Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման ոլորտում
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցեց երկօրյա համաժողովի` նվիրված «Բարձրագույն կրթության համադրելիության և միջազգայնացման խթանում» (PICQA) ծրագրի արդյունքների ամփոփմանը
Պատվիրակության ներկայացուցիչը ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի անունից ողջույնի խոսք հղեց համաժողովի մասնակիցներին, իսկ միջոցառման ավարտին ներկայացավ ամփոփիչ ելույթով:
Համաժողովի ընթացքում ծրագրից իրենց քաղած դասերը և որակի ապահովման փորձն են ներկայացրել հայաստանյան բուհերից Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը և Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը:
PICQA-ն TEMPUS-ի իրականացրած եռամյա ծրագիր է, որը կոչված է Հայաստանում և Վրաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարձրացմանը`զարգացնելով որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները, որոնք ընդունելի ու կիրառելի են ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում:
Ծրագրի իրականացման ընթացքում երկու երկրների բուհերը սերտորեն համագործակցել են, բուհական համակարգերի միջև համագործակցության եզրեր են ստեղծվել, ձևավորվել է վստահության և փոխգործակցության մթնոլորտ: