01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մոր եւ եկեղեցու մեջ անբացատրելի կապ կա. Տաթեւ Մեսրոպյան

     Լրագրող  Տաթեւ Մեսրոպյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Թերեւս, այն բացառիկներից եմ, ով երբեք չի անձնականացրել Մայրության եւ գեղեցկության տոները: Բայց ապրիլի 7-ը իմ ամենասիրած տոնն է: Ըստ իս՝ այդ օրը իմը չէ, այլ Մարիամինը, Մորս ու բոլոր այն Մայրերինը, ովքեր կյանք են տվել ինձ, քեզ ու բոլորիս: 

   Այդ օրը մորս շնորհավորելուց բացի՝ ավանդույթ դարձած մի սովորույթ էլ ունեմ: Եկեղեցի եմ շտապում: Մորս ու եկեղեցու միջեւ միշտ անբացատրելի մի կապ եմ զգացել: Այլ հարց է, թե ինչ: Երկար, տարիներով խորհելուց հետո հենց եկեղեցում էլ գտա հարցիս պատասխանը: Անցյալ տարի եկեղեցում նստած էի, երբ իմ կողքին նստեց մի անծանոթ եւ պատմեց, որ մեկ օր առաջ է ազատվել քրեակատարողական հիմնարկից եւ ուր գնացել է՝ դռները չեն բացել իր առաջ:

      “Միայն մայրս էր ինձ սպասում: Նա ինձ իր գիրկն առնելով եւ իր համբույրով նորից ապրեցրեց: Այդքան փակ դռներից հետո մեկ էլ համոզված էի, որ եկեղեցու դռները չեն փակվի իմ առաջ: Դրա համար էլ այստեղ եմ”,- պատմեց մոր եւ եկեղեցու գրկում տեղ գտած անծանոթը: 
   

Ես էլ էի ձեզ պես զարմացած՝ ինչո՞ւ ինձ մոտեցավ ու այդ ամենը պատմեց, այն էլ՝ այդ օրը: Չգիտեմ: Գուցե եկել էր տարիներով ինձ տանջող հարցի պատասխանը տալու: Հարցիս պատասխանը տվեց ու գնաց: 

   Բայց ես դեռ երկար մնացի եկեղեցում: Մինչեւ անծանոթի՝ ինձ մոտենալը աղոթքիս մեջ Աստծուց ինձ համար ինչ-որ բան էի խնդրում, բայց էլ չշարունակեցի: Հասկացա, որ ինձ հետ կապված բոլոր աղոթքները դեռ մինչեւ իմ լույս աշխարհ գալն են հնչեցվել:

   Մայրս ինձ համար սկսել է աղոթել այն 9 ամիսների ընթացքում, երբ կրել է սրտի տակ, ու դրանից հետո էլ շարունակել է իր ամենօրյա աղոթքները, որ միայն Իրեն ու Աստծուն են հայտնի: Իսկ մայրերը թերեւս այն միակն են, ովքեր մեզ համար ցանկանում են ավելին, քան ինքներս մեզ: 

 
    Այդ օրը հասկացա, որ ես ինձ համար աղոթելու կարիքը չունեմ, քանի որ մայրս ամեն օր է այդ սուրբ գործը կատարում: Այդ օրվանից հետո իմ աղոթքների բովանդակությունն էլ փոխվեց, որը կրկին ինձ եւ Աստծուն է հայտնի: 

   Աշխարհում միայն մոր սրտում այդքան սեր, ըմբռնում, ներում, երազանքներ կան, որքան եկեղեցու: Քանի Մայրերը կան, մենք մեզ համար աղոթելու կարիքը չունենք: Մենք միայն պետք է աղոթենք, որ նրանք, որքան հնարավոր է, երկար լինեն մեր կողքին: Միայն այդ դեպքում մեզ ապահով եւ պաշտպանված կզգանք: 

    Աստծո ամենամեծ պարգեւներից մեկը կնոջը մայրության բերկրանքը պարգեւելն է: Հետո մենք կաղոթենք մեր Մայրերի ու Փոքրիկների համար, մեր Փոքրիկները` մեզ համար, ու միայն այդ դեպքում մեկս մյուսով կապրենք երկար ու պաշտպանված…

Հ.Գ. Շնորհավորում եմ բոլոր մայրերին, իսկ ովքեր դեռ չեն մայրացել, ցանկանում եմ գտնեն իրենց երկրորդ կեսին եւ Աստծո օրհնությամբ վայելեն մայրության բերկրանքը…”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ