Վիտալի Բալասանյանի պատասխանը՝ ՀՔԾ պետին
Հունվարի 31-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է արել, որում ասվում է.
«Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները գործի նյութերին ծանոթանալուց հետո»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան, Վիտալի Բալասանյանը պատասխանել էր.
«Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի այդպիսի բաներ ասել: Մանավանդ էս վերջին ժամանակները մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ որ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են նման իրավիճակի մեջ: Ամոթ է, չի կարելի նման բաներ անել: Ի՞նչ է նշանակում՝ սպանել են, որպեսզի արտակարգ դրություն մտցնեն: Դուք գիտեք՝ ովքեր արտահայտում են այդ բառերը, կարճ ժամանակից հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու»։
Պատասխանելով Բալասանյանին՝ Սասուն Խաչատրյանը նշել էր.
«Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում եմ՝ գա, նստի, քննարկենք իրաբավանական տեսանկյունից: Դուք ուզում եք՝ Բալասանյանի խոսքերը մեկնաբանե՞մ… շատ վատ է, եթե նման գնահատական է տվել: Չեմ կարծում, որ Վիտալի Բալասանյանն այն անձն է, որը կարող է իրավաբանական գնահատականներ տալ»: