Հասկանում եմ, որ Փաշինյանն ունի շատ մեծ հեղինակություն, բայց դատավորներին պիտակավորելը վտանգավոր հետևանքներ կարող է առաջացնել
Վերաքննիչ դատարանը ժամը 17.00-ին կշարունակի ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը:
Ընդմիջմանը Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պաշտպանական կողմից կար երկու բողոք, որից մեկը ստորագրել էին պաշտպաններից երեքը, իսկ մյուսը՝ միայն ինքը: Մինչ այդ պահը երեք պաշտպանների Վերաքննիչ բողոքը 4,5 ժամ ներկայացվել է, և ընդմիջումից հետո էլ կներկայացնի Ալումյանն իր բողոքը:
Ըստ դատարանի սահմանած կարգի՝ բողոքները ներկայացնելուց հետո դատախազների առարկությունները կլսեն, ուստի, ըստ նրա, այսօր որոշում դժվար թե հասցնի հրապարակել: Հայկ Ալումյանը ներկայացրեց Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ իրենց բողոքը համառոտ, ինչպես նաև, ըստ նրա, նոր երևան եկած հանգամանքի դեմ են բողոք ներկայացրել:
«Ընդհանուր առմամբ բողոքն այն է, որ որպեսզի դատարանն իրավունք ունենար Քոչարյանին կալանավորել, նախ պետք է ապացուցված համարեր, որ Քոչարյանն այս գործով չպետք է օգտվի անձեռնմխելիությունից, այսինքն, եթե չապացուցվեր, մնացածը չէր էլ քննարկվելու»,-ասաց նա և շարունակեց, որ եթե նույնիսկ ապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, ապա պետք է քննարկեր՝ արդյոք հիմնավոր կասկած կար՝ Քոչարյանը կատարել է այն, ինչ իրեն վերագրվել է, թե ոչ, և եթե չկա, ուրեմն, փաստաբանի կարծիքով, ոչինչ չի քննարկվում, ուրեմն և պետք է բաց թողնվի:
«Դրանից հետո էլ պետք է քննարկվի, որ եթե ազատության մեջ մտնի գործի քննության ընթացքում, հնարավոր է թաքնվի քննությունից կամ խոչընդոտի: Այդ ամեն ինչը Առաջին ատյանը հաշվի չի առել»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ նրա, երբ բոլորը լսեցին ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցը, պարզ էր իրենց համար, որ դրա տակ ինչ է եղել իրականում: «Այսինքն՝ հանկարծ պարզվեց, որ առաջին ատյանի դատարանն իր որոշումը կայացրել է որոշակի ճնշումների տակ, և Առաջին ատյանի դատարանը, երբ կալանավորելու մասին միջնորդություն է եղել, և լսում ենք ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցը, հեռախոսային խոսակցությունը, ստացվում է, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ թե օրենքով նախատեսված նպատակներից ելնելով, անձի փախուստ և այլն, այլ պարզվում է՝ միջնորդությունը եղել է կալանավորելու համար, որպեսզի անձանց ստիպեն ցուցմունք տալ»,-ասաց նա:
Ալումյանը նշեց, որ թեև նոր հանգամանքը գաղտնալսումն են ասում, բայց ինքը ասում է հեռախոսային զրույց, քանի որ պետական երկու պաշտոնատար անձինք, երբ իրենց մասնագիտական խնդիրների շուրջ են խոսում, դա անձնական կյանքի հետ ընդհանարապես կապ չունի, չի պաշտպանվում այն նորմերով: «Այս խնդիրը դրա համար մենք չենք կիսում, որ ձայնագրությունը եղել է ապօրինի»,-ասաց նա:
Իսկ թե Քոչարյանը պատրաստվում է հայտարարությամբ կամ ելույթով հանդես գալ դատարանում, Ալումյանը նշեց, որ ինքը չի կարող ասել, բայց տեսնում է, որ ցանկություն կա:
Ի դեպ, Ալումյանը հայտարարեց, որ դատարանների վրա ճնշում նկատում է: «Վերջին շրջանում դատարանների նկատմամբ ճնշումները ակնհայտ են, չի կարելի մարդկանց մոտ թշնամանք առաջացնել դատավորների նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ նման համոզման է եկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններից ելնելով, որոնք վերաբերվել են նաև այս գործին:
«Ճնշումները, այնպես չի, որ Բաղրամյան 26-ից զանգահարեն, առաջ նման ճնշումներ կար, և մենք շատ դեմ էինք, երևի եթե պատճառ ունեցել եք հետևել իմ հայտարարություններին, ես կոպիտ գնահատական եմ տվել դրանց: Բայց հիմիկվա ճնշումներն աննախադեպ են, դրանք դրսևորվում են դատավորներին պիտակավորելով: Ես հասկանում եմ, որ վարչապետի պաշտոնակատարն ունի շատ մեծ հեղինակություն, ուրախ եմ դրա համար, բայց երբ որ բնակչության գերակշիռ մեծամասնությունն իրեն հավատում է, առավել ևս դատավորներին պիտակավորելու շատ վտանգավոր հետևանքներ կարող է առաջացնել»,-ասաց նա:
Հայկ Ալումյանը նշեց, որ իհարկե այս տեսակի ճնշումն ի տարբերություն նրան, երբ Բաղրամյան 26-ից զանգում էին, տեսակով շատ է տարբերվում: «Կարծում եմ` այս տեսակի ճնշումը շատ ավելի վտանգավոր է իր բնույթով, որովհետև հասարակության մեջ ատելություն է առաջանում այն դատավորի մոտ, ով համարձակվեց օրենքը կիրառել ու Քոչարյանին ազատ արձակել:
Եթե վարչապետը հստակ իր դիրքորոշումը արտահայտում է, որ դատավորը սխալ է արել, և ատելություն է առաջացնում դատավորի նկատմամբ, հասարակության քոմենթերը տեսել եք, սա վտանագվոր ձև է: Ոչ մի դատավոր չի կարող ապահովագրված զգալ, որ եթե գործադիր իշխանության որևէ դատական ակտ դուր չգա, գործադիր իշխանությունը ինչպես ժողովրդին հանեց տարավ ԱԺ-ն պաշարելու, մի օր էլ չի բերի դատարանը պաշարելու: Այդ մոտեցումները վտանգավոր են դատական համակարգի համար»,-ասաց նա: