Մեդիայի վրա տեղ գտնող ճնշումներում գնալով ավելի հաճախ է երևում ԱԱԾ-ն
Ի դեպ, օրերս YerevanToday-ի խմբագիրը գրել էր, որ թեև իրենց համակարգիչները վերադարձրել են, իրենք դրանք չեն օգտագործելու, մինչև ՔԿ-ն պաշտոնապես չհայտարարի, թե ինչ է գտել կամ էլ որ ոչինչ չի գտել այդ համակարգիչներում։ Հիշեցնեմ, որ կայքի համակարգիչներն առգրավվել էին ԱԱԾ-ի կողմից։
Իմ հարցաքննությունը ԱԱԾ-ում ևս կարելի է դիտարկել հենց այդ շարքում, երբ կամա թե ակամա մեդիա միավորներով զբաղվում է ԱԱԾ-ն։ Ու էլի դեպքեր կարող ենք հիշել ապրիլից հետո, երբ մեդիայի ու ԱԱԾ-ի ճանապարհները խաչվել են։
Գուցե սա պատահականությունների ու այլ գերատեսչությունների ինտրիգների կամ էլ թերացումների հետևանք է, բայց գոնե հանրային գիտակցության մակարդակում ստեղծվում է մի պատկեր, երբ մեդիայի վրա տեղ գտնող ճնշումներում գնալով ավելի հաճախ է երևում ԱԱԾ-ն։
Չգիտեմ, թե որքանով է դա արվում ԱԱԾ-ի կամքով, որքանով՝ կամքին հակառակ, բայց ԱԱԾ-ի քաղաքականացումը պարզապես չի կարող լավ տեղ տանել։ Ես, իհարկե, հույս ունեմ, որ այս պրոցեսն ԱԱԾ-ի կամքին հակառակ է տեղի ունենում, բայց այն տեղի ունենում է։ Ամեն դեպքում, մասնավորապես ԱԱԾ-ում պետք է հստակ գիտակցություն լինի, որ ծառայությունը կոչվում է Ազգային անվտանգություն, ոչ թե Նիկոլի/իշխանությունների անվտանգություն, որովհետև ցանկացած Նիկոլ ու ցանկացած իշխանություն հավերժ չէ, իսկ Ազգային անվտանգությունն ու պետական շահը՝ այո։
ԱԱԾ-ի քաղաքականացումն այսօր կարող է շահեկան լինել Նիկոլին և իշխանություններին, վաղը կարող է բումերանգով հարվածել հենց նույն այդ Նիկոլին ու իշխանություններին, բայց թե՛ այսօր, թե՛ վաղը նման պրոցեսը վատ է ԱԱԾ-ի համար էլ, ազգային անվտանգության համար էլ, պետական շահի համար էլ։ Հույս ունեմ, որ ԱԱԾ-ում սա լավ են հասկանում։