Պետք չէ ֆինանսների նախարարության բացահայտած խնդիրներն օգտագործել նրան իսկ քննադատելու համար
«Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 2-ին «Պետական «ատկատների» մեխանիզմը» վերտառությամբ հրապարակման մեջ «կոռուպցիոն նոր մեխանիզմ» է բացահայտել և որպես օրինակ բերել ՀՀ ֆինանսների նախարարությունում ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարների «ակնհայտ աճը»: Հոդվածագրի մեջբերած տվյալներով՝ ֆինանսների նախարարությունում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել աշխատակիցների 41,5 %-ը` դրա դիմաց ստանալով համապատասխան նպաստ, իսկ ահա 2013թ. անաշխատունակության թերթիկ ներկայացրել է նախարարության աշխատակիցների 82 %-ը:
Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ, որից օգտվել է հրապարակման հեղինակը, նշվել է, որ ֆինանսների նախարարությունում 2011թ.-ին ժամանակավոր անաշխատունակության թերթիկների քանակը (և ոչ թե հիվանդ աշխատողների քանակը) կազմել է 263, 2012 թ.-ին ՝ 334, 2013թ.-ին՝ 553 հատ: Թերթիկների քանակը համադրվել է նախարարության այդ տարիների աշխատակիցների թվաքանակի հետ, արդյունքում՝ ստացվել վերը նշված տոկոսը:
Կարծում ենք, որ ամբողջ տարվա թերթիկների քանակը համեմատել աշխատակիցների թվաքանակի հետ և դրանից հետևություններ անել այն մասին, թե ամբողջ անձնակազմը հիվանդ է կամ հաճախ հիվանդանում է, պարզապես կոռեկտ չէ:
Կոնկրետ ՀՀ ֆինանսների նախարարությանն առնչվող մասում բերված տեղեկատվությունը չի արտացոլում իրականությունը: Պետք է նշել, որ 2011 թ. նշված թերթիկների քանակն իսկապես եղել է 263, իսկ 2012 թ.՝ 334: Իսկ ահա 2013 թ. թերթիկների քանակը կազմել է ոչ թե 553, այլ 329 հատ:
Այսպիսով՝ այն, ինչ ներկայացնում են լրատվամիջոցները որպես սենսացիա կամ «կոռուպցիոն բացահայտում», մասնագիտական առումով պարզապես թերի աշխատանքի արդյունք է:
Հարկ է նաև առանձնացնել ՎՊ տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած ևս մեկ կետ. Ֆինանսների նախարարության ժամանակավոր անաշխատունակության նպաստների ընդհանուր գումարը 2012թ.-ին եղել է 21 մլն 568 հազար դրամ, իսկ 2013թ.-ին, չնայած թերթիկների «ակնհայտ աճին», նույն նպատակով տրամադրված գումարը նվազել է՝ կազմելով 20 մլն 346 հազար դրամ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ թերթիկների քանակը չէր կարող աճել ու 334-ից հասնել 553-ի, իսկ դրանց դիմաց տրվող գումարները՝ նվազեն:
Միևնույն ժամանակ նպաստների գումարների աճ է նկատվել 2011-2012 թթ. ընթացքում, ինչը մասնագիտորեն կրկին բացատրելի է: 2011-2012թթ. օրենսդրության մեջ եղել է փոփոխություն, որով վերանայվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգը և վերացվել նպաստի չափը սահմանափակելու՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափ սահմանելու նորմը:
Եվ, վերջիվերջո, տարեկան 329 անաշխատունակության թերթիկը նշանակում է, որ ֆինանսների նախարարությունում մեկ ամսվա ընթացքում թերթիկը (բյուլետենը) միջինում ներկայացնում է 27 աշխատակից: Արդյո±ք սա մեծ թիվ է 674 աշխատակից ունեցող աշխատակազմի համար:
Այդուհանդերձ, ֆինանսների նախարարությունը փաստում է, որ ոլորտում առկա են մտահոգող խնդիրներ: Եվ այդ խնդիրների մասին առաջինը բարձրաձայնել է հենց նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը: Դեռևս 2013 թ. Ֆինանսական վերահսկողության տեսչությունը ուսումնասիրություններ է կատարել այս ոլորտում: Իսկ 2014 թ. սկզբին ֆինանսական վերահսկողության տեսչության պետը ներկայացրել է հրապարակային հաշվետվություն ոլորտում բացահայատված խնդիրների մասին: Տեսչությունն ուսումնասիրություններ է կատարել ինչպես ֆինանսների նախարարությունում, պետական եկամուտների կոմիտեում, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում, այնպես էլ այլ գործատուների գծով (որտեղ եղել են նպաստների աճ) և փաստել, որ կոնկրետ նշված գերատեսչություններում աճը կրում է զուտ տեխնիկական բնույթ: Միևնույն ժամանակ արձանագրվել են ռիսկեր պոլիկլինիկաներն ուսումնասիրելու արդյունքում, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը տեսչությունը 2013թ. հոկտեմբերին ուղարկել է գլխավոր դատախազություն՝ լրացուցիչ քննության:
Արդեն հերթական անգամ ցավով արձանագրում ենք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այս կամ այն ոլորտում բացահայտված կամ լուծում տրված խնդիրներն (օրինակ՝ քաղաքաշինության ոլորտում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ու ապրանքների գնագոյացման խնդիրները, սոցիալական ապահովության ոլորտում բացահայտված՝ կենսաթոշակների ու նպաստների վճարման խախտումներն ու թերացումները և այլն) օգտագործվում են նույն այդ կառավարությանը քննադատելու նպատակով: Կարծում ենք, որ նման մոտեցումը վերանայման կարիք ունի:
Հ.Գ. ԿիցներկայացնումենքՀՀֆինանսներինախարարությանվերահսկողությանտեսչությանպատրաստածտեղեկանքնանաշխատունակությանթերթիկներիհիմանվրատրվածնպաստներիմասին՝ մասնագիտականշրջանակներիհամար:
Տեղեկանք
Որպեսզի հասկանանք՝ ինչու են արձանագրվել ֆինանսների նախարարության հրապարակած թվերի և ՎՊ-ի կողմից բերված թվերի մեջ տարբերությունները, անհրաժեշտ ենք համարում նախ պարզաբանել, թե ինչ կարգով են ժամանակավոր անաշխատունակության թերթիկները հաշվառվում ու ներկայացվում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, իսկ հետագայում էլ՝ նպաստները վճարվում:
Համաձայն գործող կարգի՝ աշխատակցի հիվանդության դեպքում առաջին օրը չի վճարվում, 2-րդ և 3-րդ օրերի համար վճարում է գործատուն, իսկ 4-րդ և հաջորդ օրերի համար՝ պետությունը՝ որպես պետական նպաստ:Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների մասին հաշվետվությունը յուրաքանչյուր ամիս բոլոր գործատուները ներկայացնում են ՊԵԿ: 2011 թ.-ին և 2012 թ.–ին հաշվետվության ձևը ենթադրում էր, որ բոլոր գործատուները, այդ թվում նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը, պետք է տեղեկատվություն ներկայացնեին միայն ժամանակավոր անաշխատունակության այն թերթիկների մասին, որոնք հիմք են պետական բյուջեից վճարման համար. այսինքն, այն դեպքերի համար, երբ բացակայությունը 4 և ավելի օր է ձգվել: Եվ, փոխարենը, ՊԵԿ չէր ներկայացվում տեղեկատվություն ժամանակավոր անաշխատունակության այն թերթիկների վերաբերյալ, որոնք տրվել են ավելի քիչ՝ 2 կամ 3 օրերի համար:
2013թ.-ին հաշվետվության այդ ձևը (եկամտային հարկի հաշվետվության նոր ձևի հետ միասին) փոփոխության է ենթարկվել: Նոր կարգով, ի թիվս պետության կողմից վճարվող գումարների, ներկայացվում են նաև գործատուի կողմից վճարվող նպաստները: Արդյունքում՝ ՎՊ-ն համեմատել է 2013 թ.-ի մի թվաքանակը, որն իր մեջ ներառել է նաև գործատուի կողմից կատարվող վճարները, 2011 և 2012 թթ.-ների մեկ այլ՝ ոչ համադրելի թվաքանակի հետ:
Սակայն, այսքանով չեն սահմանափակվում ներկայացված թվերի տարբերությունները: Չէր կարելի անտեսել այն հանգամանքը, որ նախորդ տարի տեղի է ունեցել ևս մեկ փոփոխություն. եկամտային հարկի ներդրմամբ պայմանավորված՝ 2013թ. մարտին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 144-Ն որոշումը՝ ժամանակավոր անաշխատունակության թերթիկների հիմքով տրամադրվող նպաստները այլ կարգով հաշվարկվելու մասին: Մարտ ամսին ընդունված որոշման նորմերը, ըստ ամրագրված ժամկետների, տարածվել են հունվարի մեկից հաշվարկվող նպաստների վրա: Բոլոր գործատուները մարտ և ապրիլ ամիսներին ՊԵԿ ներկայացրել են հաշվետվություններ, որտեղ ներառվել են նաև հունվար, փետրվարևմարտ ամիսների տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկների մասին տեղեկատվության վերահաշվարկները: Տեխնիկապես այդ հաշվետվություններում զուտ կրկնահաշվարկ է ներկայացվել հունվար, փետրվար ամիսների համար, ինչով պայմանավորված էլ թերթիկների թվաքանակն այդ չափով ավելացել է: