23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սպասենք մեկ-երկու ամիս եւ հանրության կողմից կլինի այս ԱԺ-ի արդար գնահատականը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով 7-րդ գումարման Ազգային ժողովի մասին՝ ասաց. «Սպասենք մեկ-երկու ամիս՝ ոչ ավելի, եւ գնահատականը կլինի հենց հանրության կողմից, եւ դա կլինի արդար գնահատական: Եթե ես հիմա գնահատեմ, ապա կգնահատեմ այնպես, ինչպես գնահատում եմ այս շուրջ ինն ամիսների կառավարությանը: Այսինքն, ոչինչ չի փոխվել մեր երկրում: Կարելի է ասել, տեղի է ունեցել տեղափոխություն. երկրորդ ուժը շարունակում է մնալ երկրորդ ուժ արդեն տարիներ շարունակ: Ուղղակի ՀՀԿ-ին փոխարինել է ՔՊԿ-ն: Սա է այս տեղափոխությունների ամբողջ էությունը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որպեսզի հանրությունն ինքը համոզվի, թե ինչպիսին է թե այս կառավարությունը, թե խորհրդարանը: Ես ինքս համոզմունք ունեմ, որ մեր պետությունը իրավական չէ»:

Հարցին, թե երեկ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ, կարծես առաջին անգամ էր, որ նախագահի թեկնածուն ստացավ 131 ձայն եւ ոչ մի դեմ կամ ձեռնպահ, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Դա վտանգավոր ցուցիչ է եւ խոսում է այն մասին, որ Հայաստանում չկա բազմակարծություն: Մասնավորապես, խորհրդարանը պետք է լինի բազմակարծության կենտրոն: Եվ եթե խորհրդարանն իրապես ներկայացնում է մեր ազգի հատվածները, ապա պետք է լինեին ազգի բոլոր հատվածների կարծիքները: Մինչդեռ, մենք տեսնում ենք՝ ազգը ներկայացված չէ, տեղի չունեցան այն բարեփոխումները, որի միջոցով կարող էր ազգի բոլոր հատվածների ներկայացվածություն ապահովել: Այսինքն, հինգ տոկոսի շեմը եւ ռեյտինգային համակարգը բերեց նրան, որ ՀՀԿ-ն ուղղակի փոխակերպվեց ՔՊԿ-ով: Ոչինչ չի փոխվել: Էությունը դրանից չի փոխվել: Միատեսակ քվեարկություններ են լինելու, որի ականատեսը մենք եղանք»:

Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստանը» իրեն համարում է միակ ընդդիմություն, Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Եթե դու մասնակցում ես մի գործընթացի եւ ի սկզբանե ակնհայտ է, որտեղ պետք է լինեն այն մարդիկ, որոնք արդեն գծված սցենարով պետք է լինեն, ապա այդտեղ չի կարող լինել իրապես ընդդիմություն: Մենք դա տեսանք 2017 թվականին: Եթե նախորդ սահմանադրությունը, ընտրական օրենսդրությունը ինչ-որ մի փոքրիկ հնարավորություն, ճեղք թողնում էր իրապես ընդդիմությանն այնտեղ լինելու, այս դեպքում՝ այս սահմանադրության, կուսակցությունների մասին այս օրենքով եւ ընտրական օրենսգրքով, ընդհանրապես կարելի է ասել, որ այլեւս Հայաստանում ընտրությունների միջոցով բազմակարծության խորհրդարան ձեւավորելը անհնար է: Դա ցույց տվեց այս կարգը: Եթե դու հագնում ես նույն բռնապետի վերարկուն, դա անդրադառնում է քո վրա: Իսկ այդ բռնապետի վերարկուն, որն այսօրվա խորհրդարանն է, հագել են այդ քաղաքական ուժերը: Եվ այդ քաղաքական ուժերի հենց առաջին քվեարկությունը ցույց տվեց, որ այնտեղ ընդդիմություն չկա»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ