22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պարոն Փաշինյան, բացե´ք այս դժոխքի դռները կամ մի դագաղ ուղարկեք

Մարդ արարածի համար սարսափելի դժվար է հասկանալ ու պատկերացնել այն մարդու հոգեկան վիճակը, ով 24 տարի փակված է եղել մի խցում, որտեղ գոյատևել է անմարդկային հոգեկան տանջանքներով ու տառապանքներով: Ամենազարհուրելի մղձավանջի դեպքում անգամ դա հնարավոր չէ պատկերացնել: Երկար ու ձիգ տարիներ այդ մղձավանջն ու տառապանքներն ապրել է նաև ընտանիքս, զավակներս, ընկերներս, հարազատներս ու պարզապես բարի մարդիկ: Այդ 24 տարիների ընթացքում հուսահատության ու ընկճվածության հազարավոր պահեր եմ ունեցել, չեմ ցանկացել ապրել, սակայն համոզել եմ ինքս ինձ, որ այդ անհատակ անդունդից դուրս գալու մի ելք կգտնվի, քանի որ անսահման է Աստծո Սերն ու ողորմածությունն Իր ստեղծածների հանդեպ, քանի որ զավակներ ունեմ և պարտավոր եմ ապրել: Բայց գլորվեցին տարիները, արդեն 55 տարեկան եմ, և տարիների հետ իմ վերջին հույսն էլ է մեռնում, որ երբևէ դուրս կգամ այս դժոխքից: Նման դժոխային պայմաններում բույս անգամ չի կարող աճել, մարդն ինչպե՞ս կարող է գոյատևել: Կյանքս անցավ այս խոր ու խելագարության հասցնող դժոխային լռության մեջ. ուզեցել եմ բարձրաձայն գոռալ, ոռնալ գազանի նման, սակայն դա էլ էր արգելված, արգելված էր մեռնել:

Լռության միակ աղմուկը բանտապահի քայլերի դոփյուններն էին, որն ինձ իրական աշխարհ էր վերադարձնում, ստիպում գնահատել ազատության արժեքը, հասկանալ կյանքի ու ճիշտ ապրելու իմաստը: Թավշյա հեղափոխության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ մեծ հույսեր էի կապել, քանի որ նա էլ գիտեր, թե ինչ է անազատ լինելը, ընտանիքից հեռու, առավել ևս` ցմահի կարգավիճակով 24 տարի փակ ռեժիմով մի խցում գտնվելը: Ներման խնդրագրի նրա կողմից մերժումից, պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու իշխանությունների ցանկության և քաղաքական կամքի իսպառ բացակայությունից հետո կրկին անորոշություն է ու հուսահատություն, էլ չեմ կարողանում պայքարել, ապրել, էլի դանդաղ մահանում եմ: Բայց կա´ Աստված, կա´ իմ ընտանիքը, և ես ուզում եմ ապրել` գոնե մի քիչ: Պարոն Փաշինյան, բացե´ք այս դժոխքի դռները , ազատություն տվեք ինձ, ես նորմալ մարդ եմ ու քաղաքացի, կամ……..կամ մի դագաղ ուղարկե´ք, որ կենդանի թաղեն ինձ:

Դուք դա կարող եք անել, շնորհակալ եմ:

Կենդանի գերեզմանոցից՝ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ` Ստեփան Գրիգորյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ