22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ճշգրիտ կլինի, եթե Հանրային հեռուստաընկերության խորհուրդը ամբողջությամբ հրաժարական տա /տեսանյութ/

Շուտով լրանում է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահի լիազորությունների ժամկետը: Դեռ ամռանը, հետհեղափոխական շրջանում, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն առաջարկել է հինգ անդամից բաղկացած անկախ մրցութային հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Հանրային հեռեւստաընկերության խորհրդի անդամների եւ նախագահի ընտրություններով:

Այդ պաշտոնները, նախկինում նշանակովի էին: Անկախ մրցութային հանձնաժողովի կազմում պետք է լինեին ներկայացուցիչներ ԿԳ եւ մշակույթի նախարարություններից, մեկ անդամ պետք է ներկայացնեին լրագրողական կազմակերպությունները, մեկը`ստեղծագործական միությունները, հինգերորդ անդամին պետք է ներկայացներ-նշանակեր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:
ՀՌՀ այս նախաձեռնությունը դրական արձագանք է գտել:

Արդյունքում, անկախ մրցութային հանձնաժողովում առաջարկվել եւ նշանակվել են մշակույթի նախարարի կողմից փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ԿԳ նախարարությունից`փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ստեղծագործական միությունների կողմից`Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, լրագրողական կազմակերպությունների կողմից`լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Վերջերս, սակայն, A1+-ը մի լուր է հրապարակել`«Սաթիկ Սեյրանյանին չե՞ն լիազորել» վերտառութամբ, ինչ կասկածի տակ է դրել անկախ մրցութային հանձնաժողովի ձեւավորումը:

Ըստ հրապարակման, ստեղծագործական որոշ միությունների նախագահներ, պնդում են, որ իրենք տեղյակ չեն եղել այդ ամենի մասին եւ չեն ստորագրել Սաթիկ Սեյրանյանի թեկնածության օգտին: Սաթիկ Սեյրանյանն էլ պնդել է, որ իր ձեռքի տակ են ստեղծագործական միությունների նախագահների ստորագրությունները եւ նշել է եւ միությունների նախագահների անուններ:

«Տարօրինակ իրավիճակ է»,- այսօր այս առիթով «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները տարակուսած են ստեղծված իրավիճակից, քանզի իրենք համաձայնել են այս գործընթացին մասնակցել`բացառապես այն պայմանով, որ գործընթացը թափանցիկ եւ անաչառ պետք է լինի:  «ՀՌՀ-ն որոշեց ներառական գործընթաց ապահովի, շատ ողջունելի է դա, բայց մենք չենք ցանկանում, որ շարունակվի այն ոճը, որ ամեն ինչ որոշվում էր վերեւում: Այդպիսի ռիսկեր տեսնում ենք:

Հիմա գործընթացներ են լինում, որ ցույց են տալիս, որ ոչինչ չի փոխվել»,- ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը`հավելելով, որ վերջերս անհարմար խնդրի առջեւ են կանգնել, քանզի ՀՌՀ-ն վերջին ամիսներին մի դիրքորոշում է ընդունել, որ «դա մեր գործընթացն է, ում կցանկանանք, նրան էլ կներկայացնենք»:
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ հավելում է, տվյալ վիճահարույց հրապարակումից հետո, ինքը ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին ուղարկել եւ խնդրել ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Սաթիկ Սեյրանյանն է նշանակվել մրցութային հանձնաժողովում`ստեղծագործական միությունների կողմից: «ՀՌՀ-ի պատասխանը ընդհանրական է, հիմքեր չկան, հասկանալի չէ»:

Լեւոն Բարսեղյանը նույնպես գնահատելի է համարում, որ հեղափոխությունից հետո բարի կամք դրսեւորվեց եւ այսպիսի քվոտավորում իրականացվեց. «Մենք միայն այդպիսի քվոտավորման պարագայում ենք այս գործընթացին համաձայնվել մասնակցել»: Կհրաժարվի՞ իր այդ մանդատից Լեւոն Բարսեղյանը, թե`ոչ: «Ես, այնուամենայնիվ մեդակազմակերությունների տված մանդատով եմ այնտեղ, եթե նույն կազմակերպությունները կորոշեն, որ ընթացակարգեր են խախտվել եւ կարիք չկա, որ այնտեղ լինեմ`չեմ լինի»,- ասաց նա`հավելելով, որ այս կասկածներով մրցութային հանձնաժողովի ձեւավորումը ստվերում է նաեւ առաջիկա մրցույթներում անդամի ընտրության քվեարկությունը:

«Ճիշտ կլինի, որ ՀՌՀ-ն պատշաճ բացատրություն տա: Ի վերջո, ստեղծագործությունների նախագահները ողջամիտ մարդիկ են»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Աշոտ Մելիքյանն էլ կարծում, է, որ Սաթիկ Սեյանյանն էլ կարող է փարատել մտահոգություններ, եթե հրապարակի այն ստորագրությունները, որոնց մասին ինքը ասել է Ա1+-ի թղթակցի հետ զրույցում:

Լեւոն Բարսեղյանի կարծիքով էլ, առավել ճշգրիտ կլինի եթե Հանրային հեռուստաընկերության խորհուրդը ամբողջությամբ հրաժարական տա եւ պայմաններ ստեղծի`նոր, անաչառ ընտրությունների համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ