Մենք պատրաստվում ենք դիմել խաղաղ անհնազանդության բոլոր միջոցների
Հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել:
Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Մասնավորապես ՝ մեղադրանք է առաջադրվել իշխանության ձեռքին գործիք դարձած գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդման հիման վրա: Հասարակության լայն շրջանակների կողմից արդեն իսկ ակնհայտ է, որ Նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական վենդետա, և վերստին պետք է արձանագրենք, որ օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն կերպ փորձում են Նախագահ Քոչարյանին շինծու մեղադրանքներով պահել անազատության մեջ:
Նախևառաջ հասարակության ուշադրության ենք հրավիրում այս հանգամանքի վրա և պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ պատվերով արդարադատության շարունակական լինելու դեպքում, մենք պատրաստվում ենք դիմել օրենքով սահմանված խաղաղ անհնազանդության բոլոր միջոցների: Օրվա իշխանություններին սթափության կոչ ենք անում և վերահաստատում ենք մեր նախկինում հնչեցրած բոլոր հայտարարությունները, որ Նախագահ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերը արհեստածին են և միտված են Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելուն:
Աղվան Պողոսյան
«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար