կա, մնում է.
հայ և վրաց հանրապետությունների ընդհարման ժամանակ դարձյալ Թումանյանի բարձր հասակն է ծառացած եղբայր ժողովուրդների միջև.

ռուս պաշտոնեականության և հայ ժողովրդի փոխադարձ սառնության տարիներին, որ իր հավատարմությունը արյունով կնքած այս ժողովրդի ծանր հավատաքննության տարիներ էին, դարձյալ Թումանյանի՝ ազգային արժանապատվությամբ ու վիճակի գնահատման սթափությամբ կոփված կերպարն է հառնում ռուս ազգայնական մտայնության առջև. ահա. «Բայց դուք ով եք, որ ուզում եք մեզ փորձի ենթարկել: Մենք եկել ենք ու գալիս ենք դեպի Մեծ Ռուսաստանը, դեպի մեծ Ռուս ազգը, և եթե սիրել ու հարել ենք նրան, ոչ թե ձեզ ու ձեզնմաններին: Մենք ձեզ հետ ե՞րբ ենք եղել միացած ու բաժանված, որ էսօր էլ ետ գանք դեպի ձեզ ու դուք էլ դեռ մեզ փորձեք: Ետ գնացեք, ձեր օրը չի էսօրը:

Թող առաջ գա նա, ով կարող է Մեծ Ռուսաստանը հանդես բերել հոգու մեծությամբ ու սրտի բարությամբ, նա՝ որ իր ուժով երկրներ նվաճելու հետ իր առաքինություններով էլ ժողովուրդների սրտերն է նվաճում»:
Այնպես է խոսում, թիկունքում ասես պղնձակուռ զորագնդեր ունի, երբ անգո հրեշտակների երամից բացի ոչինչ էլ չունի միակ դաշնակիցը ամենքի ու ամենքի, անգամ թշնամու սրտում ենթադրվող «խիղճ անվանյալ աստծու լույսն է»:
Բանտարկվել ու Պետերբուրգ դատարանում կանգնել է. «Մի կաթիլ մեղրը» գրվել է բանտում, բանտից դուրս ղրկվել գրկանոց երեխայի ծոցիկում.
Ու կըռիվը չդադարած,
Սովը եկավ համատարած։
Սովը եկավ սովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ…

Հետո Էջմիածին էր՝ մեռնող որբերի բազմության մեջ, հետո՝ Վան, հետո՝ Ղարաքիլիսա՝ ուր 18ի մայիսյան ճակատամարտն էր ամբարվում. հետո հայրենի Դսեղ էր ինքը մեր պարտված զորավարին էր ամոքում, գյուղը՝ գաղթականությանը, պարտված զորավարն ու ջախջախված ազգի բանաստեղծը գիշերը պտտվում էին զառանցանքի մեջ մրափած որբերի բազմության վրա. հետո ամենուր էր իրենով խցել էր տառապում հայոց ճակատագրի ճեղքերը՝ որ այլևս ճեղքեր չէին մեր պատմության ու հույսերի ամբարտակն էր պատռվել, փախել, ցրվում ու ցամաքում էր: Հետո Երևան էր՝ հայերի և հայերի ինքնասպան խռովության արանքում: Ապա բզկտված երկրով վերադառնում էր Թիֆլիս, գնացքը թուրքական էր, գնալիք տեղը՝ վրացական, իրեն վագոն էին առել թուրք դիվանագետի հովանավորությամբ հրավերով, հայրենի երկրում ինքը օտար էր և տերն ուրիշներն էին, և սարսափելի է երևակայել այն լռությունը, որ ծանրացել էր վագոնում:
Ինչի՞ց էին խոսում, բառեր գտնո՞ւմ էին. ինքը թերևս քաշվել էր իր մեջ, դարձյալ տեսնում էր մանկության կաղնուտ լանջերը, ուր ուզում էր մի ծածկ ունենալ, գրքերի մեջ նստել ու մտմտալ Հազարան հավքը:

Պատանության տարիների այն պատահական փրկությունը ինքը մեղք համարեց ու քավեց ողջ կյանքով, զոհասեղանին դնելով նաև պատանի որդու կյանքը, ազգային աղետի ճակատ հանելով նաև իր ամբողջ մեծ տոհմն ու մեծ ընտանիքը:
Նրա կյանքն, այո, նույնությամբ կրկնում է իր ժողովրդի հիսնամյա կյանքը, բայց նրա գործն արդեն կրկնությունն է իր ժողովրդի բոլոր դարերի ոլորտների կյանքի, առասպելների ժամանակներից մինչև գալիք դարեր:

Քաոսի մեջ կանգնած՝ նա ինքը հստակությունն էր, ինչի որ ասում էր եղիր՝ հստակվում ու լինում էր մեկընդմիշտ: Իր հավերժի ճամփորդի նման (ես գիտեմ, որ այնտեղ հավերժի ճամփորդ չէ, խորհրդավոր ծերունի է), իր հավերժի ճամփորդի նման ինքը անցնում է մարդկանց այս երկրով և ուր ոտք է դնում՝ հայոց տարածություններ ու ժամանակներ են բացվում, հայկականության կնիք է դրվում բնության, կենդանիների, մարդկանց ու դեպքերի վրա:

Նրա ազգայնությամբ են իրենց հայեցիությունն ստուգում Սայաթ Նովան ու Նարեկա վանքի ճգնավորը, Խորենացին ու Աբովյանը, Չարենցն ու Էպոսը: Իրենց գծի, գույնի, շեշտի, ելևէջի հայկականությունը նրա կնիքով են կնքում հայ նկարիչն ու երաժիշտը, ճարտարապետն ու թատրոնի մարդիկ: Օտար լեզվակեղևի միջից՝ իրենց ոգու հայապատկանելիությունը նրա ոգով են հաստատում այլազգի հայորդիք: Արվեստի մարդկայնության ոսկի չափ, որով իրենց գործի իսկությունն են ստուգում հեղինակությունները, մշակույթի մարդիկ առհասարակ և իրենց բնականությունն ու բնազանցությունն են ստուգում դեպքերն ու իրականությունը:

Ինքը նոր ոչինչ չի բերել. «Դեպի Անհունի» ակունքը հնդկական նիրվանայի սառցադաշտերն են, «Քաջ Նազարը» քուրդմոլդավգերմանհայ ժողովրդական հեքիաթ է, «Մի կաթիլ մեղրը» Գոշի առակներից է, «Թագավորն ու չարչին» քաղված է Դավրիժեցու պատմությունից, «Շունն ու կատուն» Լոռվա զրույց է, «Սասունցի Դավթի» ետևը Գարեգին Սրվանձտյանց երախտավորն է կանգնած, «Անուշը» և՛ Դսեղի զրույց է այնքան, որ այնտեղ դեռ նրանց փախուստի արահետն ու Սարոյի գերեզմանն են ցույց տալիս, և՛ Պռոշյանի «Սոս և Վարդիթերի», Րաֆֆու «Սառայի» ու Միրաքյանի «Լալվարի որսի» վերապատմում, և՛ փոխադրություն Գյոթեից, «Աղավնու վանքը» ուրվագծվում է Չամչյանի Պատմությունից, և այլն և այլն, և այս ամբողջը՝ որ ներգրավում է Թումանյանի գրեթե ամբողջ գործը, վկայում է միայն մեկ բան. մարդիկ ասելը, նույնիսկ խոշոր անհատականություններ, նույնիսկ ամբողջ աշխարհին պատկանող անուններ ասելը քիչ է, մի հանճարի ստեղծման վրա ազգեր, ժողովուրդներ ու մշակույթներ են աշխատում, նա նրանց ջանք ու տանջանքի ար
դյունքն է, հստակվելու, կատարյալ լինելու նրանց ձգտումը, իրենք իրենց աստված տեսնելու նրանց վերընթացը, ճիշտ այնպես, ինչպես որ իր ընտրյալի բարոյական մեծությունը նվիրագործելու վրա Թումանյանմարդու ողջ միջավայրն էր աշխատում ալեհեր Աղայանն ու պատանի Զորյանը, իշխանուհի Մարիամն ու բժիշկ Զավրիևը, փառապանծ Անդրանիկն ու մի անանուն մշեցի, արդյունաբերողներ ու մշակներ, խմբագիրներ ու հազիվ գրաճանաչներ, կուսակցականքաղաքական գործիչներ ու կուսակցությունները շրջանցողներ:
Ինքն, այո, նոր ոչինչ չի բերել, ինչպես որ երկինք ելնող արևը, ծավալվող լույսն է ոչինչ բերում երկրին ու մարդկանց խավարից միայն ի բաց է հանում կենդանիների, մարդկանց ու բույսերի մեր աշխարհը, ահա այդպես՝ իր բացած ծավալած մեծ աշխարհի մեջ միայն լույսն է իրենը՝ Թումանյանինը, միայն նոր ամբողջ օրն է իրենը:

Հրանտ Մաթևոսյան,

«Սպիտակ թղթի առջև», Երևան, 2004

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ