07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Տիգրան Սարգսյանի հրաժարականի ՛՛ֆենոմենը՛՛

Ժառանգություն կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վերլուծել է Տիգրան Սարգսյանի հրաժարական տալու փաստը: Նրա վերլուխությունը՝ ստորև

 

Իմ ամենա, ամենա, ամենաբոց վերլուծականներից: Թարմագույն: Տիգրան Սարգսյանի հրաժարականի «ֆենոմենը»: Մաս 1: Արտաքին քաղաքական ասպեկտ:

«Ահա թե ինչու էր Սերժ Սարգսյանին պետք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը տեղի ունենա ոչ թե փետրվարին, այլև ապրիլին՝ ՀՀԿ համաժողովից հետո, որպեսզի անհերքելի, ծանրակշիռ ու ամենաթարմ ապացույցները ստեղծվեն մայիսին ընդառաջ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցում իրենց հետևողականության ու նվիրվածության վերաբերյալ: Մարտի վերջին ու ապրիլի սկզբին կառավարությունը փոխելու առաջին ու երկրորդ նախագահների միգուցե համաձայնեցված, իսկ միգուցե չհամաձայնեցված գործողությունների պիկին Սերժ Սարգսյանը Կրեմլին առավել տեսանելի է դարձնում, թե ինչպես են նրանք խոչընդոտում Հայաստանի եվրասիական ինտեգրացմանը: Դրանով, Սերժ Սարգսյանը փաստացի ցուցանում է, որ ռուսական քամիներով իր դեմ դուրս բերված երկու նախագահները հենց իրենք են այս ֆորս-մաժորի պատճառն ու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտը: Դա առավել անհերքելի կդառնա, եթե երկու նախագահները կամ նրանց թիմերը անխոհեմաբար վարչապետի հրաժարականը ևս համարեն իրենց հերթական ձեռքբերումը, ինչպես որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն դա արեցին պարտադիր կուտակային բաղադրիչի հարցով ՍԴ որոշումից հետո (դա էլ բավարար է որպես «հանգրվանային իշխանափոխության» գործընթացի մի օղակ):

Այսպիսով, ինչպիսին էլ լինեն Տիգրան Սարգսյանի՝ փակագծեր չբացող հիմնավորումներն իր հրաժարականի վերաբերյալ, դրա տեղի ունենալը հենց այս պահին Սերժ Սարգսյանին թույլ տվեց մի շարք առանցքային խնդիրներ լուծել նախևառաջ արտաքին քաղաքական ճակատում.

1. ֆորս-մաժորով շրջանցել Հայաստանի համար հերթական վտանգավոր վերջնաժամկետը՝ մայիսը, երբ պետք է պատրաստ լիներ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին անդամակցելու մասին միջազգային պայմանագիրը, իսկ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդն էլ պետք է դրան հավանություն տար իր առաջիկա նիստում. ամենայն հավանականությամբ այդ հարցը կհետաձգվի կես տարի, եթե ոչ ավելի ժամկետով՝ մինչև Եվրասիական միության հիշյալ մարմնի հաջորդ նիստը։

2. փարատել բոլոր կասկածները, թե վարչապետը փոխվում է Կրեմլի ճնշմամբ ու այն պատճառով, որ Մոսկվան չի վստահում նախկինում եվրաինտեգրատոր վարչապետին. ՀՀԿ 2-րդ տնտեսական համաժողովում Մոսկվայի ներկայացուցիչներն իրենց գովեստի խոսքերում չափազանց շռայլ գտնվեցին, և դա Տիգրան Սարգսյանի համար խաղաքարտ է: Ավելին, իբրև Կրեմլին հավատարմության նշան, Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանի կառավարությունը անգամ չխուսափեցին Ղրիմի հարցով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի քվեարկության ժամանակ Ռուսաստանի հետ վտանգավոր փոքրամասնության մեջ հայտնվելուց: Դա՝ այն դեպքում, երբ ռուսամետ համարումով և Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող ԲՀԿ-ն կողմ արտահայտվեց «ձեռնպահ» քվեարկելու դիրքորոշմանը, իսկ ՀԱԿ-ը առնվազն հեգնեց Հայաստանի «վատ կամպանիան»։

3. Տիգրան Սարգսյանը այս ժամանակահատվածը լիարժեք օգտագործեց Կրեմլին ցույց տալու իր նվիրվածությունը, բայցև խուսափելով իր քաղաքական կենսագրությունը խարանով ավարտելուց, այն է՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մշակելով, ստորագրելով ու Ազգային ժողովում վավերացնելով: Այժմ Տիգրան Սարգսյանը պաշտոնից հեռանում է իբրև մեկը, ով ջանք ու եռանդ չի խնայել եվրասիական ինտեգրացիան արագացնելու գործում, սակայն հոգով եղել և մնացել է եվրաինտեգրատոր:

4. Անցած ամիսների ընթացքում Սերժ և Տիգրան Սարգսյանների այս վարքագիծը և նվիրվածությունը եվրասիական ինտեգրացմանը, դրա կապակցությամբ վավերագրված ակնառու փաստերը Մոսկվային թույլ չեն տալու անգամ կազմակերպված դավադրություն տեսնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության արագացված ընթացքը կասեցնող ֆորս մաժորի՝ կառավարության պլանավորված հրաժարականը կազմակերպելու մեջ: Ապացույցներ ստեղծվել են ճիշտ հակառակի համար. դրա մեղավոր են հենց Ռոբերտ Քոչարյանը ու Լևոն Տեր-Պետրոսյանը, ովքեր թեպետ խոսքով կողմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, սակայն այն պատկերացնում են ավելի դանդաղ (այդ տեսակետները նույնպես վավերագրված ու հանձնված են թղթին), դրանից զատ՝ գործնականում իրենց քայլերով «վտանգներ ստեղծեցին» «օրինակելի» կառավարության ու եվրասիական ինտեգրացիայի համար:

Թերևս թվարկվածներին պետք է ավելացնել նաև այն, որ այս ֆորսմաժորը Սերժ Սարգսյանին օգնում է խուսափել նաև առաջիկայում ղարաբաղյան գագաթաժողովից՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից, ինչի նպատակ դրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, և ինչի համաձայնություն երկու նախագահները տվել են Հաագայում (այս մասին տես համանուն շարքը «Հետք»-ում): Անկախ նրանից, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կգնա ԱԳ նախարարի փոփոխության (Ղրիմի հարցով քվեարկության հետ կապված ԱԳՆ դիրքորոշման վաղաժամ արտահոսքը և ապա դրան հակառակ գործելը կամ այլ հանգամանքներ միգուցե նրան դրդեն նաև փոխելու ԱԳ նախարարին), այդուհանդերձ, ժամանակավոր կառավարության հանգամանքը Սերժ Սարգսյանին կօգնի մինչև ամառ նաև դրանից խուսափելու հարցում: Թերևս սա առիթ է նաև ազատվելու ոչ միայն Հայաստանի ներքին, այլև Հայաստանից դուրս, այդ թվում՝ Սիրայի Քեսաբում, Լաթաքիայում կամ Հալեպում անվտանգության սուր խնդիրները կանխատեսելու և լուծելու անունակ կառավարության անդամներից ու առընթեր մարմինների ղեկավարներից (այս առումով հատկապես ԱԱԾ, նաև Սփյուռքի նախարարությունները իրավիճակի պատշաճ զեկուցման կոպտագույն վրիպումներ ունեն, ինչին դեռևս կանդրադառնանք):

Սակայն Սերժ Սարգսյանն ինքը չէր լինի, եթե այսքանի հետ միասին ու արտաքին քաղաքականության ճակատում իր ախոյաններին հուժկու հարված հասցնելուց զատ նրանց համար պատային իրավիճակ չստեղծեր նաև ներքաղաքական հարցերով: Նաև հենց դրա համար էր Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին խնդրել հետաձգելու իր հրաժարականը, «հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ