Երկու դեպքում էլ Փաշինյանը պետք է հեռանա. Էդուարդ Շարմազանով
Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։
1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում։
Այդ օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը ընդունեց որոշում՝ միանալ Մայր Հայաստանին։
Նույն օրը Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք՝ ի պաշտպանություն արցախահայության արդար որոշման։
Այդ օրվանից անցել է ուղիղ 31 տարի և Արցախյան հիմնահարցը շարունակում է մնալ մեր հանրային ու քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը։
Նիկոլն ու իր իշխանությունը, ինչպես նաև նրա քաղաքական կնքահայր Տեր-Պետրոսյանը, հետևողաբար չեն ցանկանում նկատել, որ այս հարցի հայանպաստ լուծումից է կախված մեր հայրենիքի հետագա ճակատագիրը եւ կեղծ օրակարգեր են առաջ քաշում։
Հայաստանի պոպուլիստական իշխանությունը չունի որևէ լուրջ հայեցակարգ Արցախյան հարցում։ Ավելին, Դուշանբեի վերելակն ու Դավոսի նախապես չպլանավորված, պատահական հանդիպումը դրա ապացույցն են։
Նիկոլի իշխանությունն ի զորու չէ սթափ գնահատել իրավիճակը։ Դատեք ինքներդ։
ԱՄՆ դեսպան Միլսը ուղիղ եւ բաց տեքստով խոսում է տարածքներ խաղաղության դիմաց ձեւակերպումից, Նիկոլն ասում է՝ հեռացող դեսպանի հայտարարություն է, Բոլթոնը Երեւանում ուղերձ հղում հայ հանրությանը, ասում է՝ հրաժարվեք ձեր պատմական կաղապարներից, Նիկոլը լռում է, Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին, Նիկոլը նրան համարում է կիրթ և նորմալ անձնավորություն, ճիշտ այնպես, ինչպես Տեր Պետրոսյանը:
Այս ամենը իբր քիչ էր, գումարվում է Նոր տարվա օրերին զինվորի սպանության փաստի կոծկումը, ինչին հաջորդում է պաշտոնական աղբյուրների ցինիզմը՝ վերջին 10 ամիսներին ընդունված ոճով՝ չհայտնեը թաքցնելը չի:
Կամ Փաշինյանն ինքն է մոլորության մեջ, կամ ինքն է մոլորեցնում ժողովրդին: Երկու դեպքում էլ օրակարգային է դառնում նրա հեռացումը պետական բարձրագույն պաշտոնից:
Հ.Գ. Ազգային արժեքային համակարգի հենքի վրա քաղաքական լայն համախմբումն այլընտրանք չունի: Պոպուլիզմը չպետք է տեղ ունենա իշխանության մեջ:
Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ