Նոր Սահմանադրությունը`քաղաքական օրակարգի առաջնահերթություն. Քաղաքական լիգա
«Քաղաքական լիգայի» նախաձեռնողներից Մամուլի ազգային ակումբի ղեկավար, լրագրող Նարինե Մկրտչյանը հաղորդել է, որ փետրվարի 17-ին կայացել է «Քաղաքական լիգայի» հավաք-հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լիգայի գործունեության մի շարք սկզբունքներ, ինչպես նաեւ սահմանվել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւոր խնդիրների առաջնահերթությունները:
«Քննարկման արդյունքում մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն է, որը պետք է ապահովի կառավարման մոդելի վերանայումը, իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումը, ժողովրդավարական ազատությունների ապահովումը եւ արդյունավետ, արդարացի կառավարումը:
Քաղաքական Լիգայի հավաքի ընթացքում մասնակիցներին տեղեկություն տրվեց ԱՄՆ Ազգային ժողովրդավարական իսնտիտուտի (NDI) գրասենյակի ներկայացուցչի հետ հանդիպման մասին:
Որոշում կայացվեց «Քաղաքական լիգայի» շրջանակներում ձեւավորել Քաղաքական քննարկումների ակումբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։