25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարության ծրագրում ֆիքսված են ՀՀ արտաքին քաղաքականության բոլոր առաջնահերթությունները, բացի հայ-թուրքական հարաբերություններից

«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների առաջին հորիզոնականներում պետք է լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրի նախագծի Ղարաբաղյան հակամարտության հատվածին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ծրագրում արտաքին քաղաքականությունը երկրորդ բաժնում է: Ծրագրում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հատվածում ամրագրված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։

Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»:

Լուկիանովի դիտարկմամբ՝ ընդհանուր առմամբ ծրագրում ֆիքսված են ՀՀ արտաքին քաղաքականության բոլոր առաջնահերթությունները, բացի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումից, ինչն էական հանգամանք է Հայաստանի համար, քանի որ, այդ թվում՝ հարևան Թուրքիայի հետ փակ սահմանների  պատճառով Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ՝ դրանից բխող տնտեսական ծանր հետևանքներով: Ուստի, ըստ նրա, սա երևի թե պետք է ներառվի ծրագրում, քանի որ պետք է դիտարկվի՝ որպես ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն, որովհետև Թուրքիայի հետ հարաբերությունների ներկայիս իրավիճակը իր լուրջ ազդեցությունն ունի ՀՀ-ում կյանքի վրա:

«Հայ-թուրքական հարաբերությունները և ԼՂ հակամարտությունը ՀՀ արտաքին քաղաքականության երկու մարտահրավերներն են, որոնք պետք է լինեն առաջնահերթությունների առաջին հորիզոնականներում»,- նկատեց Լուկիանովը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածին, ապա, ըստ Լուկիանովի, դրանք արտահայտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ ըստ էության նույն ձևակերպումներով:

«Ըստ իս, նախորդ ծրագրերից տարբերությունը Ղարաբաղյան հակամարտության մասով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության ընդգծումն է, ինչպես նաև Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին: Կարծում եմ` այս մանրամասներով Կառավարությունը փորձել է խուսափել ներքին քննադատություններից, որոնք վերջին շրջանում եղել են: Ընդհանուր առմամբ, այստեղ ներառվել է այն ամենը, ինչ ասվել է իշխանությունների կողմից: Նախորդ իշխանությունների ծրագրային այդ հատվածը շատ ավելի հակիրճ էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա դրված շեշտադրությամբ»,- ասաց Լուկիանովը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններին նվիրված դրույթից` ռուս վերլուծաբանն ասաց, որ Կառավարության ծրագիրն արտահայտում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը:

«Ըստ էության, այն է, ինչ ասել է ՀՀ վարչապետը բազմիցս: Ծրագիրը պետք է արտացոլի ՀՀ հասարակության սպասելիքները և հնարավորությունները, ռեալ  աշխարհաքաղաքականությունը, ուստի պետք է քննարկման առարկա  դառնա երկրի ներսում»,- ասաց Լուկիանովը:

Նշենք, որ ծրագրի նախագծում նշված է.  «Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ