22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայի հետ «առանց նախապայմանների հարաբերությունները» կարգավորելու թեզը ժամանակավրեպ է և պետք է ժամ առաջ դրանից հրաժարվել․ Վահրամ Տեր-Մաթևոսյան

Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներից հետո, իրադարձությունների արագ ընթացքը, հանրային գերբարձր ակնկալիքների ներքո արված քայլերում հապճեպության առկայության բարձր աստիճանը թույլ չտվեցին, որ նոր իշխանությունները ժամանակ ունենան քաղաքականություն մշակել այս կամ այն ուղղություններով, և բացառություն չէր արտաքին քաղաքականությունը, առավել ևս` Թուրքիայի նկատմամբ քաղաքականության մշակումը։

Tert.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց իր կարծիքը նոր իշխանությունների՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման վերաբերյալ որդեգրած քաղաքականության վերաբերյալ:

«Իշխանության գալուց հետո նոր կառավարությանը հեշտ էր շարունակել նախկին իշխանությունների մոտեցումը «առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու» վերաբերյալ»,- նկատեց նա:

Ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի՝ ՀՀ-ին հարկավոր է մշակել այնպիսի քաղաքականություն և ուղերձներ, որոնք ուղղված կլինեն Թուրքիայի իշխանություններին և 84 միլիոնանոց թուրքական հասարակությանը, նրա տարբեր էթնիկ ու սոցիալական շերտերին։ Հարկավոր է վերջ տալ վերացականությանը։ «Առանց նախապայմանների հարաբերությունները» կարգավորելու թեզը թույլ ու անօգնական, ոչ ճկուն ու չընկալված թվալուց բացի, ոչ մի այլ ուղերձ չի պարունակում։ Այն ժամանակավրեպ է և պետք է ժամ առաջ դրանից հրաժարվել»,- ասաց նա:

-Պարո՛ն Տեր-Մաթևոսյան, այս տարին հատկանշական էր Հայաստանի համար՝ երկրում տեղի ունեցած հեղափոխության շնորհիվ: Նոր իշխանությունները հեղափոխությունից անմիջապես հետո, հիմա էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացում հայտարարել են, որ արտաքին քաղաքականության ոլորտում «ռեվերսներ» չեն անելու: Հաշվի առնենք, որ հեղափոխական կառավարության ծրագրում ընդհանրապես խոսք չկար Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, իսկ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում թեմայի հետ կապված ընդամենը մեկ պարբերությամբ ընդհանրական մոտեցում էր ներկայացվել: Ի՞նչ տպավորություն եք ստացել՝ այսօրվա իշխանությունների՝ Թուրքիայի հետ տարվող քաղաքականությունից:

-Ամիսներ շարունակ, տարբեր հարթակներում կիսել եմ իմ մոտեցումները հանրային ընդվզման միջոցով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ։ Հեղափոխությունը եզրը, որը Դուք օգտագործեցիք, հարմար հղման միջոց է քաղաքական գործիչների, լրագրողների, որոշ վերլուծաբանների և հասարակության մի հատվածի համար։ Ուստի, եթե մայիսից հետո տեղի ունեցած գործընթացները հասկանալու համար մեր վերլուծություններում հեռու մնանք տեղի ունեցած իշխանափոխությունը հեղափոխություն կոչելու գայթակղությունից, ապա շատ երևույթներ ավելի հստակ կտեսնենք։ Եկեք հստակեցնենք մեկ հանգամանք. մենք չենք կարող տեղի ունեցածը հեղափոխություն կոչել, միայն այն պատճառով, որ իշխանափոխության առաջնորդներն են այդպես ցանկացել։ Եթե հավատանք 19-20-րդ դարերում ընթացքում տեղի ունեցած հանրային ընդվզումների, հեղաշրջումների, իշխանազավթման կազմակերպիչների հայտարարություններին, ապա հարյուրից ավելի հեղափոխություններ են տեղի ունեցել, մինչդեռ քանի՞սն են հիշվում որպես հեղափոխություն։ Հաշվի առնելով այս հարցազրույցի նպատակը՝ չեմ էլ ուզում քննարկել թե ընդհանրապես ինչ է հեղափոխություն ասվածը։

Ինչու՞ է սա կարևոր հստակեցնել այս հարցազրույցի հենց սկզբում։ Նախևառաջ, ինչպես մի շարք ոլորտներում, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում նոր իշխանությունները չունեին հստակ քաղաքականություն։ Իրադարձությունների արագ ընթացքը, հանրային գերբարձր ակնկալիքների ներքո արված քայլերում հապճեպության առկայության բարձր աստիճանը թույլ չտվեցին, որ նոր իշխանությունները ժամանակ ունենան քաղաքականություն մշակել այս կամ այն ուղղություններով։ Բացառություն չէր արտաքին քաղաքականությունը, առավել ևս Թուրքիայի նկատմամբ քաղաքականության մշակումը։ Դժվար էր ակնկալելը, որ նոր իշխանության առաջնորդները, փողոցներում և խորհրդարանում իշխանափոխությունը նախապատրաստնելուն զուգահեռ, մտածում էին նաև Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորվման մասին։ Իսկ իշխանության գալուց հետո հեշտ էր շարունակել նախկին իշխանությունների մոտեցումը «առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու» վերաբերյալ։ Ես ակնկալում էի, որ մինչև դեկտեմբերի 9-ը հանրությանը կներկայացվի հստակություն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Փոխարենը, եթե մի պահ բանաձևենք նոր իշխանությունների մոտեցումներն արտաքին քաղաքականության վերաբերյալ, ապա ստացվում է, որ այն ուղղություններում որտեղ հնարավոր էր փոփոխություններ կատարել, նոր էջից սկսել, այնտեղ նոր իշխանությունները հապաղեցին, իսկ այն ուղղություններով, որոնցում կարևոր էր շարունակականություն ապահովելը, նրանք կա՛մ սայթաքեցին, կա՛մ անկարող էին հստակ մոտեցումներ առաջ քաշել։ Այդուհանդերձ, կարևոր է, որ երկրի քաղաքական ղեկավարությունն ունակ լինի դասեր քաղել ոչ միայն անցյալ ամիսների ընթացքում թույլ տված սխալներից, այլև անցած տասնամյակների ընթացքում տեղ գտած բացթողումներից։ Նրանք պատասխանատու են պետականության համար, ոչ թե բացառապես մայիսից հետո տեղի ունեցած իրադարձությունների համար։ Մեկ այլ բացթողում էր ի սկզբանե հայտարարելը, որ արտաքին քաղաքականության մեջ Ձեր հիշատակած «ռևերսները» չեն լինելու։ Այն էապես նեղացրեց նրանց գործունեության հորիզոնը, սահմանափակեց նոր հնարավորությունների փնտրտուքի հավանականությունը։ Այդ ամենի պատճառով նոր իշխանությունները ընկալվեցին գերազանցապես ներպետական խնդիրների վրա կենտրոնացած քաղաքական ուժ։ Մինչդեռ, ունենալով հանրային աջակցություն, նրանք պետք է առավել նախաձեռնողական լինեն արտաքին քաղաքական հարթակներում ևս։ Ավելին, կարողանան տարբերակել արտաքին գործընկերների առերես ոգևորությունը և խորքային գործընթացները։ Այդուհանդերձ, կարելի է նաև արձանագրել, որ մայիս-հունիս ամիսներին որոշ խոստումնալից դրսևորումներ տեղի ունեցան, սակայն դրանց շարունակականությունը և իրական հետևանքները հարցեր են առաջացնում։

-Հայաստանից պարբերաբար են հնչում հայտարարություններ, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների: Թուրքիայից սովորաբար մի քանի օր հետո է պատասխանը լինում և պարտադիր հիշատակում են, որ չեն կարող այս հարցում հաշվի չառնել «եղբայրական Ադրբեջանի» շահերը: Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն է տևելու այս պոլեմիկան և ո՞ւր է հասնելու այն:

-Հայաստանի նոր իշխանությունները պարտավոր են փոխել այդ բանաձևը, լինել առավել ճկուն։ Երեք տասնամյակ Հայաստանը որդեգրել է նույն սկզբունքը, որն արդյունք չի տվել։ Մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան առավելագույն կերպով օգտվել են Հայաստանի այդ կրավորական դիրքորոշումից։ Անվերջ սպասելու փոխարեն՝ կարևոր է նոր լուծումներ փնտրել, ինչո՞ւ ոչ, հանդես գալ նաև հանդուգն ու հեռագնա նախաձեռնություններով։ Այլապես, եթե Հայաստանի դիրքորոշումը փորձենք ընկալել Թուրքիայի իշխանական վերնախավի, հանրային տրամադրությունների ու քաղաքական գործընթացների տեսանկյունից, ապա հստակ կարող ենք պատկերացնել այդ մոտեցման անհասցեականությունը։ Իրականում, առանց նախապայմաններ հարաբերությունները կարգավորելու սկզբունքն ուղղված է աշխարհաքաղաքական դերակատարներին՝ առավելապես ԵՄ­-ին, ԱՄՆ-ին, իսկ լավագույն դեպքում Թուրքիայի ազատական ու ձախ կողմնորոշման քաղաքական հոսանքներին, կամ ինչ-որ նրանցից մնացել է։ Ավելորդ է ասել, որ ուղղված լինելը և ընկալված լինելը տարբեր երևույթներ են։ Հետևաբար, ՀՀ-ին հարկավոր է մշակել այնպիսի քաղաքականություն և ուղերձներ, որոնք ուղղված կլինեն Թուրքիայի իշխանություններին և 84 միլիոնանոց թուրքական հասարակությանը, նրա տարբեր էթնիկ ու սոցիալական շերտերին։ Հարկավոր է վերջ տալ վերացականությանը։ «Առանց նախապայմանների հարաբերությունները» կարգավորելու թեզը թույլ ու անօգնական, ոչ ճկուն ու չընկալված թվալուց բացի, ոչ մի այլ ուղերձ չի պարունակում։ Այն ժամանակավրեպ է և պետք է ժամ առաջ դրանից հրաժարվել՝ փոխարինելով առավել հեռատես քաղաքական մոտեցումներով։

-Ի վերջո, Թուրքիայի քաղաքականության արդյունքում տուժում է Հայաստանը․ փակ սահմանները տնտեսական մարտահրավերների առջև են կանգնացնում երկրին: Ձեր կարծիքով՝ ե՞րբ և ինչպե՞ս հնարավոր կլինի Թուրքիային ստիպել չխախտել միջազգայնորեն ընդունված նորմերը, չհիմնավորված կերպով չփակել Հայաստանի հետ սահմանները:

-Դա հնարավոր կլինի այնժամ, երբ որ Հայաստանի իշխանություններն ընկալեն, որ նախկին դիրքորոշումը փակուղային էր ու այն էապես վնասում էր նախևառաջ Հայաստանի պետական ու ազգային շահերին։ Իսկ իրականում Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի բարձրաձայնել իր անհասցե մոտեցումը։ Ովքե՞ր են կիսում Հայաստանի դիրքորոշումը, կամ ավելի ճիշտ հիշում Հայաստանի շրջափակման մասին։ Եվրոպական մի քանի՞առաջնորդ ու քաղաքական ուժ է պատրաստ Թուրքիայի իշխանությունների հետ բանակցություններում խոսել այդ խնդրի մասին։ Նախորդ տարիների ընթացքում նման մի քանի դրվագ է եղել ու ոչինչ ավելին։ Մեր ռազմավարական գործընկեր երկրի առաջնորդը, որը սերտ հարաբերություններ է հաստատել իր թուրք գործընկերոջ հետ, քանի՞ անգամ է քննարկել Հայաստանի ապաշրջափակման հարցը։

Այժմ, երբ ամբողջությամբ վերանայվում է դիվանագիտական ծառայության սկզբունքները, հարթակը տրամադրելով բացառապես կադրային դիվանագետներին, ես ուզում եմ հուսալ, որ պետական համակարգը շատ ավելի լավ կզգա, թե ինչ է տեղի ունենում այս կամ այն երկրի քաղաքական կյանքում և այդ ամենը համադրելով՝ կկարողանա նոր, առավել ճկուն ու հեռատես մոտեցումներ մշակել։ Նոր դեսպանները, հատկապես Եվրոպական երկրներում նշանակված, կարող են առավել համակարգված կերպով բացահայտել ու ներկայացնել այն անդառնալի վնասը, որը Թուրքիան հասցրել է ու շարունակում է հասցնել Հայաստանին։ Հայաստանին պահելով շրջափակման մեջ, հրաժարվելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և այդ ամենը մատուցելով, որպես Արցախյան հակամարտության հետ ուղղակիորեն կապ ունեցող գործընթաց՝ Թուրքիան կարողացել է մարսել ու միջազգայինի կազմակերպությունների կողմից արժանանալ նվազագույն քննադատության։ Իսկ դրա պատճառները պետք է մեր քաղաքական հետագծի մեջ փնտրել։ Մեկ այլ խնդիր էր Հայաստանի վարչապետի հետևյալ հայտարարությունը «Հայաստանը հավատարիմ է մնում Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջին, քանի որ այն ոչ թե հայ-թուրքական, այլ ցեղասպանությունների ճանաչման միջազգային սկզբունքի կարգավորման առարկա է»: Կարելի է նկատել շեշտադրման որոշակի փոփոխություն և նմանություն 1990-ական թվականներին Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետ։ Իրականում, Հայոց Ցեղասպանության ճանաչման թիրախը Թուրքիան է, նրա իշխանությունները և թուրքական հասարակությունը, հետևաբար, այն առաջին հերթին հայ-թուրքական հարաբերությունների տիրույթում է։

-Պարոն Տեր-Մաթևոսյան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտին հայտարարեց, որ ավարտին է հասցնում իր նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» և առ ոչինչ է ճանաչում հայ-թուրքական արձանագրությունները: Դրանից հետո խոսակցություններ կային այն մասին, որ հարաբերությունների կարգավորումը նոր «սպիտակ թղթի» վրա պետք է սկսել: Դուք նման թղթի անհրաժեշտություն տեսնու՞մ եք, ինչպե՞ս պետք է այդ թղթի վրա հայկական շահը ներկայացվի:

-Նախ արձանագրենք, որ մարտի 1-ից հետո, երբ Հայաստանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները, պաշտոնական Անկարան այդպես էլ չարձագանքեց այդ քայլին։ Նրանք այդ փաստաթղթին այդպես էլ լուրջ չվերաբերեցին, անգամ Էրդողանը և նրա քաղաքական թիմի ներկայացուցիչներն անցած տարիների ընթացքում Հայաստանին այնպիսի պահանջներ էին ներկայացնում, որոնց Հայաստանն արդեն համաձայնություն էր տվել արձանագրություններում։ Հավատացեք, բավական անհեթեթ իրավիճակ էր ու հիմա էլ պակաս անհեթեթ չէ։ Իսկ ապագա փաստաթղթի մասով կասեմ այն, ինչը մշտապես ասել եմ վերջին տասը տարվա ընթացքում. Հայաստանին և Թուրքիային հարկավոր է նախևառաջ հաստատել դիվանագիտական հարաբերությունները, կարգավորել երկկողմ հարաբերությունները։ Ոչ մի պարագայում չկրկնել 2009 թ. արձանագրություններում տեղ գտած հիմնական բացթողումը՝ կարգավորման և հաշտեցման գործընթացների մեկտեղումը։ Արձանագրությունները ստորագրելուց հետո Հայաստանը փորձեց հետևել pacta sunt servanda (պայմանագրերը պետք է պահպանվեն) սկզբունքին, իսկ Թուրքիան շատ արագ դե ֆակտո առ ոչինչ հայտարարեց դրանք։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ